«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2008-02-06 | #23, 2008-02-07 | #24, 2008-02-08


ՀԱՅԵՑԻ ԱՊՐՈՒՄՆԵՐՙ ՎԻՎԱՍԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Երկլեզվյա (հայերեն, անգլերեն) ընտիր հրատարակություն է ներկայացնում ՎիվաՍելըՙ «Հայեցի ապրումներ» խորագրով: Գիրք-ալբոմն ընդգրկում է պատմական նշանակությամբ տարբեր դարաշրջանների այն ութ հուշարձանները, որոնք նկատվել են առավել արժեքավոր հնագիտական, ճարտարապետական, մշակութային տեսանկյունից. ըստ այսու ընտրվել են Ուղտասարը, Զորաց քարերը, Գեղարդի վանքը, Խոսրովի անտառները, Սանահինի վանքը, Սմբատաբերդը, Խնձորեսկն ու Տաթեւի վանքը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին բաժիններովՙ լուսանկարների հետ զուգընթեր մեկնողական-ճանաչողական բնույթի տեքստերով: Զետեղված է օգտագործված գրականության ցանկ եւ ծանոթագրության ընդարձակ հատվածՙ հուշարձանների պատմական անցյալի, դրանց ճարտարապետական, շինարարական առանձնահատկությունների, ժամանակաշրջանի, դրանց բնորոշ մտածողական, հավատամքային համակարգերի մասին:

Գիրքը բացառիկ է ինչպես ձեւավորման գեղարվեստական մակարդակով եւ տպագրությամբ («Փրինթինֆո»), նաեւ լուսանկարչական պրոֆեսիոնալ կատարմամբ. օգտագործված են Արսինէ Խաչիկեանի, Արթուր Մանուչարյանի, Մաքս Սիվասյանի, Րաֆֆի Քոջյանի, Տիգրան Բաբայանի, Զավեն Սարգսյանի, եւս 7 լուսանկարիչների արտակարգ աշխատանքներ: Հոդվածները հեղինակել եւ խմբագրել է Մարիանա Բուդաղյանը: Գիրքն ունի ճարտարապետ-խորհրդատուներՙ Վարազդատ Հարությունյան, Մուրադ Հասրաթյան, Ստեփան Նալբանդյան, պատմաբան-խորհրդատու Ժակ Մանուկյան եւ հոգեւորական-խորհրդատու Սուրեն սարկավագ Գեւորգյան:

Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում գտնվող Ուղտասարը ներկայացված է իր պատմական միջավայրովՙ նախնադարյան մարդու հավատամքային, առասպելական պատկերացումներով: Այս առումով ուշարժան են Ուղտասարի ժայռապատկերները, որոնք Հայաստանի 5 տարածքներում գտնվող 20.000-ից 6.000 են կազմումՙ թվագրված մ. թ. ա. VII եւ ավելի վաղ ժամանակներով: Ուշագրավ տեղեկություններ են տրված դրանց տեղանքային, աշխարհագրական, երկրաբանական բնույթի մասին. հետաքրքրական էին պատկերագրերի, նշանագրերի մերօրյա մեկնաբանությունները: Նախնադարի մարդու բնապաշտամունքային այս պարզ արտահայտությունները խորհրդաբանական, երբեմն էլ թաքնագիտական իմաստներ են կրում. սրանց ուսումնասիրություններն ընդհանուր պատկերացում են տալիս այդ շրջանի մարդկանց հետաքրքրությունների, աշխարհաճանաչողության մասին: Ժայռապատկերները ներկայացնում են երկնային լուսատուներիՙ արեւի, լուսնի նշաններ, օրացույցներ, քարտեզներ, կողմնացույցներ, կենդանական, բուսական աշխարհը, զբաղմունքը (որս, անասնապահություն), զանազան այլ հետաքրքրություններ, գեղարվեստական եւ մտածողական տարրերովՙ գաղափարագրեր, նշանագրեր, երաժշտական նշաններ, ծիսական պատկերներ: Տարածված է եղել հատկապես այծապատկերներ-ի ծրագրերը, որոնք որոշակի իմաստակիր նշաններ են, ինչպես այծի վարքագիծն ուժեղ կայծակի պահին, իբրեւ բնական շանթարգել:

Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակույթի մասին հետաքրքրական տեղեկություններ է պարունակում հաջորդՙ «Զորաց քարերի դամբարանադաշտ» բաժինը: Որոտանի վտակներից մեկի ձախ ափին 7-8 հա տարածքում ուղղահայաց, որոշակի դասավորությամբ 223 բազալտե 1,5-2,8 մետր բարձրությամբ, 1,5-8,5 տոննա կշռով բազալտե մեծաքարերը համարվել են դամբարանադաշտ: Ըստ հնագետների, դրանցից որոշները գագաթի հատվածում 4-5 սմ տրամաչափի, խնամքով փորված անցքերով` դեպի վեր որոշակի ուղղվածությամբ, երկնագիտական սարքերի ենթադրությունների տեղիք են տալիս, դրանց մի մասն էլ արեւային ժամացույցներ են կամ տեղանքը ճշտելու հարմարանքներ: Մասնագիտական որոշ ուսումնասիրություններ սրանց ժամանակագրությունը 3.500 տարով ավելի հին են համարում Սթոունհենջից եւ 3.000-ովՙ եգիպտական բուրգերից: Քարահունջ անունով հայտնի այս քարաբույլերն իրենց դիրքով արեւապտույտի ու մագնիսական ուժեղ դաշտի կենտրոնում են տեղակայված: Հնագույն քաղաքակրթության այս հետքերը նաեւ պաշտամունքային կենտրոն են եղել, որոնց շուրջ հյուսվել են բազմաթիվ ավանդապատումներ, զրույցներ, լեգենդներ: Այս հնավայրը բացառիկ է բնական ռիթմերին եւ էներգիային հաղորդակից լինելու զորությամբ:

Նույն սկզբունքովՙ մեկնողական-տեքստային եւ պատկերային արտահայտությամբ են ներկայացված մնացած պատմամշակութային հուշարձաններըՙ իրենց ուրույն ճարտարապետական մտածողությամբ, գեղարվեստական առանձնահատկություններով, պատմական միջավայրով: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ավելի քիչ հայտնի Սմբատաբերդը կամ Ցաղաց քարերը, որ մինչեւ VII դարը պատկանել է Սյունյաց իշխաններին, ապա Բագրատունիներին է փոխանցվել, ավելի ուշ Օրբելյան իշխաններին, ինչպես նաեւ Խնձորեսկը, որ զանգեզուրյան պատմաքարանձավային մի ուրույն բնակավայր էՙ իր դժվարին դարավանդային շինարարական հնարանքներով, տեղանքի շուրջ ստեղծված խորհրդավորությամբ:

«Հայեցի ապրումների» պատկերագիրքը ՎիվաՍելի հայաստանյան բարեսիրական գործունեության նշանակալի ներդրումներից է: Կազմակերպությունը որդեգրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունք, որ ելնում է այն մոտեցումից, թե իրենց տնտեսական գործունեությունը չի կարող ծավալվել մեկուսացման մեջ եւ չի կարող զարգանալ, եթե ներդրումներ չարվեն ի նպաստ հանրության: Հանրության հանդեպ նրանց նվիրվածությունը դրսեւորվում է կատարած բարեգործական աշխատանքներովՙ մշակութային, գիտակրթական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում: Այս առումով հիշատակելի են ՎիվաՍելի մի շարք աշխատանքներ, ինչպես Երեւանում Նանսենի թանգարանի հիմնադրումը, աջակցություն «Վերադարձ», «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, Հայ հնագույն նվագարանների մասին ֆիլմին, Բյուրականի աստղադիտարանի, ազգային գրադարանի վերանորոգումը, 10 անօթեւան հայ ընտանիքների համար բնակարանների կառուցումը, անտառապատման ծրագրի իրագործումը Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերում, մասնակցությունը Հայաստանում չքավորության եւ մուրացկանության կանխման` «Օրրան», «Պայքար կարմրուկի ու կարմրախտի համաճարակների դեմ» եւ այլ ծրագրերին: ՎիվաՍելը աջակցել է նաեւ Հայաստան-սփյուռք 3-րդ համահայկական խորհրդաժողովին, եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec-2006» ցուցահանդեսի գլխավոր հովանավորը: Բարեգործական նման ծրագրերի իրականացումն է, որ լիարժեք է դարձնում ՎիվաՍելի բուն գործունեությունը, որը եւ ապահովում է նրա բիզնեսի հաջողությունը, այսպես է մտածում եւ գործում ՎիվաՍելի գլխավոր տնօրենըՙ լիբանանահայ Ռալֆ Յիրիկյանը: «Մեր որդեգրած բացառիկ բիզնես-մշակույթի ու մեր ազգային յուրահատկությունների նկատմամբ հավատը մեզ հնարավորություն է տվել հասնելու առավել մեծ ձեռքբերումների», գրում է նա:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4