ՄԱԿ-ում հավատարմագրված, Նյու Յորքում ապրող անկախ լրագրող, ճանաչված հրապարակագիր Ֆլորենս Ավագյանը վերջերս հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը, որի հեռուստալսարանը ամբողջ աշխարհում ավելի է 70 միլիոնից, հաղորդում է Նյու Յորքից վաստակավոր լուսանկարիչ Հարրի Քունդակչյանը:
Հարցազրույցը տեղի է ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակներից մեկում, անդրադարձել է հիմնականում Հայոց ցեղասպանության եւ Մ. Նահանգների Կոնգրեսի կողմից դրա ճանաչման խնդիրներին: Տիկին Ավագյանը հատկապես շեշտել է, որ այդ խնդիրները բարոյական եւ մարդու իրավունքների ոլորտներին են վերաբերում եւ բոլորովին չպետք է շահարկվեն քաղաքական նկրտումներով: Նա հիշեցրել է, որ ժամանակին «Նյու Յորք թայմսն» ու շատ այլ հեղինակավոր թերթեր իրենց առաջին էջերում են տեղադրել օսմանյան թուրքերի իրագործած ցեղասպանության մանրամասնությունները:
Ավելացնենք, որ Ֆլորենս Ավագյանը ՄԱԿ-ում հարցազրույցներ է ունեցել այնպիսի բարձրաստիճան անձնավորությունների հետ, ինչպիսիք են Ինդիրա Գանդին, արքեպիսկոպոս Մակարիոսը, Գլավկոս Քլերիդեսը, Սպիրոս Կիպրիանուն, Էդվարդ Շեւարդնաձեն, Բուլենտ Էջեւիթը եւ այլք: Նրա հոդվածները տպագրվել են «Նյու Յորք թայմսում», «Բոստոն Գլոբում», «Քրիսչն Սայընս մոնիտորում», «Սան Ֆրանցիսկո քրոնիկում», «Լոս Անջելես Էկզամինըրում», «Բոլդիմոր Սանում», «Արմինյն Միրրոր Սփեքթեյթըրում», «Արմինյն ռիփորտրում» եւ «Արարատ» պարբերականում:
Հ. Ծ.