«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2008-02-02 | #21, 2008-02-05 | #22, 2008-02-06


ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿՊԱՐԶՎԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՕԵԿ-ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը

Լեւոն Տեր-Պետրոսյան-Արթուր Բաղդասարյան-«Ժառանգություն» միավորման մասին փոխադարձ հայտարարություններն ու ակնարկները, որ արդեն իսկ երեք ուժերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում են հայտնվում հրապարակներում, իրենց լուծումը կստանան շաբաթավերջին: Երեկ այս մասին «Հայացք» ակումբում հայտարարեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Ժառանգության» նախօրեի հայտարարությանն անդրադառնալով, որով ժառանգականներն ասել էին, թե իրենց անունից որեւէ մեկը հիմք չունի հայտարարություններ անելու, Արման Մուսինյանը նշեց, որ տարակարծիք հայտարարությունները նորմալ են, քանի որ ընդդիմության դաշտում այժմ նորմալ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Հիմքերի բացակայության մասին «Ժառանգության» երեկվա հայտարարությունը, նրա խոսքով, նորմալ է եւ մնում է գործընթացի տրամաբանության մեջ. «Կարեւորը դրա արդյունքն է»: Նա նաեւ ասաց, որ չի բացառվում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի միացումը իրենց շարժմանը. «Լուրջ հիմքեր կան»:

Իրենց թիմի քարոզչությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի պատասխանատուն լավ գնահատեց, ավելին` նշեց, որ իրենք լավ ընդունելություն են գտել Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, «շատ լավ դիրքեր ունենք նաեւ Երեւանում»: Այլ բան, որ իշխանությունները, Մուսինյանի գնահատմամբ, ամեն կերպ խոչընդոտում են իրենց թեկնածուի քարոզարշավին: Ակումբի հյուրը համոզված է, որ իրենց համար իշխանությունների ստեղծած խոչընդոտներն էական չեն եւ 2 շաբաթից իրենց թեկնածուն եւ թիմը կամրագրեն այն, ինչի մասին նշում էին: Ի դեպ, տուգանային հրապարակ տարված Խաչատուր Սուքիասյանի մեքենան վերադարձվել է:

Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Սերժ Սարգսյանի թեկնածությունը չեղյալ հայտարարելու պահանջով, որովհետեւ նրա քարոզարշավը խախտումներով է ընթանում: Արման Մուսինյանի խոսքով, այդ տեղեկություններն իրենք նաեւ դիտորդներին են տրամադրել, իսկ ԿԸՀ-ի բացասական պատասխանի դեպքում դիմելու են դատարան` ԿԸՀ-ի անգործության մասին հայցով:

Ավելի վաղ, երբ Մուսինյանը դեռ Լեւոն տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը չէր, «Արմենիա» հեռուստաընկերության եթերից հայտարարել էր, թե ազատագրված 5 շրջանները միակողմանիորեն պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ մնացածի շուրջն արդեն պետք է բանակցել: «Ազգի» հարցին, թե այժմ, երբ նա արդեն մամուլի խոսնակ է, նրա տեսակետում փոփոխություն եղե՞լ են, թե ոչ: Արման Մուսինյանը պատասխանեց, որ ինքն ասել է, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման այն ծրագրով խաղաղությունը երաշխավորող անվտանգության գոտի ունենալու դեպքում է խոսվել 5 տարածքների վերադարձի մասին: «Միայն խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կարող են այդ 5 շրջանները Ադրբեջանին վերադարձվել` երաշխավորված խաղաղության դեպքում, անվտանգության գոտի ունենալու դեպքում» հավելեց մամուլի խոսնակը:

Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը իր օրոք կատարված սպանությունները բացահայտել չկարողանալու դեպքում ինչպե՞ս է այժմ հայտարարում, թե գալու է այս իշխանությունների ժամանակ կատարված սպանությունները բացահայտելու, Մուսինյանը նախ պատասխանեց, որ այս իշխանությունները 10 տարի ունեին այդ սպանությունները բացահայտելու համար, թող անեին: Հետո էլ, թե հոկտեմբերի 27-ի գործի թե՛ նախաքննական, թե՛ դատավարական հատվածներն ընթացել են օրենքի կոպիտ խախտումներով, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս է հենց այդ խախտումները վերացնելու: Առաջին նախագահի շտաբի մամուլի պատասխանատուն այն կարծիքին է, որ այսօրվա իշխանությունը բովանդակազուրկ է, իսկ առաջին նախագահի տարիներին` չնայած թերություններին, քաղաքական իշխանություն կար:

Արման Մուսինյանը շտկեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Չարենցավանում ոչ թե ասել է, որ 10 տարի հետո Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը բոմժ կդառնան, այլ վերջիններս բոմժ կդառնան այս իշխանությունների մնալու դեպքում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի մասին Արման Մուսինյանը հասարակությանը խորհուրդ տվեց չանհանգստանալ: Նրա խոսքով, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած են այն քաղաքական ուժերը, որոնք սատարում են թեկնածուին, եւ «պարտադիր չէ, որ նրա իշխանության դեպքում աշխատող մասնագետները նախագահին ուղեկցեն, ասենք, Գեղարքունիք»:

Ընտրությունների երկրորդ փուլ` Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի մասնակցությամբ, Արման Մուսինյանը բացառեց, իսկ առաջին փուլ էլ Սերժ Սարգսյանի հաղթանակով տարբերակին արձագանքելիս նշեց, որ «ստիպված է հուսահատեցնել նրան, նման բան չի լինի»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4