«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ

Փետրվարի 7-ին «Հայլուրի» գիշերային թողարկմանը հյուրընկալված «Ռուսական աշխարհ» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովի հետ բացառապես ռուսերենով հեռարձակված հարցազրույցը զայրացրել է Հայ արիական միաբանությանը, որն «Ազգին» հղած իր բաց նամակում դա համարում է Հանրային հեռուստաընկերության պատասխանատուների կողմից պետական հայոց լեզվի «բացահայտ եւ լկտիաբար» ոտնահարում. «Դեռ քիչ է, որ հարցազրույցն անցկացվեց ռուսերեն, հյուրն իրեն տանտիրոջ նման պահելով նախընտրական քարոզ էր անում մի թեկնածուի օգտին` մեղմորեն քննադատելով մեկ ուրիշին»: Այս փաստը ՀԱՄ բաց նամակում անվանվում է միջամտություն ՀՀ նախընտրական գործընթացներին, երկրի ներքին գործերին. «Հիրավի, «Հայլուրը» կամաց-կամաց վերածվում է «Վրեմյա»-ի... Իսկ գուցե մտադիր են Հայաստանն էլ ռուսական «գուբեռնյա» սարքե՞լ», հարցնում են միաբանության անունից «Բաց նամակ» հղողները եւ ավելի խստանում. «ՀՀ նախագահից, վարչապետից եւ ԱԺ նախագահից պահանջում ենք քննարկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հրաժարականի հարցը: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանից պահանջում ենք դատի տալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահին` ՀՀ սահմանադրությունը եւ «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4