Քոչարյանական գնահատականներ քարոզարշավին
Նախընտրական շրջանում հանրահավաքները կազմակերպված անցկացնելու պատասխանատվությունը երեւի առաջին հերթին պետք է կրեն հենց կազմակերպիչները: Որպես լրագրողի հարցի պատասխան անդրադառնալով Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին` նման կերպ մեկնաբանեց իրավիճակը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի, մեղադրանքները, թե ոստիկանությունը չի միջամտել, իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես իրավապահ կառույցների հետ հանդիպումից հետո ասուլիս տվող նախագահն ընդգծեց, որ միջամտել է ոչ միայն ոստիկանությունը, այլեւ Արարատի նախկին միլպետ մարզպետը եւ իրավիճակը կարգավորվել է, իսկ պատահածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Իրավիճակներում, երբ հնարավոր է նաեւ անկարգությունների սադրանք, ըստ Քոչարյանի, շատ եւ շատ բան կախված է թեկնածուներից: «Չի կարելի գնալ որեւէ պաշտոնյայի ծննդավայր եւ փորձել նրան վիրավորել, վարկաբեկել», գտնում է Հայաստանի նախագահը: «Անձնական վիրավորանքները մի թեկնածուի կողմից կիրառվում են ամեն օր», նշեց նախագահը, ավելացնելով, որ իր տպավորությունն այդ ամենից այն է, որ այդ թեկնածուն ոչ թե քարոզում է իր օգտին, այլ ընդդեմ վարչապետի:
Ամեն դեպքում, նախագահ Քոչարյանը գտնում է, որ այսօր խնդիր է փոխադարձ անձնական վիրավորանքներից հրաժարվելը, ինչը քարոզարշավը կարող է օրինակելի դարձնել: «Եթե դու պատրաստ ես անձնական վիրավորանքներ հասցնել, որեւէ մեկը կարող է հակաճառել եւ դա չի նշանակում, թե հակաճառողին կարող ես ծեծել»:
Այս առնչությամբ նախագահն օրինակ բերեց Հյուսիսային պողոտայի բացման ժամանակ մարդկանց որոշակի խմբի դժգոհության հանգամանքը, որոնց, ըստ նախագահի, լսեցին: Եվ այդ մշակույթն, ըստ Քոչարյանի, դեռ ձեւավորման ընթացքում է, որի ժամանակ հայտնվում են թեկնածուներ, «որոնց նպատակը, իրենց իսկ խոսքերով, ընտրությունները հարամ անելն է»:
Հաջորդ հարցը վերաբերում էր թեկնածու Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե իրեն սպառնացել են: Քոչարյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունն արդեն հանդիպել է Արթուր Բաղդասարյանին, բայց միայն փետրվարի 7-ին, բաղդասարյանականների ներկայացմամբ, թեկնածուի զբաղվածության պատճառով: Ազգային անվտանգության ծառայությունն էլ առաջարկել է ապահովել անվտանգությունը, դատախազությունը եւս վերահսկում է գործընթացը:
Ամեն դեպքում, երկրի նախագահին ոստիկանությունից տեղեկացրել են, որ Արթուր Բաղդասարյանին զգուշացրել է ոմն ամերիկահայՙ նամակով: Բացի այդ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հոր բջջային հեռախոսին զանգահարել է անծանոթ մեկն ու ասել, որ Բաղդասարյանը պետք է զգույշ լինի:
Քոչարյանի տպավորությամբ, Արթուր Բաղդասարյանը կիրակնօրյա հանրահավաքին, տեսնելով բազմությանը, հուզվել է եւ օրիգինալ լինելու համար սպառնալիքի մասին արտահայտությունն արել, «որի տակից դժվար է դուրս գալ»: Հայաստանի նախագահը այսօրինակ վարքագծի իր բացատրությունն ունի. մարդիկ, որոնք կրիտիկական վիճակում չեն եղել, նյարդայնանում են, նրանց նյարդերը տեղի են տալիս: Եվ դա չի վերաբերում միայն Արթուր Բաղդասարյանին: «Լարված ժամանակ մարդկանց մոտ, այսպես ասած, ապահովիչները գցում են», եզրակացրեց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հնարավոր միությանը, ապա Ռոբերտ Քոչարյանը դրան շատ դրական է նայում: Քոչարյանը համոզմունք ունի, որ Արթուր Բաղդասարյանը «միավորման դեպքում կկորցնի իր կայունության ձգտող, չչարացած ընտրազանգվածի կեսը», որն, ի դեպ, նախագահի խոսքերով, համադրելի չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի չարացած ընտրազանգվածի հետ:
Նախագահը հիշեցրեց, որ Արթուր Բաղդասարյանի կարգախոսն է «Նոր Հայաստան»: Ըստ Քոչարյանի, Հայաստանում դժվար է գտնել մարդկանց, որոնք նոր Հայաստանը կպատկերացնեն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, վարկաբեկված վարչակարգի տեսակով: Ակնարկելով Տեր-Պետրոսյան-Բաղդասարյան հնարավոր միության դեպքում վիճարկվող վարչապետի պաշտոնը, Քոչարյանը ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններից ելնելով, այդ պաշտոնը զբաղեցնելու է Հանրապետական կուսակցությունը:
Իշխանություններին ուղղված տերպետրոսյանական մեղադրանքների թվում «տնտեսական հանցագործությունների» վկայությունների լինելիության առնչությամբ նախագահ Քոչարյանը նշեց, որ այդկերպ եւս մեկ անգամ փաստվում է, որ Հայաստանի առաջին նախագահը չի տիրապետում տնտեսական հարցերին, որոնց չի տիրապետել նաեւ իր նախագահության օրոք, երբ Քոչարյանը վարչապետ էր:
Նախընտրական շրջանում տարբեր անձանց կողմից 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալու կապակցությամբ Քոչարյանն ընդգծեց, որ «հոկտեմբերի 27-ի» գործի բոլոր մասնակիցները դատապարտված են, հիմնական կազմակերպիչը` եւս, մինչեւ հիմա էլ բանտում է: «Անբարոյական եմ համարում մեր հերոսների, ընկերների, բարեկամների հիշատակը շահագործել նախընտրական քարոզի ժամանակ: Հատկապես գոնե Վազգեն Սարգսյանի անունը չտան, որ մեծ դերակատարում ունեցավ 98-ի իշխանափոխության ժամանակ»:
Ինչեւէ, ընտրական գործընթացը նախագահը բավականին դրական գնահատեց` բացառությամբ անձնական վիրավորանքների առատության, որը բերում է լարվածության: Իսկ ամենակոռեկտ քարոզարշավներից մեկն, ըստ Քոչարյանի, իրականացնում է վարչապետ Սերժ Սարգսյանը:
Իսկ ընդհանուր առմամբ, բոլոր պետական կառույցներն էլ, նախագահի խոսքով, աշխատում են ավելի արդյունավետ, ինչն էլ երեկ բարձրացրել էր Հայաստանի երկրորդ նախագահի տրամադրությունը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ