«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2008-02-05 | #22, 2008-02-06 | #23, 2008-02-07


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Արտաշատում միջադեպ Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ

Փետրվարի 6-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ մի խումբ խուլիգաններ սկսել են քարեր, սառույցի ու բետոնի կտորներ նետել ինչպես հանրահավաքի մասնակիցների, այնպես էլ հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած են եղել Լ. Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, տեղեկացնում է թեկնածուի նախընտրական շտաբը: «7-8 հոգով հարձակվել են նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ, մեքենայի մոտ հսկողություն իրականացնող պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառել գլխի շրջանում: Սարգիս Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց», պնդում են Լ. Տեր-Պետրոսյանի շտաբից:

Միջադեպից հետո ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է Արտաշատի ոստիկանություն եւ ներկայացնելով միջադեպի մանրամասները, պահանջել բացահայտել բոլոր մեղավորներին, շեշտելով, որ յուրաքանչյուր հարձակում իր անվտանգության ծառայության վրա, համարում է հարձակում անձամբ իր վրա:

Կատարվածի մասին ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի մշակույթի պալատի դիմաց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հանդիպման ընթացքում «թեկնածուն եւ նրա թիմակիցներն անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին (ըստ երեւույթինՙ հատկապես Հովիկ Աբրահամյանի-ծ.խ.): Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան` միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների»:

Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը բարձրացել է հարթակ ու ներկաներին զգոնություն ցուցաբերելու կոչով դիմել. «Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում ամեն մի կատարվածի համար: Խնդրում եմ, թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքն անցնի», տեղեկացնում է «Ա1+»-ը:

Ոստիկանության գործուն եւ օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է իրավիճակն արագորեն վերցնել հսկողության տակ եւ խուսափել անկանխատեսելի զարգացումներից: Միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտված է եւ նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Նախապատրաստվում են համապատասխան նյութեր: Հարուցվել է դատական գործ:

Կատարվածն, անշուշտ, դատապարտելի արարք է, անկախ նրանից, թե ում կողմից է հրահրվել եւ ում դեմ է իրագործվել, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4