«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2008-02-05 | #22, 2008-02-06 | #23, 2008-02-07


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԿԵՐՆԵՐ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ

Բայց ԵՄ-ն փակում է հայկական ԱԷԿ-ը եւ ցանկանում ադրբեջանական գազի հոսք Եվրոպա

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Մեր ընկերները պետք է նաեւ դառնան միմյանց ընկերներ», երեկ Երեւանում արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ԵՄ նախագահող երկիր Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը:

Փետրվարի 4-6-ը Եվրոմիության նախարարական եռյակի տարածաշրջանային այցելությունը երեկ ավարտվեց Երեւանում: Ողջունելով ԵՄ պատվիրակությանը, նախարար Օսկանյանը նախՙ կարեւորեց նախորդ օրը Հայաստանում Եվրոհանձնաժողովի լիարժեք պատվիրակության բացումը, նաեւ եվրոպական նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ուժի մեջ մտնելը` որպես ԵՄ հետ հարաբերությունների խորացման հնարավորություն նաեւ ինտեգրացիոն գործընթացներ սկսելու հեռանկարով:

Օսկանյանը տեղեկացրեց, որ Եմ պատվիրակության հետ քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող, նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Հանդիպման ու քննարկումների Վարդան Օսկանյանի գնահատականը գոհունակությունն էր:

Դմիտրի Ռուպելի խոսքերով, Հարավային Կովկասում ընդհանրական է մոտենում գործողությունների ծրագրերին, որի հիմնական ուղերձն էլ հենց ԵՄ ընկերների միմյանց ընկերանալուն աջակցությունն է: Ընդ որում, Ռուպելը, նկատի ունենալով նախընտրական շրջանը, ԵՄ աջակցությունը հայտնեց նաեւ լրատվամիջոցներին:

Առանձին Ռուպելը ընդգծեց, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք որոշ առումով մնում են «փակուղու առաջ», սահմաններն էլ փակ են: Ամեն դեպքում, Եվրոմիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Ռուպելը նշեց, թե դիվանագիտական հարաբերությունների վերականգնման իրական հնարավորություն է տեսնում, ինչին հասնելու համար պետք է գործի դնել դիվանագիտական բոլոր խողովակները եւ երկու կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել:

ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներն իր խոսքում հիշատակեց դեռեւս երկու տարի առաջ կատարած այցելությունը Հայաստան, երբ դեռ ձեւակերպված չէր նոր հարեւանության քաղաքականության Հայաստանի հետ գործողությունների ծրագիրը: Ֆերերո-Վալդները դրական գնահատեց Հայաստանի` գործողությունների ծրագիրն առաջընթացի հնարավորություն դիտարկելու մոտեցումը:

Անդրադառնալով ընտրական իրավիճակին` ԵՄ հանձնակատարը ընդգծեց, որ Հայաստանում պետք է անցկացվեն մրցակցային, արդար եւ ազատ ընտրություններ: Ընդ որում, Եվրոմիությունն, ըստ տիկին Բենիտայի, հույս ունի, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն ավելի լավ, քան խորհրդարանականը, որը եվրոդիտորդների գնահատականով լայնորեն համապատասխանել էր ժողովրդավարական ստանդարտներին:

Ինչ վերաբերում է հարավկովկասյան երեք երկրներում էլ նախագահական ընտրություններից ակնկալիքներին, ապա Դմիտրի Ռուպելը չի էլ մտածում, թե Հարավային Կովկասը մեկ օրում կփոխվի: Այնպես որ, ընտրական գործընթացում հաղթողները, ցանկալի է, որ ներկայացնեն իրենց հասարակությունները:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հայկական ատոմակայանի առնչությամբ ԵՄ դիրքորոշմամբ` նկատի ունենալով նաեւ Եվրոմիության կողմից էներգետիկ հարցերի կարեւորումը Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բենիտա Ֆերերո-Վալդները պատասխանեց, որ Եվրոմիությունը առաջընթաց է տեսնում հարավկովկասյան երեք երկրներում էլ, որոնք երեքն էլ եվրոպական նոր հարեւանության քաղաքականության անդամ են, բայց յուրաքանչյուր երկրի հետ Եվրոմիությունը տարբեր է աշխատում:

Ամեն դեպքում, Եվրոմիությունն, ըստ Վալդների, Ադրբեջանը կարեւորում է որպես էներգետիկ ռեսուրսներով երկիր, որի` Նաբուկոյի գազատարին միանալու դեպքում Եվրոպան կարող է որոշակի առումով թուլացնել կախվածությունը ռուսական գազից, որն էլ, իր հերթին, չի բավարարում եվրոպական ողջ պահանջարկը:

Ինչ վերաբերում է ԱԷԿ-ին, ապա Եվրոմիությունը շարունակելու է աշխատանքը ատոմակայանի փակման ուղղությամբ: ԵՄ-ի համար կարեւոր է դադարեցնել ԱԷԿ-ի աշխատանքը, քանի որ այն հնացել է, այդ իսկ պատճառով էլ ԵՄ-ը արդեն իսկ 30 մլն եվրո է ներդրել ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ապահովման համար: Ու թեեւ Եվրոմիությունը ներկա դրությամբ չի քննարկել ԱԷԿ-ի փակման հայ-ռուսական համագործակցության հարցը, այնուամենայնիվ, երկկողմ ոչ մի նախագիծ չի ֆինանսավորի:

Պատասխանելով բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ընդգրկմանը վերաբերող հարցին` Դմիտրի Ռուպելը նշեց, որ դա ամենից առաջ ձեւաչափի հարց է: Ամեն դեպքում, ԵՄ նախագահող երկրի ներկայացուցիչը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվորեն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, գործող ձեւաչափի շրջանակներում էլ տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ նախագահների հանդիպումները: Եվ Ռուպելը չի կարծում, թե այդ ձեւաչափում եւս մեկ կողմ ներգրավելը կօգնի հակամարտության լուծմանը:

Բաքու այցելության ժամանակ ԵՄ պատվիրակությունն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տարածաշրջանում Ադրբեջանը` որպես ժողովրդավարության մոդել տեսնելու ցանկություն էր հայտնել: «Ազգը» հետաքրքրվեց, թե բանտարկված եւ հացադուլավոր լրագրողներով Ադրբեջանը որքան է մոտ մոդել լինելուն: ԵՄ նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Ռուպելը հայտարարեց, թե Եվրոմիությունը միշտ բաց է եղել մամուլին իր մոտեցումներում: Տիկին Վալդներն էլ ընդհանրացնելով հավելեց, թե հարավկովկասյան երեք երկրներն առաջընթաց են գրանցել` մեկը քիչ, մյուսը` շատ: Ավելին, ԵՄ հանձնակատարը նույն հաջողությամբ կուզենար ժողովրդավարության մոդել տեսնել Հայաստանը:

«Ազգի» եւս մեկ հարց վերաբերում էր Ադրբեջանի նախագահի վերջերս թարմացված հայտարարությանը` պատերազմի վերսկսման ցանկությամբ: Հարցին, թե ինչպես են ԵՄ ներկայացուցիչները տեսնում նոր հարեւանության քաղաքականության իրականացումը Հարավային Կովկասում, երբ Ադրբեջանը նման կեցվածք է ընդունում, նախ ԵՄ նախագահ Դմիտրի Ռուպելը պատասխանեց, որ Եվրոմիությունը որեւէ հակամարտության ռազմական լուծում չի ընդունում:

Ըստ Ռուպելի, ԵՄ-ն փորձում է օգտագործել ժողովրդավարական սկզբունքները ԼՂ հակամարտության կարգավորման մեջ եւ կողմերի միջեւ փոխադարձ վստահություն հաստատել: Ամեն դեպքում, ի դեմս Վարդան Օսկանյանի, Եվրոմիության ներկայացուցիչները խոսում են այնպիսի քաղաքական գործիչների մասին, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բավականին քաջ քայլեր են կատարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4