Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը երեկ երկօրյա այցով մեկնել է Անկարա, որտեղ քննարկվող գլխավոր հարցը Թուրքիային լրտեսական արբանյակի վաճառքն է: Նախատեսված են նաեւ այլ գործարքներ:
Ռոյթեր գործակալությունն, Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ Բարաքը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի հետ: Գլխավոր հարցը 300 մլն դոլարանոց «Օֆեկ» լրտեսական արբանյակի վաճառքն է:
Թուրքական կողմը շահագրգռված է նաեւ իսրայելական «Հեց» կալանիչ հրթիռի ձեռքբերմամբ: Բացի դրանից, Թուրքիան վերջերս Իսրայելից 200 մլն դոլարով գնել է 10 անօդաչու ինքնաթիռ:
Բանակցությունների թեմաներից մեկը Գազայի հատվածի իրավիճակն է:
Պաշտոնական Անկարան թուրք-իսրայելական հարաբերությունները համարում է «շատ լավ» եւ համատեղ նախագծերը շարունակելու, մասնավորապես հետախուզական տվյալներ փոխանակելու պատրաստակամություն է հայտնում:
Անցյալ դեկտեմբերին «Օֆեկ» արբանյակի վաճառքի գործարքը չէր կայացել, քանի որ թուրքական կողմը չէր խոստացել հրաժարվել իսրայելական տարածքի նկարահանումներից: