Հանրային հեռուստատեսության եւ ՀՀ մշակույթի նախարարության ամենամյա «Ազգային երաժշտության մրցանակաբաշխություն-2007» մրցանակների հանձնումը կայացավ փետրվարի 10-ին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքում: Թվով հինգերորդ այդ մրցույթում, որի ժյուրին կազմված է եղել 7 տարբեր խմբերիցՙ երաժիշտներ, լրագրողներ, երգահաններ, հեռուստատեսության աշխատակիցներ, ընտրել են 16 անվանակարգերում եւ 4 հատուկ մրցույթների հաղթողներին, որոնց էլ հանձնվեց տարվա մրցանակը: Այսպիսով, տարվա «Հայտնություն» դասական երաժշտության ոլորտում մրցանակը շնորհվեց «Հայաստանի երիտասարդական նվագախմբին» (գեղ. ղեկ.ՙ Սերգեյ Սմբատյան), «Լավագույն փոփ խումբ»ՙ «Արմենոիդս», «Լավագույն ազգագրական համույթ»ՙ «Ակունք», «Լավագույն հայտնություն»ՙ Վարդան Բադալյան, «Լավագույն ջազ նախագիծ»ՙ «Հայաստանի պետական ջազ-բենդի համերգային նախագիծը», «Լավագույն դասական նախագիծ»ՙ Կամերային նվագախմբի Արցախում կայացած համերգը (գեղ. ղեկ.ՙ Արամ Ղարաբեկյան): «Տարվա լավագույն փոփ ալբոմ» է ճանաչվել Հայկոյի «Մի խոսքով» ձայնասկավառակը, «Լավագույն ժողովրդական ալբոմ»ՙ Աննա Մայիլյանի «Էթնովոկալ» ալբոմը: «Լավագույն հիթը» բաժին հասավ Սոֆի Մխեյանինՙ «Օրը եւ ներկան» երգի համար, «Լավագույն տեսահոլովակը»ՙ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանինՙ Էմմի եւ Սուպեր Սաքոյիՙ «Եթե դու գնաս» երգի տեսահոլովակի համար: Տ. Նաղդալյանի անվան մրցանակը շնորհվեց Հայկոյինՙ «Մի վախեցիր» ֆիլմի համար գրված երաժշտության համար:
Բացի այդ, հատուկ մրցանակների արժանացան «Ջազ-թայմ» հաղորդման համար Արմեն Թութունջյանը (Չիկո), «Շարմ» ընկերությունըՙ Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված համերգի համար, «Շանթ» հեռուստաընկերությունըՙ «Ժողովրդական երգիչ» նախագծի եւ ժողովրդական երգի զարգացման համար, «Երեւանի պետական երիտասարդական նվագախումբը» Բեռլինում ունեցած համերգի համար: Տարվա լավագույնՙ «Արսեն Գրիգորյան» անվանակարգում ներկայացված հինգ թեկնածուներից հաղթող ճանաչվեց վեցերորդըՙ բժիշկ Արսեն Գրիգորյանը, որը շատ սիրում է իր անվանակիցներին:
Ռադիոասպարեզում ունեցած ավանդի, հայկական երաժշտության պրոպագանդման ու տարածման համար «Տարվա հատուկ մրցանակը» շնորհվեց հետմահու Սեդրակ Դավիդյանին (դիջեյ Սեդրակ): Տարվա ժողովրդական երգիչ» մրցանակը շնորհվեց Արսեն Գրիգորյանին (Մրրո), «Լավագույն ժողովրդական երգչուհի»ՙ Աննա Մայիլյանին: Տարվա լավագույն երգիչը դարձավ Արամեն, իսկ երգչուհինՙ Սիրուշոն:
Մ. Մ.