«Աերոֆլոտի» շախմատի մրցաշարի 6-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստներից շատերի համար: Ուժեղագույնների խմբում Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց Յակով Գելլերի հետ եւ վաստակեց 4 միավոր, ինչը լավագույն արդյունքն է այդ մրցաշարում հանդես եկող հայ շախմատիստների մեջ: Հաշտություն կնքեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը Նիկոլայ Չադաեւի հետ պարտիայում ու վաստակեց 3,5 միավոր: Նույնքան միավոր ունեն Զավեն Անդրեասյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Դավիթ Քալաշյանը: Մինասյանը հաղթեց Վլադիմիր Պրեդայնին, Մելքումյանն առավելության հասավ Բայարսահան Գունդավայի նկատմամբ, Հովհաննիսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Կրապիվինին: Անդրեասյանը հաշտություն կնքեց Ալեքսանդր Կաչկոյի հետ, իսկ Քալաշյանը պարտվեց Դմիտրի Սվետուշկինին: Հաղթանակ տոնեց Յուրի Համբարձումյանըՙ առավելության հասնելով Կառլոս Գուերերոյի նկատմամբ, իսկ Աղասի Ինանցը չորրորդ պարտությունը կրեցՙ զիջելով Ռոման Սկոմորոխինին:
6 տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ալեքսանդր Ռյազանցեւը, Էռնեստո Ինարկիեւը, Զախար Եֆիմենկոն, Արտյոմ Տիմոֆեեւը, Սերգեյ Վոլկովը, Ալեքսանդր Լաստինը, Ալեքսանդր Մոտիլյովը, Բայադուր Ջոբավան եւ Իվան Պոպովը:
«B» խմբի մրցաշարում պարզապես գերազանց է խաղում Վարդան Խոջոյանը, որն առայժմ 100 տոկոսանոց արդյունք ունի: 6-րդ տուրում Վարդանը սեւերով հաղթեց առաջատարներից մեկինՙ Ալեքսանդր Սպիչկինին եւ 6 միավորով գլխավորեց աղյուսակը: 7-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով կմրցի 5,5 միավոր ունեցող Ալեքսանդր Չեռնյաեւի հետ: 5 միավոր է վաստակել Տիգրան Գասպարյանը, որը մրցաշարում 5-րդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Անդրեյ Դավիդենկոյի նկատմամբ: Նույնքան միավոր է իր օգտին գրանցել նաեւ Արմեն Վարդապետյանը: Վահագն Խաչատրյանը, Առնոլդ Մինասյանը, Դմիտրի Հարությունյանը, Արթուր Ղարագյոզյանը, վաստակել են 4,5-ական միավոր:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը շարունակում է առաջատարների հետապնդումը: 6-րդ տուրում նա հաղթեց Քրիստինա Չերենկովային ու վաստակեց 4,5 միավոր: Էլինան մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող Աննա Մուզիչուկին ու Աննա Ուզենինային, որոնք 7-րդ տուրում մրցելու են միմյանց հետ: Էլինայի մրցակիցը կլինի 5 միավոր վաստակած Անաստասիա Բոդնարուկը:
Տուրը հաջող էր Կարինա Համբարձումովայի համար, որը հաղթելով Ալեքսանդրա Գորբունովային, վաստակեց 3,5 միավոր: Նույնքան միավոր ունի Տաթեւիկ Հայրապետյանըՙ ոչ-ոքի խաղալով Նազի Պաիկիձեի հետ: Քնարիկ Մուրադյանը չկարողացավ ավելացնել միավորների պաշարը (3)ՙ պարտություն կրելով Ելենա Ֆաթալիբեկովայից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ