«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2008-02-05 | #22, 2008-02-06 | #23, 2008-02-07


ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

Խոսելով Սերգեյ Փարաջանովի մասին, Տոնինո Գուերան ասել է, թե քչերին է հաջողվել պոեզիան ձեռքերով ստեղծել: Փարաջանովի համար անընդունելի էին խորհրդային ֆիլմերը: Նա մասսայական կինոյի պաշտպան չէր: Նրան գնահատում էին խոշոր մասնագետները, որ գիտեին կինոն, հասկանում էին, թե ինչ է նշանակում կինոյի լեզուն: Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նշում է, որ Փարաջանովի կերպարը պետք է օրինակ ծառայի մարդկանց, որովհետեւ նա ամենից ազատ մարդն էր ոչ ազատ երկրում:

Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Զավեն Սարգսյանն էր, որն առաջին հերթին անդրադարձավ վերջերս Կիեւում բացված Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսին: «Կիեւում Փարաջանովի մեծ ցուցադրություն ենք ունեցել 1994-ին եւ 1997-ին: Կարեւոր քաղաք է Փարաջանովի կյանքում: Այդտեղ անցկացրել է կյանքի մեծ մասը, դարձել ռեժիսոր, այսօր էլ ընտանիքն ապրում է Կիեւում: Քաղաքի հետ են կապված նրա կյանքի նաեւ ծանր օրերը: Այնպես որ, Կիեւում ցուցադրություն կազմակերպելը շատ կարեւոր է ու հատկանշական»:

Սա Փարաջանովի ստեղծագործությունների 55-րդ ցուցահանդեսն էր արտասահմանում, որը բացվեց հունվարի 30-ինՙ Գեղարվեստի ազգային թանգարանում: Կազմակերպիչները Փարաջանովի ստեղծագործությունները ցուցադրելու համար տրամադրել էին 3 հսկայական դահլիճ: «Բացման օրը մշակութային գործիչների հսկայական բազմություն էր հավաքվել, տպագրվեց Փարաջանովի ստեղծագործությունների մեծ ալբոմ: Ելույթ ունեցան բազմաթիվ նշանավոր արվեստագետներ, այդ թվում «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի դերասանուհի Լարիսա Կադոչնիկովան»: Ցուցադրվեցին Նիկուլինի, Տարկովսկու եւ այլոց նամակների պատճեններըՙ ուղղված Փարաջանովին: Լինելով լուսանկարիչՙ թանգարանի տնօրենը ցուցահանդեսին ներկայացրեց նաեւ վեց լուսանկարՙ Գանձասարի, Երեւանի, Ղարաբաղի եւ այլ բնապատկերներ:

«Կիեւում ցուցադրեցինք 55 աշխատանք: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 16-ը: Կազմակերպել ենք նաեւ կինոցուցադրումներ: Կիեւ ենք տարել Փարաջանովի բոլոր կինոֆիլմերն ու ռեժիսորին նվիրված 3 վավերագրական ֆիլմ»: Առաջիկա ծրագրերի մասին խոսելով, տնօրենն ասաց, որ մարտի 16-ին Տոնինո Գուերայի ծննդյան կապակցությամբ Իտալիայում տեղի կունենա «Փարաջանովի աշխարհը» լուսանկարների ցուցադրություն: Իսկ ավելի ուշՙ Ռավեննայում նախատեսված է բացել Փարաջանովի ստեղծագործությունների մեծ ցուցադրություն:

Օրերս լույս կտեսնի Փարաջանովի ստեղծագործությունների առաջին մեծ ալբոմը: Գրքում տպագրվելու է 150 գործ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4