Դատարանը հարկայինի ակտի տեխնիկական փորձաքննություն նշանակեց
ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդ. Նահապետյանը, երեկ շարունակելով Գյումրու հարկային տեսչության եւ ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի փոխադարձ հայցով նախօրյակին սկսված ու ընդմիջված դատավարությունը, ընթերցեց դատարանի կայացրած որոշումները ՍՊԸ-ի փաստաբանի երկու միջնորդությունների վերաբերյալ: Փաստաբանը, ելնելով վարչական գործի համակողմանի քննության շահերից, նախորդ նիստում դատարանին միջնորդել էր նշանակել առաջին հայցի հիմքում ընկած հարկային ստուգման ակտի դատահաշվապահական եւ տնտեսագիտական համալիր փորձաքննություն, ինչպես նաեւ նույնի դատատեխնիկական փորձաքննություն: Դատարանը որոշեց հարկային ստուգման ակտի դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը բավարարել, իսկ դատահաշվապահական եւ տնտեսագիտական համալիր փորձաքննության միջնորդությունը մերժել: Երկրորդ դեպքում հիմք էր ընդունվել հիմնական հայցվոր կողմ հարկային տեսչության ներկայացուցիչների ներկայացրած փաստաթուղթն առ այն, որ «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինն այդպիսի փորձաքննություն արդեն կատարել է:
Գործի քննությունը կասեցվեց մինչեւ նշանակված դատատեխնիկական փորձաքննության ավարտը:
Գ. Մ.