«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


«ՎԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

«Մեկ էլ քսան տարի առաջ էր, որ այսպես համախմբված, կանգնած էինք այս հրապարակում: Այն ժամանակ մենք միասնական, միաձուլված, համընդհանուր շահը գիտակցող, իրար ուս ուսի տված ազգ- ժողովուրդ էինք: Անցավ քսան տարի, նորից հավաքվել ենք, բայց այլեւս այն երկիրը չէ: Սիրելի ժողովուրդ, մենք ապրեցինք պատրանքներով, եւ ինչպես ասում է հին ասացվածքը` պատրանքների գինը դառը իրականությունն է», երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ բազմությանը ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, հայ ազգն ապրում է երկու տարբեր աշխարհներում, որտեղ առերեւույթ երկիրը զարգանում է, երկիրը առաջ է քայլում. «Ինչպես Կաֆկայի վեպի մեջ, որտեղ մի դղյակ, բոլորովին ուրիշ աշխարհ`ամեն ինչ լավ է, որտեղ կարծես թե զարգացում կա»:

Նախագահի թեկնածուն ասում է, որ այս երկու աշխարհները գնալով իրարից հեռանում են, եւ դրա պատճառը այն է, որ ժողովուրդը չհասկացավ, որ անկախությունը գալով` մեխանիկորեն իր հետ արդարություն չբերեց:

«Ամենավտանգավոր մարդը կիսագրագետն է, անգրագետին կարող ես սովորեցնել, կիսագրագետին սովորեցնել, առաջ տանել հնարավոր չէ: Որովհետեւ նա վստահ է, որ գիտի ամեն ինչ: Կիսագրագետները գցեցին մեր երկրի այս ուղին, խաբեցին բոլորին, որ շուկայական հարաբերությունները ամեն ինչ կկարգավորեն, որ շուկայական հարաբերություններից պետք է պետությունը հետ քաշվի: Պետությունը հետ քաշվեց, բայց պետության տեղը եկան զբաղեցնելու բյուրոկրատական ապարատի ներկայացուցիչները, որոնք հովանավորեցին եւ ստեղծեցին մենաշնորհները»:

Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ երկրում առկա խարխլված սիստեմը կարող են փշրել միայն նրանք, ովքեր ո՛չ այդ արատավոր սիստեմի արմատների մոտ են կանգնած եղել, ո՛չ էլ հետո սերտաճել են այդ սիստեմի հետ: «Միշտ ազատ մարդ եմ եղել. սովետական տարիներին էլ եմ ազատ մարդ եղել, ՀՀՇ-ի տարիներին էլ, բանտում էլ, ու ոչ մեկից կախում չունեմ»: (Իսկ ՀՅԴ բյուրոյի՞ց...):

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, ապա Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց իր ծրագրային դրույթը. «Դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված է ուղնուծուծով, միս ու արյունով, ամեն ինչով: Ութ դաշնակցականից մեկը զոհվել է ղարաբաղյան պատերազմում: Սա մեզ համար պարզապես քաղաքական հարց չէ: Հաղթանակից հետո ես ադրբեջանցիներին կասեմ` եկեք առանց որեւէ պայմանի կնքենք չհարձակվելու պակտ-համաձայնագիր: Մենք դրանից չենք վախենում, մենք կկնքենք այդ պակտը, եթե Ադրբեջանը համաձայնի: Միայն փոխադարձ վստահություն ձեռք բերելուց հետո կողմերը պարտավորվում են իրար նկատմամբ որեւէ հարցի լուծման ընթացքում ուժ չկիրառել: Եվ ուժի կիրառման սպառնալիք չկիրառել: Եթե Ադրբեջանը համաձայնեց սրան, նոր դրանից հետո Հայաստանի կողմը կարող է սկսել բովանդակային քննարկում: Ադրբեջանի կողմից մենք մինչեւ հիմա չենք լսել իրենց փոխզիջման մասին եւ որեւէ մատչելի բացատրություն: Ո՞րն է մեր զիջման բաժինը, ո՞րն է նրանցը: Դա պահանջ է հելսինկյան համաձայնագրի, այն հիմնադիր փաստաթղթի, որի հիման վրա ստեղծվել է ԵԱՀԿ կազմակերպությունը: Որի անդամներ ենք ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը: Ադրբեջանը չի կարող մերժել նման առաջարկ, դա է նաեւ Մինսկի խմբի համանախագահների պահանջը»:

«Մի ամերիկացի լավ բան է ասել. ասել է վատ իշխանություն ընտրում են լավ քաղաքացիները, այն լավ քաղաքացիները, որոնք չեն մասնակցում ընտրություններին: Սիրելիներս, մասնակցեք ընտրություններին, մոբիլիզացրեք, հավաքեք ձեր բոլոր հնարավորությունները», դիմեց ներկաներին Վահան Հովհաննիսյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4