Երկու երկրների վարչապետների կարծիքով, դրանք մինչեւ 1 մլրդ դոլարի հասցնելու ներուժ կա
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վիկտոր Զուբկովը եւ նրա Հայաստանի գործընկեր Սերժ Սարգսյանը երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել, ներկայացնելու բանակցությունների արդյունքները:
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանի վարչապետի այցելությունը Հայաստան իրՙ մի քանի ամիս առաջ Ռուսաստան կատարած այցի տրամաբանական շարունակությունն է: Այս ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն աճել ենՙ հասնելով գրեթե 700 մլն դոլարի: Սակայն բանակցությունների ընթացքում նշվել է, որ առկա ներուժն ավելի մեծ է եւ հնարավորություն ունենք անցնելու 1 մլրդ դոլարի սահմանը: Ռուսական կապիտալի ներդրումները Հայաստանում արդեն անցել են 1 մլրդ դոլարը: Սերժ Սարգսյանը հայտնեց, որ շեշտվել է տրանսպորտային հարցի կարեւորությունը, ինչի լուծմանը կարող է նպաստել «Հայկական երկաթուղու» կառավարման հանձնելը «Ռուսական երկաթուղուն»: Ըստ Հայաստանի վարչապետի, դա կարեւոր նշանակություն կունենա առեւտրաշրջանառության ծավալների ավելացման համար: Մասնավորապես, ըստ Սերժ Սարգսյանի, 2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում կատարվելիք շինարարության ժամանակ Հայաստանը կարող է արտահանել շինանյութերՙ ցեմենտ, խիճ եւ այլն:
Վիկտոր Զուբկովը արդյունավետ բնութագրեց բանակցությունները եւ տեղեկացրեց, որ պայմանագրեր կնքվեցին երկկողմ առեւտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ուրանի մշակման միջազգային կենտրոնին Հայաստանի մասնակցության մասին:
Ռուսաստանի Դաշնության վարչապետը նույնպես համամիտ էր այն տեսակետին, որ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալները կարող են գերազանցել 1 մլրդ դոլարը: Ինչ վերաբերում է ռուսական ներդրումներին, ապա Վիկտոր Զուբկովը հիշատակեց ատոմային էներգետիկայում, հեռահաղորդակցության ոլորտում կատարված ներդրումները եւ հատուկ առանձնացրեց վերջին ոլորտում առաջիկա ծրագրերը:
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին հանձնված հայկական ձեռնարկությունների գործարկման վերաբերյալ, Վիկտոր Զուբկովը պատասխանեց, որ այդՙ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունները ներկայումս վերակազմավորվում են մեկ ընկերության: Այդ գործընթացի ավարտից հետո այդ ընկերության գործարկման մեջ պետք է ներգրավվի մասնավորը:
Ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկը հարց ուղղեց, թե ինչպիսի՞ն է Հայաստանի վարչապետը տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հեռանկարը, նկատի ունենալով, որ երկու երկրներում էլ նախագահական ընտրություններ են սպասվում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարաբերությունները ոչ միայն հարուստ պատմություն եւ լավ ներկա ունեն, այլեւ լավ հեռանկարներ: «Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ հազարավոր թելերով, Հայաստանին շահավետ է ընկերություն անել Ռուսաստանի հետ, ռուսական կապիտալն իրեն լավ է զգում Հայաստանում: Այնպես որ, տեղին չէ անգամ խոսել ինչ-որ այլ հարաբերությունների մասին», եզրափակեց Սերժ Սարգսյանը: