«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Երեկ Հայաստանի սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարան է դիմել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրելով 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում իր` որպես նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի: Տեր-Պետրոսյանն իր դիմումում նշել է, որ իրենից անկախ պատճառներով արդեն իսկ առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա մասնակցությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին: Պատճառ է նշվում այն, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը, Հ1-ի «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով երեք ամիս շարունակ հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Դիմումում շեշտվում է նաեւ, որ Հանրային հեռուստատեսությամբ քարոզչության համար տրամադրված անհարմար ժամանակը նույնպես հնարավորություն չի տալիս մեղմացնելու «Հայլուրի» հակաքարոզչությունը. «Մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»:

Դիմումի նախնական ուսումնասիրությունն ավարտվել է, դատաքննությունը նախապատրաստվում է: Քննությունը կկայանա առաջիկա երկուշաբթի օրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4