«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-02-08 | #25, 2008-02-09 | #26, 2008-02-12


ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Որքանո՞վ են զանգվածային լրատվամիջոցները հավասարակշռված լուսաբանում այսօրվա իրականությունը, մասնավորապես նախընտրական շրջանում, երբ նախագահի թեկնածուները տարված են իրենց քարոզարշավներով: Երեկ «Ուրբաթ» ակումբում քննարկում-հանդիպմանը ներկա «Ազգ», «Հայք» եւ «Երկիր» պարբերականների գլխավոր խմբագիրները ներկայացրին իրենց կարծիքներն ու տեսակետները:

«Հայքի» գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը գտնում է, որ հավասարակշռության մասին խոսելը ծիծաղելի է: Ըստ նրա, քարոզչության անհավասար պայմաններ են ստեղծված իրենց թեկնածուի` Տեր-Պետրոսյանի համար:

«Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով, թերթերի մի մասը միանշանակ կերպով պաշտպանում է Սերժ Սարգսյանին, մյուսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Արանքում անտեսվում-կորսվում է մյուս թեկնածուների գործունեությունըՙ զրկելով ընթերցողին իրազեկվելու իրավունքից: Եթե ընթերցողը ունի փող` գնելու երկու-երեք թերթ, դրանով է կարողանում ընդհանուր կարծիք կազմել, միջին եզրակացության հանգել»:

«Թվեր են լուսաբանվում, որ Տեր-Պետրոսյանի քարոզարշավների լուսաբանումը ամենաբարձր տոկոսն է կազմում: Չկա քաղաքակիրթ լուսաբանման մոտեցում: Երկու թեկնածուներն էլ ըստ էության լուծում են մեկ խնդիր` լինել-չլինելու խնդիր: Եթե Սերժ Սարգսյանը լուծում է իր անձնական լինել-չլինելու խնդիրը` մտածելով, որ չդառնալով նախագահՙ կանգնելու է շատ լուրջ պրոբլեմների առջեւ, ապա Տեր-Պետրոսյանը, որին մենք բացահայտ պաշտպանում ենք ե՛ւ «Հայքում», ե՛ւ «Տարեգրում», լուծում է պետության լինել-չլինելիության խնդիրը», նշեց Վասակ Դարբինյանը:

«Ես ձեռնպահ մնամ այս կամ այն թեկնածուին որակումներ տալուց: «Երկիր»-ը լուսաբանում է մեկ թեկնածուի: Թերթի վրա գրված է, թե ո՞վ է տերը, եւ նրա թեկնածուի մասին էլ լուսաբանվում է: Կասեմ, որ լրագրողական էթիկայի կանոնները կարելի է պահպանել` նաեւ չունենալով որեւէ թեկնածուի: Թերթեր կան, ցածր էմոցիաներ են առաջացնում, քան որոշ հեռուստաընկերությունների պարագայում: Բացում ես թերթը, տեսնում եսՙ խմբագիրը այնպիսի արտահայտություններ է անում, որ փողոցում այդպիսիք չես տեսնի», ասում է «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը: Սեյրանյանը հավելում է, որ ընտրությունից ընտրություն է անդրադարձ կատարվում մամուլին եւ նույն վիճակը նաեւ մինչեւ ընտրություններն է տեղի ունենում. «Նույն լրատվամիջոցը նույն մակարդակն է ունենում թե՛ քարոզարշավների ժամանակ, թե՛ ֆուտբոլ մեկնաբանելիս եւ այլն: Ես կառաջարկեի անցկացնել նաեւ մոնիտորինգ, թե որ լրատվամիջոցը քանի անգամ է հերքում տվել իր էջերում»:

Վասակ Դարբինյանն էլ ասում է, որ առաջատար կեղծիքը Հանրային հեռուստաընկերությունն է տարածում:

«Մամուլը հիվանդ է, եւ այդ հիվանդությունը նոր չէ, որ գոյություն ունի: Մեր հասարակությանը չմեղադրենք, որովհետեւ մեր մամուլը ուղղված չէ դեպի հասարակությունը: Այսօր ամենավատթար վիճակում գտնվում է հասարակությունը: Միակողմանի ինֆորմացիան ինֆորմացիա չէ, դրա համար էլ հասարակությունը գրգռված է: Հասարակությունը տուժում է դրանից, եւ դա էլ ազդում է ընտրությունների վրա: Թերթեր կան, որ ընտրություններից առաջ գոյություն չունեն, իսկ ընտրությունների ժամանակ հանկարծ ի հայտ են գալիս: Կողջունեինք դա, եթե այդ թերթերը շարունակեին ընտրություններից հետո էլ իրենց գործունեությունը», նկատեց Հակոբ Ավետիքյանը:

«6 տարի առաջ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: Մենք կունենայինք բոլորովին այլ հեռուստաընկերություն, եթե «Ա1+»-ը գոյություն ունենար», ասում է «Հայքի» գլխավոր խմբագիրը: Սակայն չհամաձայնեց Հակոբ Ավետիքյանը եւ նշեց. «Կրկին նույն պատկերն էր լինելու: Հասարակությունը զրկված կլիներ ճիշտ եւ հավասարաչափ ինֆորմացիա ստանալու եղանակից»:

Հարցին, թե մամուլը վերջապես քարոզչությո՞ւն է տարածում, թե՞ լրատվություն, Դարբինյանը այսպես պատասխանեց. «Ազատ ստեղծագործելու հնարավորություն է տրված իմ լրագրողին: Ինձ էլ որեւէ մեկը չի պարտադրում որեւէ բան: Թե որքանով է լուսաբանվում այս կամ այն թեկնածուն` դա էլ խմբագրի քմահաճույքն է, որոշումը: «Տարեգիրն» այդ առումով պահպանել է հավասարակշռությունը, իսկ «Հայքում» հստակ է կողմնորոշումը դեպի Տեր-Պետրոսյանը»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4