«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»

Սակայն ԼՏՊ-ականները շարունակում են պնդել, որ իրենք արդեն հաղթել են

Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակ այցից երկու օր առաջ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանը, Միքայել Հայրապետյանը, Անդրանիկ Հովակիմյանը եւ մարզի տեղական շտաբների ղեկավարները Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբում երեկ ասուլիս էին հրավիրել, ինչպես հայտարարվեց` անցած 18 օրերի քարոզչական գործընթացներն ու իրենց գնահատականները ներկայացնելու նպատակով: Այս կապակցությամբ մասնավորապես Պետրոս Մակեյանը նշեց, որ այդ ժամանակամիջոցում իրենք կարողացել են լինել հանրապետության շուրջ 130 բնակավայրերում, եւ տպավորությունն այնպիսին է, որ ընդգծված ֆիքսվում է երկու թեկնածու` իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանը եւ «ընդդիմության միասնական թեկնածուն»` Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը օր օրի դառնում է համաժողովրդական թեկնածու: Ըստ Պ. Մակեյանի` յուրաքանչյուր օր իրավիճակը փոխվում է ի վնաս Սերժ Սարգսյանի, 130 բնակավայրերից ոչ մեկում իրենք չեն նկատել գոնե հանդուրժողականություն գործող իշխանության նկատմամբ: Խոսելով նկատած խախտումների մասին, բանախոսը մասնավորապես նշեց, թե այսօր ամբողջ պետական համակարգը դարձել է նախընտրական շտաբ, չափից ավելի ակտիվ է մարզպետ Լիդա Նանյանը, թե պետական բյուջեից վճարվող քաղաքացիներին փորձում են ահաբեկել, որ իրենց համար ձայներ հավաքագրեն, երկու օր է` մարզում հայտնվել են ղարաբաղյան ծագմամբ բարձրաստիճան երեւանյան ներկայացուցիչներ եւ այլն:

Միքայել Հայրապետյանը, «շատ փոքրիկ մի» քաղաքական հավելում անելով, հայտարարեց ու կրկնեց, թե «քվեարկության օրը լինելու է ընդամենը արձանագրումն այն փաստի, որ արդեն իսկ Հայաստանում իրականացվել է. դա այն է, որ իշխանափոխությունն արդեն տեղի է ունեցել»: Բոլորիս կանխավ շնորհավորելով «մեր» (ո՞ւմ - Գ. Մ.) արդեն իսկ տարած հաղթանակի առթիվ, ասելով, որ իշխանական բուրգն արդեն ճաք է տվել, Մ. Հայրապետյանը մարգարեացավ, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը...եկվորներ են եւ վերադառնալու են իրենց եկած տեղը: Հետո էլ ասում էր, թե մենք ապրելու ենք իրար հետ, նայելու ենք միմյանց դեմքի եւ պիտի կարողանանք ամաչելու ոչինչ չունենալ...

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4