Միացյալ Նահանգների քաղաքացիներն արտասահմանում գտնվելիս ընտրելու հնարավորություն չեն ունենում, բայց երկրի դիվանագետները չեն զրկվում այդ իրավունքից: Մինչդեռ Հայաստանի դիվանագիտական կորպուսն էլ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ զրկված է ընտրելու իրավունքից: «Հայաստանի դեպքում սա նաեւ բարոյական խնդիր է, ի վերջո երկրի քաղաքացիների զգալի մասն ապրում եւ աշխատում է արտերկրում, ներսում ապրողներին էլ պահում», երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, որն այդ իրավունքի վերականգնման համար դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ն նրա դիմումը մերժել է: Սակայն դա, նախագահի թեկնածուի կարծիքով, ավարտը չէ: Արման Մելիքյանը գտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանն էլ դեռ անելիք ունի. «Սա խնդրի շահարկում չէ, հարցի քաղաքականացման փորձ չէ, այլ արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը վերականգնելու հնարավորություն»: Այն օգտագործելու ճանապարհը, նախագահի թեկնածուի տեսանկյունից, կարող է լինել նաեւ գործընթացի սկիզբը, այլապես ընտրությունները վիճարկելի կլինեն Արման Մելիքյանի համար:
Այնուամենայնիվ նա նպատակ ունի երկակի չափանիշների ավարտ դնել Հայաստանում եւ այսօր արդեն բացառում է իր թեկնածությունը վաղաժամ հանելու հնարավորությունը: Գալիքՙ 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունն էլ կօգտագործի, եթե տեսնի որեւէ քաղաքական ուժ, որն առաջ կքաշի իր մոտեցումներին համահունչ ծրագիր: Բայց այդ դեպքում Արման Մելիքյանը կկանգնի այդ ուժի կողքին, քանի որ առաջադրվելն ինքնանպատակ չէ իր համար:
Այս նախագահական ընտրություններում ո՞ւմ կողքին է իրեն տեսնումՙ Արման Մելիքյանը պատասխանեց. «Թող գա երկրորդ փուլը, կտեսնենք, թե ով ում կողքին կկանգնի»: ՀՀ նախագահի թեկնածուի կարծիքով, առկա բեւեռացումն առավել տղայական է, քան գաղափարական. «Իրական քաղաքական ուժերը կարող են գալ համաձայնության եւ կանխել կեղծիքների իրականացումը եւ ոչ թե հետո առնչվել կեղծիքների փաստին»:
Ն. Պ.