Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտի» շախմատային փառատոնը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 1200 շախմատիստներ: «B» խմբի մրցաշարում պարզապես գերազանց արդյունքի հասավ Վարդան Խոջոյանը` վստահորեն գրավելով առաջին տեղը: Վարդանը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ էր իր համար ապահովել առաջին տեղը: Նա 8 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Նման բան շախմատային մրցաշարերում հազվադեպ է պատահում: Խոջոյանը 7-8-րդ տուրերում էլ շարունակեց հաղթարշավը` պարտության մատնելով Ալեքսանդր Չեռնյաեւին եւ Սերգեյ Կորոշչենկոյին: Ավարտական տուրում նա սպիտակներով մրցում էր իր հայրենակից Տիգրան Գասպարյանի հետ, որը 7 միավորով Օլեգ Օռլովի հետ 2-3-րդ տեղերն էր բաժանում: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի:
Այսպիսով, 9 հնարավորից 8,5 միավորով Վարդան Խոջոյանը դարձավ «B» խմբի մրցաշարի հաղթող` արժանանալով 150 հազար ռուսական ռուբլու: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն էլ նրան հանձնեց հուշագավաթը: 8 միավորով արծաթե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Օլեգ Օռլովը: 6 շախմատիստ, որոնց թվում էր եւ Տիգրան Գասպարյանը, վաստակել էին 7,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Սերգեյ Կորոշչենկոն: Նշենք, որ մինչեւ 30-րդ տեղը զբաղեցրած շախմատիստներն արժանացան դրամական տարբեր չափի մրցանակների: Տիգրան Գասպարյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 4-րդ տեղը: Մրցաշարի մեր մյուս մասնակիցներից Վահագն Խաչատրյանը (27-րդ տեղ) եւ Արթուր Ղարագյոզյանը (30-րդ) վաստակեցին 6,5-ական միավոր: Նրանցից կեսական միավոր պակաս վաստակեցին Վարդան Մելքոնյանը (46-րդ տեղ), Դմիտրի Հարությունյանը (55-րդ տեղ) եւ Տիգրան Սիմոնյանը (68-րդ տեղ): Առնոլդ Մինասյանը (79-րդ) եւ Սարգիս Սարգսյանը (90-րդ) իրենց օգտին 5,5-ական միավոր գրանցեցին, իսկ Մարկ Բասենչյանը 4 միավորով զբաղեցրեց 279-րդ տեղը:
Ցավոք, մյուս երկու մրցաշարերում մեր շախմատիստներին չհաջողվեց նույնիսկ մրցանակակիր դառնալ: Ուժեղագույնների խմբում հանդես եկած հայաստանցի 9 շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Կարեն Ասրյանը, որը 6 միավորով զբաղեցրեց 30-րդ տեղը: Ավարտական տուրում նա պարտվեց Մուրթազ Կազգալեեւին, այլապես հաղթանակի դեպքում կարող էր մրցանակակիր դառնալ: Ավարտական տուրն անհաջող էր նաեւ Վլադիմիր Հակոբյանի համար, որը զիջելով Անտոն Կորոբովին, 5,5 միավորով զբաղեցրեց 63-րդ տեղը: Նույնքան միավոր ունեցող Դավիթ Քալաշյանը 80-րդն է, Հրանտ Մելքումյանը` 81-րդը: 5-ական միավոր վաստակեցին Զավեն Անդրեասյանը (90-րդ տեղ), Ռոբերտ Հովհաննիսյանը (114-րդ տեղ) եւ Արտաշես Մինասյանը (118-րդ): Յուրի Համբարձումյանը 3 միավորով 243-րդ տեղում է, իսկ Աղասի Ինանցը 2,5 միավորով զբաղեցրեց 275-րդ հորիզոնականը:
Ուժեղագույնների մրցաշարում հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւը: Ավարտական տուրում նա հաղթեց Էռնեստո Ինարկիեւին եւ վաստակեց 7,5 միավոր: Նա պարգեւատրվեց կես մլն ռուբլով: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները որոշվեցին լրացուցիչ գործակիցներով: Այդ բախտին արժանացան 7-ական միավոր վաստակած ռուսաստանցի գրոսմայստերներ Ալեքսանդր Ռյազանցեւը եւ Սերգեյ Վոլկովը:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող մեր միակ մասնակից Էլինա Դանիելյանը հաղթելով Սվետլանա Վասիլկովային, վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 10-րդ տեղը: 11-րդ հորիզոնականում է նույնքան միավոր վաստակած Կարինա Համբարձումովան, որը եւս հաղթանակով ավարտեց Տատյանա Մալգինայի հետ ավարտական պարտիան: Ռուսաստանը ներկայացնող մյուս հայազգի շախմատիստուհի Տաթեւիկ Հայրապետյանը 5,5 միավորով 33-րդ տեղում է: Լիբանանահայ Քնարիկ Մուրադյանը 4,5 միավորով 63-րդ հորիզոնականում է: Իսկ ռուսաստանցի Մարինա Նազարյանը 3,5 միավորով գրավեց 104-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկը, որը վաստակեց 8 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց ուկրաինուհի Աննա Ուշենինան (7,5 միավոր): 3-րդը ուկրաինացի Նատալյա Ժուկովան է (7 միավոր), որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնքան միավոր վաստակած Հարիկա Դրոնավալիին ու Կատերինա Լահնոյին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ