Մյունխենում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը
Երեկվա համարում «Ազգը», հենվելով ՀՀ ԱԳՆ հաղորդագրության վրա, տեղեկացրել էր, որ նախարար Վարդան Օսկանյանը Մյունխենի «Անվտանգության քաղաքականության» 44-րդ համաժողովում, որի բացումը կատարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը, մեկնաբանել է վերջինի ելույթը եւ հարց է ուղղել նրան: Հաղորդագրության մեջ նշված էին ՀՀ արտգործնախարարի մեկնաբանությունները, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանին հասցեագրած հայ-թուրքական սահմանի վերաբերյալ հարցը:
Փետրվարի 11-ին թուրքական կենտրոնական թերթերը, ինչպես նաեւ «Եվրոնյուսի» թուրքերեն տարբերակ «Աբհաբերը», հանգամանալից ներկայացրել են Էրդողանի ելույթը եւ նրան ուղղված հարցերը: Ելույթում Էրդողանն անդրսահմանային գործողությունների ծավալումը պայմանավորել է PKK-ին արմատախիլ անելու անհրաժեշտությամբ եւ առանց անուն տալու խստագույնս քննադատել է եվրոպական երկրների անսկզբունքայնությունը ահաբեկչության դեմ պայքարում, անփառունակ է որակել Եվրոմիությունում Թուրքիայի համար նախատեսվող «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակը:
Պատասխանելով հարցերին, վարչապետ Էրդողանը քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը առաջիկա շաբաթներում վերանայելու պատրաստակամություն է հայտնել, Կիպրոսի հիմնահարցի քննարկումը 4 տարի շարունակ ձգձգելու համար դատապարտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, իսկ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ ասել է. «Այդ ծրագրի նպատակը էլեկտրաէներգիա արտադրելն է, շուտով միջուկային ծրագրի աշխատանքներ կիրականացնի նաեւ Թուրքիան, եւ կարող են մեզ էլ պիտակ կպցնել, թե միջուկային զենք ենք ստեղծելու»:
Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարի հարցին, ապա վարչապետ Էրդողանը դրա առնչությամբ ասել է. «Մեծարգո Օսկանյան, երբ ես դարձա վարչապետ, ինչպես գիտեք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային բեռնափոխադրումներ չէին կատարվում: Գալով իշխանության, այդ հնարավորությունը ստեղծեցի: Ներկայումս Ստամբուլից Հայաստան են թռչում բեռնատար օդանավեր: Միաժամանակ վերականգնեցինք Վանա լճի Աղթամար կղզու հայկական եկեղեցին: Ավարտվել են եկեղեցու շրջակայքի բարեկարգման աշխատանքները, որը բաց է բոլոր զբոսաշրջիկների, ինչպես նաեւ մեր հայ քաղաքացիների այցելության համար: Դրանով մենք փորձել ենք դրսեւորել մեր բարի կամքը: Ես իմ հայ քաղաքացիների հետ որեւէ խնդիր չունեմ: Սակայն ներկա պահին ավելի քան 40 հազար հայ կա մեր երկրում: Նրանք աշխարհի տարբեր ծայրերից կամ Հայաստանից ինչո՞ւ են Թուրքիա գալիս, որովհետեւ Թուրքիան խաղաղության երկիր է»:
Էրդողանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Հիշեցրել է, որ աշխարհը Հայաստանին իբր օկուպանտ է համարում, ապա եւ ավելացրել. «Թողեք այդ տարածքը, հեռացեք: Հազարավոր, հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք այնտեղ էին ապրում, թող հետ վերադառնան: Նրանք մեր ցեղակիցներն են: Ինչո՞ւ այդ հարցին դրական մոտեցում չեք ցուցաբերում»: Այնուհետեւ Թուրքիայի վարչապետը կոչ է արել հայերին մի կողմ թողնել Ցեղասպանության մասին պնդումները, նպաստելու համար խաղաղությանը, ավելացնելով. «Ղարաբաղի իրադարձությունները պարզորոշ ցույց են տվել, թե ովքեր ում են հալածել եւ ինչպես են ցեղասպանություն իրագործել»: Վերջում Էրդողանը անհրաժեշտության դեպքում սեփական պատմության հետ հաշտվելու պատրաստակամություն է հայտնել:
Կարդալով Թուրքիայի վարչապետի ելույթը, իսկույն նկատվում է դրա ջղային ոճը: Դա թերեւս պայմանավորված է ԵՄ-ում Թուրքիայի համար «արտոնյալ գործընկերություն» նախատեսող Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հայտարարություններով, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անդառնալիությունից բխող հուսահատությամբ: Թերեւս այս հուսահատությունն է ստիպում Էրդողանին, որ Ղարաբաղը թողնելու եւ հեռանալու կոչ անի հայերին: Մինչդեռ նա Կիպրոսի փորձից քաջատեղյակ պետք է լինի, որ ինքնիշխանության եւ հողային հարցերը չափազանց լուրջ են, կոչերով չեն լուծվում: Սա նշանակում է, որ Էրդողանի խնդիրն իրականում ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ ղարաբաղյան հիմնահարցի ածանցումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այլապես նա, հայերին կոչ անելիս, չէր շրջանցի ԵԱՀԿ Մինսկի խմբին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ