Հանրայինը պետք է ստեղծի բազմակարծության մթնոլորտ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ցանկությունն է, որ նախագահական ընտրությունների այս փուլն անցնի հնարավորինս քիչ խախտումներով, որովհետեւ ընտրությունները ճշմարիտ արտացոլումն են մեր ներքին քաղաքակրթության, փոխհարաբերությունների, հանդուրժողականության: «Ցավով պիտի նշեմ, որ այս ամենից շատ հեռու ենք ու մեզանում գերակշռող է անհանդուրժողականությունը: Այդ մասին են խոսում տարբեր թեկնածուների շտաբների վրա կրակոցները, ծեծկռտուքները, նաեւ որոշ թեկնածուների նկատմամբ սպառնալիքները», ասաց պաշտպանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ: Քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերըՙ հատկապես Թալինում եւ Արտաշատում, նա համարեց անթույլատրելի ու դատապարտելի, միաժամանակ նշելով, որ դրանց վերաբերյալ հասարակության մեջ կան իրարամերժ տեղեկություններ: Դրա պատճառն, ըստ նրա, բազմակարծության մթնոլորտի պակասն է, որի պատասխանատվությունն ամենից առաջ կրում է Հանրային հեռուստատեսությունը. «Բոլոր երկրներում բազմակարծության մթնոլորտ ստեղծողը հենց Հանրային հեռուստատեսությունն է: Մինչդեռ մեզանում քարոզարշավը լուսաբանելու փոխարեն Հանրայինը կարծես պատասխան է տալիս այս կամ այն քաղաքական գործչին: Հասարակությունը պետք է որոշի թեկնածուների արժանի կամ թերի կողմերը, այլ ոչ թե Հանրայինը: Այդ առումով կողմնակալություն նկատել եմ, հիմա փորձում են որոշակի հավասարակշռություն մտցնել, բայց դեռ անելիքներ կան: Այդ կողմնակալությունը ոչ մի օգուտ չի տալիս, ոչ մեկին պետք չէ: Հասարակությունը Հանրայինից ակնկալում է բազմակարծություն, պետք է բոլոր թերությունների մասին բարձրաձայնենք, որպեսզի երկրում նորմալ վիճակ ստեղծվի: Եթե ուզում ենք կառուցել այն պետությունը, որտեղ ուզում ենք ապրել, պետք է մի քիչ էլ անկեղծ խոսենք», ասաց նա:
Արտասահմանում բնակվող հայաստանցիներին քվեարկության իրավունք տալու պահանջով Սահմանադրական դատարան դիմած ու նախագահի թեկնածու լինելու պատճառով մերժված Արման Մելիքյանի հետ Հարությունյանի հանդիպումը նախատեսված էր երեկ: Նա հիշեցրեց, որ այդ հարցը դրվել էր նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ վերջին շրջանում իրենց գրասենյակը բազում նամակներ է ստանում նաեւ Մ. Նահանգներում ապրող հայաստանցիներից, սակայն հարցին դրական պատասխան տվողը Սահմանադրական դատարանի նախագահն է, այլ ոչ ինքը. «Եթե Մելիքյանն ուզում է, որ մենք դիմենք ՍԴ, նախ պետք է հասկանանք` ի՞նչ հարցով դիմենք, որից հետո մեր իրավաբանների հետ կորոշենք` ի՞նչ անել»:
Մեր քաղաքացիներից պաշտպանի գրասենյակն այս օրերին ստանում է հիմնականում բանավոր բողոքներՙ ընտրակաշառքների եւ նախընտրական շտաբների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ: Հարությունյանը կարծում է, որ ամենավտանգավորն ընտրակաշառքն է. «Շատ դեպքերում մեզ զանգահարում ու հարցնում ենՙ ի՞նչ անել, փողի կարիք ունեն, բայց չեն ուզում իրենց ձայնը տալ նրան, ում համար գումարն առաջարկվում է: Այդ մարդկանց երբեք չի կարելի ասել, գումարը վերցրեք ու ձեր ուզած թեկնածուին ձայն տվեք: Եթե որեւէ քաղաքական ուժ ընտրակաշառքի միջոցով է իշխանության գալիս, նա չի կարող ժողովրդավարական համակարգ ձեւավորել, այլ փորձելու է ժողովրդին մշտապես չքավոր պահել, որպեսզի նրա ձայնը առնելով պահպանի իշխանությունը»:
Քարոզարշավի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնվել է աննախանձելի վիճակումՙ մի կողմից չի կարող անտարբեր կամ չեզոք կեցվածքով դիտել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող դեպքերը, մյուս կողմից չի ձգտում չափից ավելի խորանալ այդ ամենի մեջՙ նախընտրելով դրանք թողնել իրավապահներին, քանի որ այդ ամենը հաճախ կիրառվում են որպես նախընտրական տեխնոլոգիաներ: «Ցավոք, մենք տեսնում ենք, որ այդ ամենը կա: Իսկ մեր միջամտությունը կարող է այլ բարդություններ առաջացնել»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ