Շուրջ մեկ շաբաթ է մեզ բաժանում հանրապետության նախագահի ընտրություններից: Նախագահ ընտրվելը, անտարակույս, շատ մեծ պատիվ է, սակայն դա ամենեւին էլ լոկ արտոնություն չէ, այլ մեծ պարտականություն: Ես ընդամենը ՀՀ քաղաքացի եմ, ոչ կուսակցական, եւ փորձում եմ նախագահի թեկնածուների բավական հարուստ ներկապնակից ընտրել, իմ կարծիքով, ամենից արժանավորին: Բոլորովին այն կարծիքը չստեղծվի, թե ես այժմ իմ կարծիքը փորձում եմ պարտադրել ընթերցողներին: Ամենեւին: Ես ընդամենը արտահայտում եմ իմ կարծիքը: Երկար-բարակ ծանր ու թեթեւ անելուց հետո գտնում եմ, որ նախագահի թեկնածությունների մեջ ամենահարմարը ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանն է: Իմ հազվագյուտ շփումների արդյունքում ես համոզվել եմ, որ հանձին նախկին պաշտպանության նախարարի եւ այսօրվա վարչապետի մենք ունենք իրոք պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչ, որին երկրի նախագահությունը վստահելը արդարացված է եւ անհրաժեշտ: Միայն նրա ջանքերի շնորհիվ է, որ այսօր աշխատանքներ են տարվում երրորդ սերնդի արագացուցիչ կառուցելու ուղղությամբ: Օրակարգում է երկրորդ ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը: Նա է, որ իր նպատակադիր եւ հետեւողական քաղաքականությամբ, ինչպես դժվար չէ տեսնել, աստիճանաբար հանրապետության շուրջն է համախմբում մերձավոր եւ հեռավոր հայկական սփյուռքի գործարար մարդկանց, ինչը անտարակույս կնպաստի կապիտալ ներդրումների մեծացմանը մեր հանրապետությունում: Այս ամենն ինձ իրոք մտածել է տալիս, որ ժողովուրդըՙ ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին ընտրելով հանրապետության նախագահ, քվեարկում է հօգուտ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման ու վերելքի, ի պաշտպանություն մեր երկրում բարեկեցիկ ու սոցիալապես ապահով հասարակության: Իհարկե, այս ամենը չի կարող ստեղծվել կախարդական փայտիկի մի շարժումով: Եվ ժողովրդի բարեկեցությունը չի կարող կտրուկ թռիչք կատարել, երբ այսօրվա քաղաքական իրադրությունը պահանջում է մեզանից հսկայական ծախսումներ անել մարտունակ եւ ուժեղ բանակ պահելու համար: Այլ խոսքով, ես չեմ հավատում եւ բավարար հիմքեր ունեմ չհավատալու, որ ժողովրդի կենսամակարդակը ոչ մի դեպքում այնպիսի ցնցող աճ չի գրանցի, ինչպես խոստանում են նախագահի որոշ թեկնածուներ: Ես ուզում եմ հուսալ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի եւ մեր հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը առաջիկա տարիներին կզբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը:
Սակայն ես կամենում եմ իմ մտահոգությունները ներկայացնել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Ինձ խորապես անհանգստացնում է այն իրողությունը, որ մենաշնորհային կապիտալը մեր երկրում թույլ չի տալիս զարգանալու փոքր եւ միջին բիզնեսը: Համաշխարհային փորձը վաղուց ցույց է տվել, որ չկա բարեկեցիկ հասարակություն, եթե նրա ողնաշարը չի լինելու փոքր եւ միջին բիզնեսը: Հետեւաբար նորընտիր նախագահի առաջին խնդիրներից մեկը պետք է լինի, բազմիցս խոստացված, սակայն գործնականում սաղմնային վիճակի մեջ գտնվող փոքր ու միջին բիզնեսի ձեւավորումը եւ օրենքի պաշտպանության ներքո առնելը:
Ինձ եւ շատ շատերին հուզում է մեր արդյունաբերության ներկա կացությունը: Իրողություն է, որ մեր արդյունաբերական արտադրանքի 31.2 տոկոսը կազմում է թանկարժեք քարերի մշակումը: Այս առնչությամբ կամենում ենք նախագահի մեր թեկնածուի ուշադրությունը հրավիրել մի այնպիսի կարեւոր խնդրի վրա, ինչպիսին է դոլարի արհեստական արժեզրկումը: Նման քաղաքականությունը հանգեցնում է մեր արտահանության նվազեցմանը եւ, ընդհակառակը, ներմուծման աճին, որի հետեւանքները մենք այսօր զգում ենք, իսկ ավելի ուժեղ կզգանք առաջիկայում: Իսկ ներկա իրողությունն այն է, որ չնայած դրամի ռեվալվացիային, ինչը պետք է հանգեցներ դրա ամրապնդմանը եւ գների իջեցմանը, ամենուր աճում են գները: Սա շուկայի կտրուկ արձագանքն է երկրում ստեղծված տնտեսական կացությանը: Վերջինս խիստ մտահոգիչ է եւ հղի աղետաբեր հետեւանքներով:
Կամենում ենք նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել եւս մի քանի խնդրի վրա: Հյուսիսային պողոտայով շատերն են ոգեւորված, սակայն, եթե մենք կարողանայինք այդ գումարներով փախստականներին բնակեցնել ազատագրված տարածքներում, ապա մեծապես կնպաստեինք մեր երկու հանրապետությունների զարգացմանը եւ ազատագրված տարածքներում արտադրական ենթակառուցվածքի ձեւավորմանը:
Ժամանակն է, որ մենք լեգալացնենք կամ, այլ խոսքով, օրենքի դաշտ բերենք ստվերային տնտեսությունը: Ստվերային տնտեսության դեմ պայքարի միակ ճանապարհը լեգալացումն է, քանի որ աշխարհի ամենազարգացած երկրներն անգամ բավարար հարուստ չեն ճակատային պայքար մղելու նրա դեմ:
Եվ վերջապես, կամենում եմ անդրադառնալ մի այնպիսի հարցի, ինչպիսին գիտությունն է: Եթե մեր հանրապետությունը չի կամենում վերածվել սպասարկող խղճուկ երկրի, ապա մեր միակ ճանապարհը գիտության զարգացումն է ու նրա վերածումն արտադրական ուժի: Նայենք աշխարհի տնտեսական հսկաներին եւ անմիջապես կհամոզվենք, որ նրանց նշանակալից մասը զուրկ է բնական ռեսուրսներից, սակայն կարողացել են ստեղծել բարեկեցիկ հասարակություններ եւ զարգացած տնտեսություն շնորհիվ գիտական ներուժի ըստ ամենայնի զարգացման: Իսկ ինչպիսի՞ն է վիճակը մեզ մոտ: Պարզ ասենքՙ վատ: Գիտությանը հատկացվող գումարները ոչ թե աճում են, այլ կրճատվում: Եթե 2007-ին դրանք կազմում էին բյուջեի 0.91 տոկոսը, ապա 2008-ին` 0.8 տոկոսը, թեեւ 2008-ի բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դոլար` 2007 թվականի 1.5 միլիարդի դիմաց: Այսօր գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձը շատ ցածր է հանրապետական միջինից: Մենք խոսում ենք գիտության երիտասարդացման մասին, բայց մեզ հարց տվե՞լ ենք, թե ինչպես պիտի գիտության ոլորտ ոտք դրած երիտասարդն ընտանիք կազմի, բնակարան ձեռք բերի եւ իր ու ընտանիքի գոյությունը պահպանի: Իսկ արդյունքն առավել քան հստակ է: Եթե բանակի տարկետման խնդիրը չլինի, ապա մենք չենք ունենա ներկայիս ասպիրանտների նշանակալից, եթե չասենք գերակշիռ մասը: Կարելի է SOS հնչեցնել: Գիտությունը ծանր կացության մեջ է: Պետք է օգնել նրան դուրս գալու այդ վիճակից եւ ոչ թե մտածել, թե ինչպես «ազատվել» գիտության մի այնպիսի կառույցից, ինչպիսին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան է: Խնդիրը կառույցի մեջ չէ, այլՙ այն բանական աշխատեցնելու: Իսկ ի՞նչ տեսանք վերջերսՙ կապված թեմատիկ ֆինանսավորման հետ: Պարզ ասենք, որ թեմատիկ ֆինանսավորման կրճատումը, եթե փորձ չի արվել մեծացնելու բազային ֆինանսավորումը, հղի է ծանր հետեւանքներով: Թող պետությունը նպատակային ծրագրեր ներկայացնի գիտահետազոտական ինստիտուտներին, գիտնականները ծրագրեր ներկայացնեն թեմատիկ ֆինանսավորման համար, սակայն գիտության հիմնական առաջմղիչը եղել եւ մնում է բազային ֆինանսավորումը:
Ինչեւէ, վիճակն առավել քան պարզ է եւ այն պետք է շտկել: Չնայած գիտությունը բավարար ու պատշաճ արտացոլում չի գտել նաեւ նախագահի իմ նախընտրելի թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագրում, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ նա այսօր քաղաքական դաշտում միակն է, որ կարող է դրությունը շտկել եւ գիտությանը վերադարձնել իր արժանավոր տեղը մեր հասարակության մեջ: Մեր ապագան գիտության համակողմանի զարգացումն է եւ ոչ թե օտար երկրների գիտական հաստատությունները մեր երիտասարդ եւ ունակ կադրերով համալրելը:
Ավարտելով խոսքս, կամենում եմ որպես պատմաբան հիշեցնել, որ մեր երկպառակությունների պատճառով մենք քանիցս կորցրել ենք մեր պետականությունը: Դարեր պահանջվեցին, մինչեւ ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը, տասնամյակներՙ մինչեւ ստեղծվեց Հայաստանի մեր այսօրվա Հանրապետությունը: Եկեք աչքի լույսի պես պահպանենք, որովհետեւ գլոբալիզացիայի այս դարում մենք կարող ենք հարվածի տակ դնել այն, իսկ նոր հնարավորությունՙ այս արագ փոփոխվող աշխարհում պատմությունը կարող է եւ մեզ չընձեռել: Վերջապես, այսօր մենք ունենք մի այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին արցախյան հիմնահարցի իրավական կարգավորումն է: Ես բնավ չեմ ասում լուծումը: Գործնականում լուծված է, սակայն կարիք ունի իրավական կարգավորման: Մենքՙ հայերս պետք է հասկանանք, որ մեզ համար ամեն մի ցնցում, քաղաքական ամեն մի անհավասարակշռություն հղի է ծանր, կործանարար հետեւանքներով: Արցախյան խնդիրը մեզ համար անհետաձգելի է դարձնում հասարակության բոլոր ուժերի միասնական կամքի դրսեւորումը, մի բռունցք դառնալըՙ անկախ կուսակցական պատկանելությունից, իշխանական կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ լինելուց:
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ