«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2008-02-06 | #23, 2008-02-07 | #24, 2008-02-08


«ՆԱԽԱԳԱՀԻ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՍՂՈՑՆ ԱՌԱԾ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԷԴ ՃՅՈՒՂԸ, ԱՅՍԻՆՔՆՙ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Մենք այսօր պիտի հասկանանք, որ պետությունը պետական պաշտոնյան չէ, պետությունը հզոր համակարգ է, դա ժողովուրդն է, կառավարությունը, ընդդիմությունը: Պիտի վերջապես հասկանանք, որ պաշտոնը ոչ թե հաճույք է, ոչ թե այս կամ այն միջոցները գրպանելու պատեհ առիթ, այլ ծանր բեռ է, պատասխանատվության զգացում ու նաեւ հանձնառություն ազգի ապագայի համար:

Երբ այսօրվա իրականությունից դժգոհ մարդը դառնում է պետական պաշտոնյա, նրանից մեր ունեցած ակնկալիքները չեն արդարանում, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, պետականության զգացողության ընդհանուր պակաս կա մեր ժողովրդի մեջ: Պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այդ զգացողությունը մեր մեջ խորանա», մեր պատմական անցյալին նորօրյա հայացք նետելուց հետո երեկ ասաց պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Թեքեյան կենտրոնում «Կայունություն» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած համաժողովի ժամանակ:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նկատեց, որ կրքերի բեւեռացումն առաջին պլան է մղվումՙ առանց այն էլ տարբաժանված հասարակությանը եւս մի անգամ տանելով դեպի անմիաբանություն եւ անմիասնություն: «Պատմությունը մեզ նաեւ ուսուցանում է, որ մեր ամենամեծ կորուստները (եթե բացառենք արտաքին վտանգի սպառնալիքը, որ միշտ ուղեկցել է մեզ) եղել են մեր իշխանների գահակալական կռիվները: Այսօր բոլորս տեսնում ենք, որ նախագահի բոլոր թեկնածուները շատ մտահոգված չեն, թե ինչ է կատարվում էն ճյուղի, այսինքնՙ ժողովրդի հետ, ու սղոցն առած կտրում են էդ ճյուղը եւ էդ պատասխանատվությունը կարծես թե չի գիտակցվում: Չի գիտակցվում, թե ինչպես ենք էս շիկացող կրքերից ստեղծում վառոդով լեցուն մի տակառ, սադրանքները դարձնելով օրվա բնորոշ բաղադրիչներից մեկն ու բավական է մի կայծ եւ էդ վառոդը պիտի բռնկվի, եւ պիտի լինեն անխուսափելի էն դեպքերը, որի դրվագները հիշում ենք անցյալ դարի 90-ականներից: Թեկնածուները պիտի հասկանան, որ փետրվարի 19-ին հնձելու են այն, ինչ այսօր ցանում են: Ցավոք, մեր երկրում նաեւ չարությունն է ծիլեր տալիս: Պիտի հիշենք, որ փետրվարի 20-ից հետո ունենք չհայտարարված 2 պատերազմ. մեկըՙ Արցախի խրամատներում, մյուսըՙ հենց մեր հասարակության մեջ: Հազար ու մի պարտադրանքներ կան ներսից ու դրսից եւ առանց կայունության ու միասնության կշարունակվի մեր կորուստների անվախճան շղթան», ասաց Անանյանը:

Աշոտ Մելքոնյանի խոսքը հուզական տրամադրություն էր հաղորդել հատկապես կինոդերասան Երվանդ Մանարյանին, նա ցավ հայտնեց, որ Մելքոնյանի պես պատմաբանների խոսքը չի հասնում ժողովրդին. «Մենք ապրում ենք 21-րդ դարում, բայց եկեք խոստովանենք, որ համարյա թե հեռուստատեսություն չունենք, նաեւ ռադիո չունենք, թեեւ մի ժամանակ ունեինք: Մելքոնյանի այսօրվա ելույթը պիտի լսի մեր ողջ ժողովուրդը, որովհետեւ մենք ապրում ենք շատ ծանր շրջանում: Մեր ժողովուրդը հոգեբանորեն միաձույլ չէ ու դա պատմականության հետեւանք է: Հայաստանում հավաքված են աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերՙ իրենց վարքով ու բարքով, ու շատ դժվար է բոլորին մի սանրով սանրելը: Մեզ համբերություն է պետք, ահա թե ինչն է մեզ պակասում: Ուզում ենք այսօր դրված հարցի լուծումը վաղը տեսնել: Դա հնարավոր չէ: Պիտի իմանանք, որ այս ծանր շրջանում կարողանում ենք տեղից շարժել հսկայական լեռան միայն մի փոքր բեկորը»:

Ներքաղաքական կյանքի լարումից իրենց անհանգստություններն արտահայտեցին նաեւ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արեւշատ Ավագյանը, «Զորավար Անդրանիկ» ՀԿ-ի նախագահ Նորայր Մուշեղյանը եւ ուրիշներ:

«Կայունություն» հասարակական շարժման ղեկավար Սուրեն Մամիկոնյանը ելույթներն ընդմիջեց հասարակությանն ուղղած հետեւյալ կոչով. «Կայունություն» շարժումը դարձնել համաժողովրդական եւ համահայկական, քանի որ նրա նպատակն է համախմբել մեր երկրի ու ժողովրդի ներկայի եւ ապագայի մասին մտածող հայրենասեր եւ հայոց պետականության ամրապնդման վեհ գաղափարը կրող մարդկանց: Աջակից լինել բոլոր նրանց, ովքեր միավորվելով կայունության գաղափարի շուրջը, կնպաստեն հետագա առաջընթացին ու կդիմակայեն ժամանակի մարտահրավերներին: Համախմբվել եւ աշխարհին ապացուցել, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր տեսակով, հավատքով եւ էությամբ արժանի է կայուն պետականություն ունենալուն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4