Առաջնության բրոնզե մրցանակակիր Աշտարակի «Միկան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: Ստուգողական առաջին խաղում թիմը մրցել է Ռումինիայի «Ունիվերսիտատյայի» հետ: Խաղասկզբում Դավիթ Գրիգորյանը բացել է հաշիվը: 2-րդ գոլը խփելու հիանալի հնարավորություն է ընձեռվել Արտյոմ Ադամյանին, սակայն նա չի իրացրել 11 մ հարվածըՙ գնդակը դիպել է դարպասաձողին: Չնայած դրան, մինչեւ ընդմիջում «Միկան» եւս մեկ անգամ հասել է հաջողության: Աչքի է ընկել Հրաչյա Միքայելյանը: Երկրորդ խաղակեսում ռումինացիներին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը (2-1): Խաղավերջում թեեւ բրազիլացի Ալեքսը 3-րդ գոլն է խփել, սակայն մրցավարը «խաղից դուրս» վիճակ է արձանագրել:
«Միկայի» կազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Լեգեոնականներից առայժմ թիմում են Ալեքս Հենրիկե դա Սիլվան եւ Տիագուն: Որոշ ընդմիջումից հետո հարազատ ակումբ է վերադարձել դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը, որն անցյալ տարի հանդես էր գալիս «Արարատում»: Նրա թիմակից Արմեն Բաբայանը եւս մարզվում է «Միկայում»: Թիմի նորեկներից են նաեւ Արմեն Պետրոսյանը («Գանձասար») եւ կիլիկիացի Հարություն Հովհաննիսյանը: «Միկայում» ներկայում փորձաշրջան են անցնում վրաց ֆուտբոլիստներ Միխայիլ Բոբոխիձեն, Վիտալի Դարասելիան եւ Ռատի Ալեքսիձեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ