«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2008-02-06 | #23, 2008-02-07 | #24, 2008-02-08


ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

Գոնե այսօր այդպես են կարծում

Վեց կուսակցություններՙ Ազգային ժողովրդավարական միությունը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Ազգային պետությունը, Ազգային համաձայնության ուխտը եւ Սահմանադրական իրավունք միությունը նպատակ ունեն իրավահավասարության սկզբունքով միավորվել որպես ազգային ժողովրդավարության արժեքներ ու սկզբունքներ դավանողներ: Նպատակը վաղվա Հայաստանի տեսակը որոշելն է, ինչը պատրաստվում են իրականացնել ազգային ժողովրդավարական հոսանք ձեւավորելով, այսինքնՙ քաղաքական դաշտը գաղափարականացնելով եւ կուսակցությունները խոշորացնելով: Նման միավորման պահանջարկն էլ երիտասարդների կողմից է ներկայացված, որոնք մեր երկրի եւ որեւէ ժողովրդավար երկրի առաջընթացի խարիսխըՙ գիտելիքը կրողն են: Սա էր «Տեսակետ» ակումբի երեկվա հյուր, ԱԺԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական ուժերի դաշինքի խորհրդի անդամ Շավարշ Քոչարյանի ասելիքի մի մասը: Հաջորդած զրույցում բանախոսը, կարեւորելով հանդերձ միավորման, կուսակցությունների խոշորացման, գաղափարական հոսանքների ստեղծման անհրաժեշտությունը, իրենց իսկ ձեռնարկածը ուշացած համարեց. «Պետք է տեղի ունենար 90-ականներից սկսած: Պետք է հոսանքների շուրջը խոշորացում եւ ոչ տրոհում ընթանար: Իսկ խոշորացում գնաց այն երկրներում, որոնք այսօր ժողովրդավարական են, ազդեցիկ են, հաջողած են, որտեղ մարդը արժանապատիվ կյանքով է ապրում: Տրոհումն էլ գնաց անձնիշխանական համակարգ ձեւավորվելու պատճառով, իսկ այդ գործընթացը, ցավոք, շատ վաղ սկսվեց»: Այնուամենայնիվ Շավարշ Քոչարյանը հավատացած է, որ արդյունավետ ելք կարող է ունենալ միավորման ձեռնարկը. «Պետք է վերադառնանք այն ակունքներին, որոնք կային շարժումից հետո, երբ հասարակությունը միավորված էր, եւ կային բոլոր նախադրյալները, որ Հայաստանը ունենա առողջ մրցակցային կուսակցական դաշտ, երբ Հայաստանն անհամեմատ առաջ էր բոլոր երկրներից իր կուսակցական համակարգովՙ ունեինք ավանդական կուսակցություններ, որոնք մուտք գործեցին Հայաստան, ունեինք դիսիդենտական շարժման կուսակցություններ, ունեցանք հզոր շարժում: Ցավոք, այդ փայլուն հնարավորությունը ժամանակին չօգտագործեցինք»:

Ըստ բանախոսի, այսօրվա ձեռնարկումն էլ դեռեւս միավորում չէ, այլ 6 կուսակցությունների իրավահավասար մոտեցում եւ պահանջում է իրավական լուրջ գործընթացներ ինչպես անվան ընտրության, այնպես էլ ստեղծվելիք միավորի կանոնադրությունը կազմելու հարցում, իսկ ներկա կտրվածքում ձեւավորվող հոսանքի դերակատարությունը կարեւորագույն պետք է լինի Հայաստանի ընթացքի ուղղությունը որոշելու հարցում: Հետընտրական միավորման դռները փակ չեն, ակնկալվում է այլ կուսակցությունների մասնակցությունն էլ, իսկ ՀՅԴ առնչությամբ Շավարշ Քոչարյանը հայտնեց. «դաշնակցության հետ մեզ շատ բան է միավորում, բայց ոչ այնքան, որ մենք միանանք», այնուհետեւ ի պատասխան լրագրողի հարցի հավաստեց. «Դաշնակցության հետ ապագայում ունենալու ենք շատ ավելի խոր գործակցություն»:

ՀՀ նախագահական ընտրությունների մասին խոսելովՙ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երկրորդ փուլը հավանական համարեց միայն այն դեպքում, եթե Վազգեն Մանուկյանի վարկանիշն աճի այնչափ, որ վերջինիս եւ Սերժ Սարգսյանի միջեւ մրցակցություն առաջանա: Վազգեն Մանուկյանի ներկա ցածր վարկանիշը, բանախոսի կարծիքով, պայմանավորված է մյուս թեկնածուների շատ ավելի վաղ քարոզարշավը սկսելու հանգամանքով: Սակայն իրենք վճռական են եւ դեռ անելիքներ ունեն իրենց թեկնածուի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ: Չհաջողելու դեպքում, ըստ Շավարշ Քոչարյանի, ընտրությունները կանցնեն մեկ փուլով, քանի որ Վազգեն Մանուկյանից բացի Սերժ Սարգսյանին մրցակից այլ թեկնածու չկա, եւ մտայնությունը թե հիմնական պայքարն ընթանում է ՀՀԿ եւ ՀՀՇ թեկնածուների միջեւ, ընդամենը իշխանական թեկնածուի վարկանիշը բարձրացնող հանգամանք է:

Ի վերջո դժգոհելով Հանրային հեռուստաընկերությունից ու ռադիոյից եւ ընդհանրապես իշխանական մամուլից, բանախոսը խորհուրդ տվեց այն համեմատել Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող մամուլի հետ, ինչը խոսուն հետեւությունների հիմք կտա:

Կազմավորվող միավորին միանալու մասին ՍԻՄ համաձայնությունը Հրանտ Խաչատրյանի թեւն է ներկայացրել:

Հ.Գ. Շավարշ Քոչարյանի ասուլիսին հաջորդեց բաբուխանյանական ՍԻՄ-ի հայտարարությունը, որ «Նախագահական ընտրություններում ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը կներկայացնի ՍԻՄ 19-րդ համագումարը, որը տեղի կունենա շաբաթ օրըՙ փետրվարի 9-ին: Մինչեւ օրս որեւէ կուսակցության կամ շարժման միանալու նպատակով ոչ մի քննարկում ՍԻՄ-ում տեղի չի ունեցել»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4