«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2008-02-06 | #23, 2008-02-07 | #24, 2008-02-08


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ

Հայաստանում նախընտրական արշավը թեժացել է եւ, ըստ երեւույթին, մինչեւ փետրվարի 19 որեւէ անակնկալ չի լինի: Նախագահական արշավի անվիճելի առաջատարն է գործող վարչապետ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Հանրային կարծիքի առանց բացառության բոլոր հարցումները վկայում են, որ կառավարության ղեկավարը հսկայական չափով առաջ է մյուս 8 թեկնածուներից:

Դա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հիմքեր տվեց վստահորեն հայտարարելու, որ Սերժ Սարգսյանը հավանաբար կհաղթի արդեն առաջին փուլում:

Ինչպես ցույց են տալիս հարցումները, մրցարշավի առաջնորդին հաջողվել է նկատելիորեն բարելավել իր վարկանիշը: Եթե 2007-ի դեկտեմբերին Սարգսյանին պաշտպանում էր հարցման մասնակիցների 35 տոկոսը, ապա քաղաքական քարոզչության նախօրեին ընտրողների արդեն 43 տոկոսը պատրաստակամություն հայտնեց քվեարկելու գործող վարչապետի օգտին:

Հարցման տվյալների համաձայն, քվեների 11 տոկոսով երկրորդ տեղում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: 6 տոկոսով երրորդ տեղն զբաղեցնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Մյուս թեկնածուների վարկանիշներն աննշան են:

Թեկնածուների հանդեպ հարցման մասնակիցներն ունեն այսպիսի վերաբերմունք. 64 տոկոսը նշում է իր դրական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի հանդեպ, իսկ 34 տոկոսը` բացասական: Արթուր Բաղդասարյանի օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների 22 տոկոսը: Միաժամանակ Հայաստանի շրջաններում ընտրողների 40 տոկոսը մտադիր է ոչ մի դեպքում չքվեարկել նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Ըստ երեւույթին, բնակչության մեջ կայուն բացասական վերաբերմունք է ձեւավորվել նախկին ղեկավարի հանդեպ:

Ընտրազանգվածի տրամադրությունները մեծապես կանխորոշված են թեկնածուների գործողություններով ու խոստումներով: Հանդես գալով «Առա՜ջ, Հայաստան» կարգախոսով` Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ընտրվելու դեպքում կկարողանա նվազագույնի հասցնել աղքատության մակարդակը, ապահովել երկրի բնակիչների արժանավայել կյանքը: Եվ մարդիկ նրան վստահելու հիմքեր ունեն. երկրի տնտեսական աճը 2007-ին հասավ աննախադեպ բաձր մակարդակի` 13,8 տոկոսի, էապես աճեցին աշխատավարձերն ու նպաստները: Հայաստանը կնքեց մի շարք խոշոր ներդրումային համաձայնագրեր, որոնք երկրի տնտեսության մեջ ապահովում են հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ: Շատ հստակ է վարչապետի դիրքորոշումը նաեւ Ղարաբաղի հարցում, որը հիմնվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման, նրա անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու Ղարաբաղի ընդհանուր սահմանի գոյության անխախտ սկզբունքների վրա:

Ընդդիմադիր թեկնածուների նախընտրական պայքարի մարտավարությունը հիմնվում է գլխավորապես ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականության քննադատության վրա:

Մասնավորապես Արթուր Բաղդասարյանը հայտարարում է գները բարձրացնելու եւ դոլարը վերարժեւորելու, տնտեսության շահութաբեր ճյուղերը մարդկանց փոքր խմբի ձեռքին կենտրոնացնելու անհրաժեշտության, պետունեցվածքի սեփականաշնորհման ընթացքում թույլ տրված բազմաթիվ սխալների մասին: ԱԺ նախկին նախագահի կողմնակիցները վստահորեն խոսում են ընտրություններում նրա ունենալիք հաջողության մասին, իսկ ինքը` Բաղդասարյանը, ընդդիմությանը կոչ է անում համախմբվել, բաց տեքստով հայտարարելով, թե ամեն մի քաղաքական ուժի պատիվ է բերում իր կուսակցության հետ միավորվելը:

Բաղդասարյանը իր ընտրարշավում որոշ աշխուժություն մտցրեց իրեն ուղղված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներին վերաբերող հայտարարությամբ: Ընդսմին, չնայած լրագրողների հարցերի տարափին, նա իր հայտարարությունը թողեց առանց մեկնաբանության:

Մեկ ուրիշ թեկնածու` պետության նախկին ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, սենսացիա առաջացրեց միայն նրանով, որ որոշեց վերստին իշխանության ղեկին կանգնել 10 տարվա լռությունից ու մեկուսացվածությունից հետո: Նա իր ընտրարշավն անցկացնում է բավական ագրեսիվ կերպով: Մեծ իրարանցում առաջացրին նրա այն հայտարարությունները, թե անհրաժեշտ է կտրուկ կրճատել հայկական բանակի թվակազմը: Տեր-Պետրոսյանի խոսքերով, Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ուստի խոշոր զինված ուժերի կարիք չունի: Տեր-Պետրոսյանը խոստանում է 2008-2012 թթ. կրկնապատկել ՆՀԱ-ն, եռապատկել պետբյուջեն եւ միջին ամսական աշխատավարձը, ինչպես նաեւ քառապատկել կենսաթոշակի միջին չափը: Ճիշտ է, նա առանձնապես իրեն նեղություն չի տալիս պարզաբանելու, թե ինչի հաշվին է դա արվելու:

Երկրում լայնընդգրկուն փոփոխությունների անհրաժեշտությունը շեշտում է նախագահական պաշտոնի եւս մեկ թեկնածու` ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա համոզված է, որ սոցիալական պետության հիմնական դրույթների անտեսումն է հանգեցրել ներկայիս տնտեսական կարգին, երբ պետությունը կառավարվում է տնտեսական խմբավորումների միջոցով: Սակայն նրա հռչակած նպատակը` «ազատ քաղաքացիների արդար երկրի կառուցումը», բավական սառն են ընդունում հենց քաղաքացիները:

Ընդհանուր առմամբ Հայաստանի նախընտրական արշավն անցնում է հանգիստ, եթե անտեսենք թեկնածուների, այդ թվում` գործող վարչապետի եւ նախկին նախագահի նախընտրական շտաբներում պատահած մի շարք միջադեպերը: Այդ բոլոր դեպքերին հանրապետության իրավապահ մարմիններն արձագանքեցին բավական օպերատիվ կերպով:

Անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, վստահորեն կարելի է ասել, որ երկրի քաղաքականության մեջ որեւէ կտրուկ փոփոխություն չի նախատեսվում: Այսպես կոչված կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, որը ենթադրում է բնականոն հարաբերություններ համաշխարհային քաղաքականության բոլոր գլխավոր ուժերի հետ` Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը զուգընթաց, ապացուցել է իր հիմնավորվածությունն ու անայլընտրանքայնությունը: Չհաշված, որ խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի կիրակնօրյա հանրահավաքում խղճալիորեն տեսանելի էր Եվրոմիության դրոշը:

ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4