«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2008-02-01 | #20, 2008-02-02 | #21, 2008-02-05


ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

Մալթայում չորս հավաքականների մասնակցությամբ միջազգային մրցաշար է անցկացվում, որոնց թվում է նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի համար նորամուտն ազգային հավաքականում նշանավորվեց հաղթանակով: Նշենք, որ օտարերկրացի մարզիչներից միայն Միխայ Ստոյկիցան էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշել, այն էլ ընտրական մրցախաղում (Հս. Իռլանդիաՙ 1-0):

Փետրվարի 2-ին ՀՀ հավաքականը Մալթայի մրցաշարի մեկնարկային խաղում ուժերը չափեց տանտերերի հետ: Հանդիպման ելքը վճռեց փոխարինման մտած Արա Հակոբյանի 69-րդ րոպեին խփած միակ գոլը: Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ դա երկու երկրների հավաքականների միջեւ մինչ օրս կայացած 3-րդ հանդիպումն էր: Բոլոր խաղերն էլ միեւնույն 1-0 հաշվով շահել են հայ ֆուտբոլիստները: Դրանցից առաջինը կայացել է 1994-ի հուլիսի 16-ին, Երեւանում: Ընկերական այդ խաղում մեր թիմին հաղթանակ պարգեւեց 64-րդ րոպեին Արսեն Ավետիսյանի խփած միակ գոլը, որն առաջինն էր Հայաստանի հավաքականի պատմությունում: Հաջորդ հանդիպումը կայացել է անցած տարվա սեպտեմբերի 12-ին: Լա Վալետայում տեղի ունեցած մրցավեճի ելքը վճռեց 26-րդ րոպեին Արթուր Ոսկանյանի խփած միակ գնդակը:

Մալթայի հավաքականի հետ խաղում Հայաստանի ընտրանին հանդես է եկել հետեւյալ կազմով. Մայիս Ազիզյան, Կարեն Դոխոյան, Ռոբերտ Արզումանյան, Ալեքսանդր Թադեւոսյան (Հենրիխ Մխիթարյան, 75), Աղվան Մկրտչյան, Արարատ Առաքելյան (Կարեն Ալեքսանյան, 66), Արթուր Ոսկանյան, Վահագն Մինասյան, Լեւոն Փաչաջյան (Կառլեն Մկրտչյան, 86), Գեւորգ Ղազարյան (Արա Հակոբյան, 60), Սամվել Մելքոնյան (Նորայր Սահակյան, 84):

Մեկնարկային տուրի մյուս խաղում Բելառուսի հավաքականը 2-0 հաշվով պարտության մատնեց Իսլանդիայի ընտրանուն: Հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռոման Վասիլյուկը, իսկ ընդմիջումից անմիջապես հետո Պավել Պլասկոննին 2-րդ գոլը խփեց:

Երեկ կայացավ մրցաշարի 2-րդ տուրը: Մրցեցին մրցաշարի առաջատարներ Հայաստանի եւ Բելառուսի հավաքականները, որոնց մրցավեճի ելքը սկզբունքային նշանակություն ուներ առաջին տեղի որոշման հարցում: Հայ ֆուտբոլիստները գերազանց խաղացին եւ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: Հինգերորդ րոպեին հաշիվը բացեց Բելառուսի Վյաչեսլավ Գլեբը, 18-րդ րոպեին Արարատ Առաքելյանը վերականգնեց հավասարակշռությունը: 76-րդ րոպեին ՀՀ հավաքականը հաշվի մեջ առաջ անցավ: Եվ կրկին հաղթական գոլը իր օգտին գրանցեց Արա Հակոբյանը: Մեր հավաքականը 6 միավորով դարձավ մրցաշարի առաջատար: Վաղը մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստները կմրցեն իսլանդացիների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4