«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2008-02-09 | #26, 2008-02-12 | #27, 2008-02-13


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը այսօր հանրությանն են ներկայացնում ՌՀՄ Մոսկվայի միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի հրատարակած «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուն: Այն խմբագրել, ներածական խոսքով ներկայացրել եւ մեկնաբանություններ է տվել ինստիտուտի տնօրեն, միջազգային իրավունքի դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը:

Ժողովածուի առաջին հատորում հավաքված են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի ծագման եւ զարգացման քաղաքական պատմությանն ու պատմական արմատներին վերաբերող փաստաթղթեր: Ընթերցողի դատին է ներկայացվում շուրջ 842 փաստաթուղթ` մ.թ.ա. առաջին դարից մինչեւ 1994 թվականը:

ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակության անդամները կհանդիպեն ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ` բանակի հետ համագործակցության ձեւավորվող ավանդույթի հարցերի քննարկման նպատակով: Հայոց ազգային բանակին արդեն իսկ ցուցաբերված տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի հայերի միության տրամադրած չորս հարյուր համակարգիչներին կավելանան նաեւ նոթբուքեր: ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության ներկայացուցիչները կայցելեն նաեւ ազգային բանակի զորամասեր:

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի կունենա նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների հետ համատեղ 2007 թվականին հայտարարված լավագույն ստեղծագործական աշխատանքի մրցույթներում հաղթողների պարգեւատրման արարողությունը: Այսպիսով, ձեւավորվում է նոր ավանդույթ, եւ առաջին փորձի արդյունքները կդառնան ոչ միայն ստեղծագործական լուրջ խթան, այլեւ հայ ինքնության պահպանման գործում նոր մոտեցումների ձեւավորման սկիզբ:

Ի դեպ, այս տարվա համատեղ մրցույթներին կմիանան նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, կոմպոզիտորների եւ նկարիչների միությունները:

Վաղը պատվիրակության անդամները կմասնակցեն հանրապետության սահմանամերձ գյուղական համայնքների դպրոցներում Ռուսաստանի հայերի միության նվիրատվությամբ կազմված համակարգչային դասարանների բացմանը: Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացումն արդեն տարիներ շարունակ ՀՀԿ եւ ՌՀՄ ամենամյա գործունեության պարտադիր բաղկացուցիչ է: ՀՀԿ եւ ՌՀՄ նվիրատվութամբ համակարգչային դասարաններ եւ լսարաններ ձեռք բերած հարյուրավոր հաստատություններին այս օրերին կավելանան նաեւ սահմանամերձ տասներկու գյուղական համայնքների դպրոցներ` ելնելով Հայաստան-սփյուռք երրորդ համաժողովի ընդունած ծրագրերից:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4