«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2008-02-01 | #20, 2008-02-02 | #21, 2008-02-05


ԲԸՐՆՍԻ ԸՆԹՐԻՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շոտլանդացի բանաստեղծ Բըրնսի մասին ասում են, որ սիրել է կյանքը, պոեզիան, երաժշտությունն ու ընկերներին: Նրան համարում են արտառոց մարդ: Սակայն արդեն շուրջ 200 տարի աշխարհում լայն տարածում գտած օրինաչափ մի երեւույթ կապված է հենց նրա անվան ու հիշատակի հետՙ Բըրնսի ընթրիքը: Այն հազարավոր մասնակիցներ է ունենում աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքն այդ շոտլանդական երաժշտությունն ու պարերը վայելելու, շոտլանդական յուրահատուկ հագիս ճաշատեսակը համտեսելու հնարավորություն է, որ տրվում է տարբեր երկրներում Բրիտանիայի դեսպանությունների կողմից: Սակայն ընթրիքը չի սահմանափակվում զուտ երաժշտություն, պար, պոեզիա, ճաշատեսակ վայելելու շրջանակում եւ ներառում է նաեւ բարեգործական նպատակներ ու դրանց լուծման գործուն քայլեր: Ավանդական ընթրիքի կարեւորագույն բաղադրիչներն են բարեգործական դրամահավաք-աճուրդն ու լոտո խաղարկությունը: Այս տարի էլ փետրվարի երկուսին Հայաստանում ընթրիքը կայացավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում հարյուրավոր մասնակիցներով ու Շոտլանդիայից հատուկ հրավիրված պարկապզուկահարի կատարումների ներքո:

Նույն միջոցառմանը նախորդ տարի հավաքվել է 25 հազար ԱՄՆ դոլարՙ խաղարկության եւ միջոցառման տոմսերի վաճառքից: Այդ միջոցներով Թալինի հիվանդանոցի համար ձեռք են բերվել նորածնի վերակենդանացման եւ հարակից սարքեր, խաղասենյակ է կահավորվել ծնողազուրկ երեխաների համար Երեւանում եւ մայրաքաղաքի ու հարակից մանկատների երեխաների համար էքսկուրսիաներ են կազմակերպվել:

Այս տարի հանգանակված գումարն ու ծրագրերը վերջնականապես հաշված ու որոշված չեն դեռեւս, բայց այս տարի էլ նախորդից պակաս չի լինելու անելիքը:

Հ.Գ. Ուրախ եւ դասական ընթրիքի միջավայրն իրոք համապատասխանում է նպատակին, բայց դա կմնար միմիայն մասնակիցների շրջանակում առանց լրատվամիջոցների լուսաբանման, որոնք ի դեպ իրենց էջերում եւ եթերում տեղ ու ժամանակ տրամադրելով, արդեն իսկ տրամադրում են տոմսի արժեքից շատ ավելին եւ հարկ է, որ կազմակերպիչները նկատի առնեն նրանց ներկայությունը Բըրնսի երեկոյի ոչ միայն պաշտոնական մասին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4