Ի՞նչ է խոստանում Սերժ Սարգսյանը ընտրվելու դեպքում
«Ուժեղ պետությունը արդար պետությունն է, ուժեղ պետությունը գործարարի կողքին կանգնած եւ իր ուժեղ գործարարով ժողովրդի կողքին կանգնած պետությունն է»: Լոռու մարզ կատարած քարոզարշավային հանդիպումների շրջանակներում երեկ այս մասին ասաց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` Ալավերդու Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն հարող հրապարակում ալավերդցիների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ալավերդու տեղանքին եւ քաղաքի մտահոգությանն անմիջական առնչվող էր Սերժ Սարգսյանի ասելիքը, նշելով, որ բնությունը շռայլ է եղել երկրի այս հատվածի նկատմամբ` պարգեւելով հարուստ ընդերք: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը կողմնակից է ի շահ ժողովրդի երկրի ընդերքի օգտագործմանը. «Այս տրամաբանությամբ ենք թույլ տվել Թեղուտի շահագործումը, որը կարեւոր եւ սկզբունքային ծրագիր է մեզ համար, բայց չի կարելի մինչեւ վերջ մսխել երկրի ընդերքը»:
Նախագահի թեկնածուն համոզված է, որ երկրի ընդերքի ճիշտ եւ անվնաս օգտագործման համար պետությունը պետք է սահմանի շահագործման կանոններ, ընդերքը շահագործող գործարարը պետք է պահպանի դրանք, իսկ հասարակական կազմակերպություններն ու մարդիկ էլ պետք է հսկեն գործընթացն ու խնդիրների դեպքում բարձրաձայնեն: Նախագահի թեկնածուն ընդգծեց երկրի ընդերքի շահագործման պարագայում բացվող նոր աշխատատեղերի կարեւորությունը:
Սոցիալական ծրագրերին Սերժ Սարգսյանն անդրադարձավ, վստահեցնելով, թե առանց ամպագոռգոռ խոստումների իրենք արդեն կարող են լուծել սոցիալական խնդիրները:
Սերժ Սարգսյանը ալավերդցիների ուշադրությունը հրավիրեց փետրվարի 19-ի նախագահական ընտրության կարեւորության վրա, ասելով, թե այդ օրվա ընտրությամբ կոնկրետ պետք է երկիր կառուցելու օգտին քվեարկել, ուստի պետք է ուշադիր լինել առաջարկվող ծրագրերի եւ անձանց նկատմամբ: «Ես մշտապես աշխատել եմ ուժեղ Հայաստանի համար: Մենք տեսնում ենք, որ մեր կյանքը դանդաղ, բայց բարելավվում է: Եթե ես ընտրվեմ, ապա ավելի շատ եմ աշխատելու, ավելի շատ ջանք ու եռանդ եմ թափելու, որ մենք ապրենք ավելի հպարտ, ավելի բարեկեցիկ Հայաստանում», ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի թեկնածուի հաջորդ հանդիպումը Ախթալայի բնակիչների հետ էր: Լեռնահարստացուցիչ կոմբինատում աշխատող ախթալացիների խնդիրների մասին վարչապետը խոստովանեց, որ տեղյակ է, բայց այսօր Ախթալայում աշխատանքի լուրջ խնդիր չկա, քանի որ մարդիկ աշխատանք ունեն կոմբինատում: «Մեր ժողովուրդն իրավունք ունի լավ ապրելու, մենք էլ պարտավոր ենք յուրաքանչյուրի հնարավորությունն օգտագործել», նշեց նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն ու հավելեց, որ 2012-ին մենք երկու անգամ ավելի լավ ենք ապրելու. «4-5 տարի հետո մենք ավելի լավ Հայաստան ենք կառուցելու, մենք դրա բոլոր հնարավորություններն ունենք»:
Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքն էր, որտեղ վարչապետը հիշեց, թե որքան հաճախ է եղել սահմանամերձ այդ վայրում բանակի խնդիրներին եւ հոգսերին ծանոթանալու համար: Մոտակա տարիներին, նախագահի թեկնածուի խոսքով, կավելանան նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաեւ գիտության ու կրթության, առողջապահության ոլորտներին ուղղվող գումարները: «Դժվարություններն անցել են, եկել են լավ ապրելու ժամանակները», ասաց Սերժ Սարգսյանը նոյեմբերյանցիներին ու ընդգծեց, որ նրանք են որոշողը, թե ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա ապագան. «Սթափ եւ հաշվարկված քվեարկեք այն մարդու օգտին, ով կկարողանա առաջ տանել երկիրը»:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչների հետ հանդիպումը եւս Սերժ Սարգսյանի քարոզարշավի ծրագրում էր: Երեք տարի առաջ 300 միլիոն դրամ ունեցող Դիլիջանի բյուջեն այս տարի 2 մլրդ 300 մլն դրամ է: Նախագահի թեկնածուն դիլիջանցիներին խոստացավ քաղաքը դարձնել առողջարանային եւ ֆինանսական կենտրոն, իսկ ներդրումներն էլ քաղաքում կարվեն գարնանից` մեծածավալ շինարարության տեսքով: Նախագահի թեկնածուն համոզված է, որ Հայաստանը տարածաշրջանի լավագույն երկիրը դառնալու ներուժ ունի:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի, Տավուշ