«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ ՉԻ ԼԻՆԻ ԲՈՒԺԵԼ

Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ

- Միջազգային երկու հեղինակավոր կազմակերպություններՙ «Gallup»-ը եւ «Populus»-ը Հայաստանում հարցումներ անցկացնելիս նախընտրում են աշխատել հենց ձեր կազմակերպության հետ: Ինչու են նրանք հատկապես ընտրում ձեր ասոցիացիան:

- Այդ երկուսն ուղղակի հայտնի են, բայց մենք շատ-շատերի հետ ենք համագործակցում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, որոնք քաղաքական հարցումներ ուղղակի չեն անցկացնում, դրա համար էլ հայտնի չեն, բայց մեր կապերը շատ լայն են դեռ 1992-ից: Դե, ընտրությունն իրենք են կատարում, ես չեմ կատարում:

- Այսինքնՙ այդ կազմակերպությունների հետ նման աշխատանքի փորձ ունեցե՞լ եք նախկինում:

- 92-ից մենք աշխատել ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ: Նախ ասեմ, որ իրենք են ընտրում իրենց գործընկերներին: Հանդիպում են գործող բոլոր սոցիոլոգիական կազմակերպությունների հետ եւ հետո ընտրություն են կատարում: Եվ ամեն մեկի հետ հանդիպելիս նայում են նրա հնարավորությունները, միջոցները, խնդրում են, որ ամեն մեկն իր առաջարկը ներկայացնի եւ հետո ընտրում են այն կազմակերպությանը, որի առաջարկները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Այսինքնՙ ընտրությունը կատարվում է իրենց մշակած ինչ-որ սխեմայով: Երկրորդըՙ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան միակն է Հայաստանում, որը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի, ինչպես նաեւ Եվրոպայի սոցիոլոգիական եւ մարկետինգային ասոցիացիայի անդամ է: Այսինքնՙ կան նաեւ օբյեկտիվ ինչ-որ չափանիշներ, որոնցով մարդիկ ղեկավարվում ենՙ ընտրելով իրենց տեղական գործընկերոջը:

- Երբ հրապարակվում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ապա Հայաստանի ներքաղաքական դաշտում այն ուժերը, որոնք ցածր ձայներ են ստանում, հայտարարում են, որ չեն վստահում հատկապես այն պատճառով, որ հարցումն անցկացնում է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան:

- Իսկ իրենք ասո՞ւմ են, թե ում են վաստահում:

- Ոչ, չեն ասում: Բայց հատուկ նշում են, որ չեն վստահում ձեր կազմակերպությանը, օրինակՙ ՕԵԿ-ը ասում է, որ անձամբ Գեւորգ Պողոսյանին չի վստահում:

- Այո, ես կարդացել եմ, չնայած գերադասում եմ չկարդալ նման տպագրություններ: Իրենք ոչ միայն մեզ չեն վստահում, չեն էլ ասում, թե ում են վստահում: Եթե իրենք ունեն ավելի վստահելի սոցիոլոգիական կազմակերպություն, ինչո՞ւ նրանց հետ չեն անցկացնում հետազոտություններ եւ տպագրում իրենց արդյունքները, հետո ասեն, որ իրենց արդյունքներն էականորեն տարբերվում են մեր արդյունքներից, եւ այդ հարցումը արել է այսինչ սոցիոլոգիական կազմակերպությունը, այսինչ մասնագիտացված կենտրոնի հետ: Իրենք մեզ չէին վստահում նաեւ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մենք ասում էինք, որ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հանրապետականն» ամենից շատ ձայներ կհավաքեն, տոկոսները տալիս էինք: Էլի չէին վստահում, ասում էին, որ բոլորից շատ ձայներ իրենց կուսակցությունը կհավաքի: Հետո ընտրությունները եղան, ավարտվեցին, չխրատվեցին: Հիմա էլ չեն վստահում, կարծում եմ, 40 տարի հետո էլ չեն վստահի, բայց դա իրենց իրավունքն է, իրենք կարող են վստահել նրան, ում ուզում են վստահել: Բայց այդ ժխտողական վերաբերմունքը միայն իմ նկատմամբ չէ, իրենք «Gallup»-ին եւ «Populus»-ին էլ չեն վստահի, միջազգային այլ հեղինակավոր կազմակերպության էլ չեն վստահի, իրենք վստահում են միայն իրենց: Ու ոչ թե իրենց սոցիոլոգիական կազմակերպությանը, այլ միայն իրենց աչքերին, երբ տեսնում են, որ հանրահավաքին եկել է այսքան հազար մարդ, ենթադրում են, որ իրենց ձայն պետք է տա հանրապետության 80 տոկոսը: Օրինակ, շատ երկրներում, հատկապես հետխորհրդային երկրներում, անվստահություն կար սոցիոլոգների նկատմամբ, դեռ ԽՍՀՄ-ից մնացած անվստահություն, երբ կոմունիստների ժամանակ ասում էին, որ սոցիոլոգիան գիտություն չէ: Դա ինչ-որ մնացորդային մտածելակերպ է, որ մնացել է: Մերձբալթյան երկրներում նույնպես չէին վստահում հարցումներին. Exit poll-երին, սակայն կամաց-կամաց, երբ ընտրությունների արդյունքները գալիս էին եւ ապացուցում, որ սոցիոլոգները ճիշտ են, ուզած-չուզած սկսեցին վստահել: Ես հասկանում եմ, իրենց դուր չի գալիս, որ վարկանիշները ցածր են: Բայց որպեսզի ինչ-որ ձեւով դրան հակադրվեն, ասում են, որ սոցիոլոգները կաշառված են, որ սոցիոլոգներին առել են, վաճառել են, իշխանության կողմից կաշառված են եւ այլն: Ի դեպ, «Gallup» բառը լրագրողներն են դրել շրջանառության մեջ, մենք նման բան երբեք չենք ասել: Արդեն մեկուկես տարի է, որ այդ կազմակերպությունը հարցումներ է անցկացնում Հայաստանում, եւ երբեք չեն ասում, որ դա «Gallup»-ի կազմակերպություն է: Բացեք փաստաթղթերը, դա նաեւ կայքէջում է տեղակայված, գրված է, որ աշխատանքը կատարել են երեք կազմակերպություն` Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), որը պատվիրատուն է, «Baltic Surveys»-ը, որը «Global Gallup»-ի անդամ է, եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան: Հիմա այս հետազոտությունները կարճ անվանելով, քանի որ «Gallup»-ի անունը հայտնի է լրագրողներին, շրջանառության մեջ է դրվել այդ անվանումը: Իրականում դա Հայաստանում IRI-ի հարցումներն են, որում ընդգրկված են «Baltic Surveys»-ի մասնագետները որպես փորձագետներ: Այսինքն, անվստահության մոլուցքը ոչ միայն մեզ է վերաբերում, այլեւ միջազգային մասնագետներին: Իրենք ընտրողին էլ չեն վստահում, ասում են, որ ընտրողը կաշառք է վերցնում եւ իր ձայնը վաճառում, ծախում է, իրենք հաշվիչ հանձնաժողովներին էլ չեն վստահում եւ, ի վերջո, ընտրության արդյունքներին էլ չեն վստահի: Այսինքն, սա մի հիվանդություն է, որ միայն սոցիոլոգիայով կամ միայն լրատվամիջոցների օգնությամբ բուժել չի լինի: Երեւի ինչ-որ ժամանակ է պետք: Այսինքն, քաղաքական մշակույթը վերջապես կներմուծվի քաղաքական դաշտ, Սերբիայի օրինակով, երբ 51 տոկոսով Տադիչը հաղթում է եւ չի սկսում հիստերիա, թե իբր այդ 1 տոկոսը լցոնվել է, եւ նրա հաղթանակն ընդունում են: Իսկ մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ նույնիսկ 1 տոկոս ձայն ունեցողը հայտարարում է, որ ինքը հաղթելու է, եւ եթե մենք նրանց լսենք, այլ ոչ թե սոցիոլոգներին, ապա փետրվարի 19-ին պետք է ունենանք 9 նախագահ:

- «Populus»-ի տնօրեն Էնդրյու Կուպերը, որի հետ ես հանդիպել եմ, ասել է, որ իրենք այն հարցումները, որ դուք անցկացրել եք, լրացուցիչ ստուգել են: Ինչո՞ւ են ստուգում, եթե վստահում են:

- Ստուգման գործընթացը պարտադիր է: Ամեն մի ուսումնասիրության դեպքում դաշտի 15 տոկոսը պետք է ստուգվի: Ստուգվում է կամ լրացուցիչ այցով, կամ զանգով: Մենք ունենք ստուգողների խումբ, որոնք այցելում են եւ ստուգում, թե հարցումը եղե՞լ է, թե՞ ոչ, քայլը պահպանվե՞լ է, թե՞ ոչ, այսինքնՙ ամեն տասներո՞րդը կամ քսաներո՞րդն է հարցվել, թե՞ ոչ, եւ այլն: Քանի որ ամեն մի խախտման դեպքում այլ արդյունք կստանանք: Դա լինում է նաեւ ուրիշ երկրներում: Որպեսզի խուսափենք նման սխալներից, անպայման ստուգումն արվում է, արվում է ոչ միայն մեր կողմից, այլեւ այն կազմակերպության, որը պատվիրատուն է: Ընդ որում, ստուգումներն անում են անկախ խմբերը, մենք հետո ենք միայն իմանում, որ ստուգումներ են անցկացվել: Սա պարտադիր գործընթաց է, որը նաեւ մեզ է զգաստացնում:

- Ձեր կարծիքովՙ ի՞նչ է պետք անել, որ սոցիոլոգիական ինստիտուտի, ընդհանրապես այդ մշակույթի նկատմամբ վստահությունը վերականգնվի:

- Դա ընդամենը «սեւ փիառ» է, որը կիրառում են որոշ քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ: Բայց ուշադրություն դարձրեք, հենց իրենք էլ շատ հաճախ կատարված ուսումնասիրությունների վրա հենվում են, ասում են, որ ըստ սոցիոլոգիական տվյալների, բնակչության այսքան տոկոսը վախենում է արտահայտվելուց: Այսինքն, այդ ժամանակ իրենք վստահում են այդ տվյալներին, կամ ինչ-որ մեկի վարկանիշն աճում է, եւ իրենք իսկույն նշում են, որ դեկտեմբերի համեմատ իրենց տվյալներն այսքանով աճում են: Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ են վստահում ծախված, գնված, իշխանամետ սոցիոլոգներին: Հենց տեսնում են բարենպաստ տվյալներ, որոնք իրենց ձեռ են տալիս, վստահում են, հենց հակառակն են տեսնում, չեն վստահում: Այս հարցումներում հարյուրավոր այլ տվյալներ կան, որոնք վերաբերում են Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Ղարաբաղին, ինչու այս տվյալների նկատմամբ անվստահություն չկա: Օրինակ, Ղարաբաղի հարցում մեր բնակչության 90 տոկոսից ավելին միանշանակ դեմ է, որ լինի Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չեն ասում, որ չեն վստահում: Միմիայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է իրենց վարկանիշներին, հայտարարում են, որ չեն վստահում: Կարող եմ ասել, որ բնակչությունը շատ լավ էլ վստահում է, իսկ սոցիոլոգիան ոչ թե առանձին քաղաքական գործիչների համար է, այլՙ բնակչության: Հանրությունն իրավունք ունի իրազեկ լինելու իր հավաքական կարծիքի մասին, դուք ընտրությունից առաջ իրավունք ունեք իմանալու, թե մյուսներն ինչ են մտածում: Հարցումները կատարվում են բնակչության համար, այլ ոչ թե այս կամ այն պարոնի: Դա իր գործն էՙ կհավատա, թե չի հավատա, ընտրության արդյունքները ցույց կտանՙ ով էր ճիշտ: Իսկ հարցականի տակ դնել այս հարցումները, հանրությանը զրկել այս տվյալներից, ընդամենը «սեւ փիառ» է, ընդ որում ամենացածր մակարդակի:

- Ըստ ձեր հարցումների, որտեղ անդրադարձ կար նաեւ մամուլին, «Ազգը» երեք ամենաընթերցվող թերթերից է: Հայաստանում տպագիր մամուլը, ցավոք, տեխնիկական պատճառներով մեծ տարածում չունի, այդ թվում նաեւ մեր թերթը: Սակայն բոլոր հարցումները ցույց են տվել, որ «Ազգը» կայուն կերպով երեք ամենաընթերցվող թերթերի շարքում է:

- Ավելին ասեմ, եթե դուք վերցնեք ձեր տպաքանակը, մոտ 3 հազար է, ապա կտեսնեք, որ ձեր ընթերցողների թիվը մի քանի անգամ ավելի շատ է, քան տպաքանակը: Որովհետեւ ձեր թերթը կարդում են ոչ միայն նրանք, ովքեր գնում են, այլեւ ընկերները, հարեւանները, ընտանիքի անդամները եւ այլք: Այսինքն, մոտեցումը, որ թերթի տպաքանակով է որոշվում ընթերցողների քանակը, ճիշտ չէ: Ինչ վերաբերում է «Ազգին», ապա թերթը շատ կայուն է գործում արդեն 17 տարի, իր կայուն ընթերցողն ունի, ոչ մի կուսակցության կամակատարը կամ գործիքը չէ: Այս կարգի թերթերն ընթերցողը գնահատում է: Որովհետեւ մեր թերթերը կամ պաշտոնաթերթեր են, կամ կուսակցություններին են ծառայում, նշանակում է, որ բացարձակապես ոչ օբյեկտիվ են: Այս երկու ծայրահեղություններից խուսափելու համար ընթերցողը նախընտրում է կշռադատված, հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն պարունակող մամուլը:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4