2007 թ. դեկտեմբեր 28-ին, մտահոգություն հայտնելով Baltic Surveys Ltd/Gallup-ի կողմից Հայաստանում անցկացվող հասարակական կարծիքի «ուսումնասիրության հետ կապված որոշ լրատվամիջոցների թերի մեկնաբանությունների վերաբերյալ», Հայաստանում Մ. Նահանգների դեսպանությունը հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ մանրամասնորեն բացատրելուց հետո, թե հիշյալ հարցախույզներն անցկացվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով եւ թե այդ պատվերի կատարողն է Վիլնյուսում տեղակայված Baltic Surveys Ltd/Gallup կազմակերպությունը` Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի աջակցությամբ, հիշեցնում եւ ընդգծում էր, որ «Ոչ ԱՄՆ կառավարությունը, ոչ Միջազգային հանրապետական ինստիտուտը եւ ոչ էլ Baltic Surveys Ltd/Gallup կազմակերպությունը չեն սատարում որեւէ կուսակցության կան թեկնածուի»: Այսուհանդերձ, մեզ թվում է, որ Մ. Նահանգների դեսպանությունը ամեն օր պետք է նման հաղորդագրություն հրապարակի, քանզի այդ «որոշ լրատվամիջոցները» ամեն օր են կասկածի ենթարկում կամ առնվազն «թերի մեկնաբանություններ» են հրամցնում իրենց ընթերցողներին հիշյալ կազմակերպության հրապարակած արդյունքների վերաբերյալ: Կասկածամտության վերջին օրինակը, մեծ գաղտնիք բացահայտողի հրճվանքով, նախորդ օրը եւ երեկ ընթերցողներին ներկայացրեցին «Ա1+»-ը եւ ՀՀՇ-ական թերթերը, ձեւացնելով, որ, իբր, բացարձակապես տեղյակ չեն Մ. Նահանգների դեսպանատան դեկտեմբերի 28-ի այդ հաղորդագրությանը, մասնավորապես գրելով, թե «Gallup-ի ազգային ստորաբաժանումները իրավասու չեն իրենց երկրի սահմաններից դուրս հանդես գալ Gallup-ի անունից», թե «հայաստանյան հարցումներին մասնակցել է Gallup-ի հետ համագործակցող մեկ մասնավոր անձ` Ուասա Ալիսաուսկյենեն, ով Լիտվայի քաղաքացի է, ապրում եւ աշխատում է Վիլնյուսում, սոցիոլոգիայի բնագավառում կրթություն, (...) որակավորում չունի» եւ այլն: Նպատակը պարզից էլ պարզ է` «այսպիսով բացահայտվել է, որ Սերժ Սարգսյանի բարձրագույն վարկանիշի մասին տարփողող «Գելափի հարցումները» կեղծ են»:
ՀՀՇ-ական լրատվամիջոցների ներկայացրած նման «զորավոր ապացույցները» ոչ միայն արհամարհանք են ընթերցողների նկատմամբ, այլեւ ծիծաղելի են դարձնում մեր ողջ մամուլը օտար դեսպանատների աչքին:
Հ. Ա.