«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՎ ԵՐԳՉԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հայաստանին զեկույցի համար տրված 5 րոպեն դարձավ 2 ու կես ժամ: Երաժշտական աշխարհի պրոֆեսիոնալներին խիստ հետաքրքրում էր հայկական ժողովրդական երաժշտությունը, արձագանքներն էլ հիացական էին: Սրանք հունվարի 27-ից 31-ը MIDEM աշխարհի երաժշտական շուկա փակ պրոֆեսիոնալ ցուցահանդեսին հատուկ հրավերով մասնակցած «Armenian Music Centre»-ի (հայկական երաժշտական կենտրոն) ղեկավար Սամվել Ամիրաղյանի փաստումներն էին, որ ներկայացվեցին երեկ «Ուրբաթ» ակումբում:

Իսկ հայկական AMC-ին մասնակցության հրավերը արդյունք է դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից www.sonicbids.com հեղինակավոր կայքէջում երգիչ Համլետ Գեւորգյանի բարձր վարկանիշի, որն արդեն չորս ամիս առաջատար եռյակում առաջատարը լինելով է չափվում: Մեր տարածաշրջանի երգիչներից առաջինն ու դեռեւս միակը Համլետ Գեւորգյանն է, որ հասել է այդպիսի հաջողության: Երգիչը ներկայացրել է հայկական ժողովրդական ու գուսանական երգերՙ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Խաչատուր Ավետիսյանի, Սասուն Պասկեւիչյանի եւ բուն ժողովրդական ստեղծագործությունները: Հաջողությունն անձնական չի համարում երգիչը, քանի որ կատարվածը հայ երգիչների համար ճանապարհ է բացել դեպի համաշխարհային շուկա:

Մի քանի օրվա ընթացքում հազարավոր նամակներ են ստացվել եւ հարյուրավոր առաջարկություններ եղել տարբեր երկրներումՙ Իտալիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում AMC-ի արտադրած տեսասկավառակները վաճառելու համար: Աշխարհահռչակ մի քանի կազմակերպություններ էլ առաջարկել են տարբեր երկրների` Իտալիայի, Գերմանիայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր հեռուստաընկերություններով ցուցադրել հայ երգիչների տեսասկավառակները: Միայն Համլետ Գեւորգյանին 100-ից ավելի երկրներ են առաջարկել համերգներով հանդես գալ իրենց մոտ եվրոպական ու արաբական երկրներից բացի նույն առաջարկությունը ներկայացրել են նաեւ թուրքական ընկերությունները:

Ի դեպ տեսա եւ ձայնասկավառակը, որով հանդես է եկել Համլետ Գեւորգյանը, AMC-ն նկարահանվել է Թբիլիսիում, մեկ ու կես տարվա աշխատանք է ու արժանացել է ցուցահանդեսի մասնակիցների բարձր գնահատականին:

AMC-ին արդեն իսկ հաջողության փաստացի հաղթանակներով ապացուցված է համարում հայկական ժողովրդական երգով եւ հենց Համլետ Գեւորգյանի կատարումներով երկիրը ներկայացնելու ընտրության անսխալականությունը, քանի որ 45 երկրների պատվիրակություններից հայկականն իր ներկայացրածի ոչ միայն բովանդակային, այլեւ որակական տեսանկյունից շահեկանորեն տարբերվել է եւ ի դեմս «Armenian Music Centre»-ի (հայկական երաժշտական կենտրոն) դարձել Երաժշտական կենտրոնների միջազգային ասոցիացիայի (IAMIC) անդամ: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարի հնարավորություն կունենա որեւէ հայ երգչի մշակույթի նախարարության հետ համագործակցելով ներկայացնել վերոնշյալ ցուցահանդեսին եւ այլ հեղինակավոր միջոցառումներումՙ լայն հնարավորություն բացելով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համար:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4