Ըստ Վազգեն Մանուկյանի, առանց կեղծիքների ընտրության դեպքում երկրորդ փուլն անխուսափելի է
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կամ անդամակցության առնչությամբ ներկայացնելով իր տեսակետները` նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն այլ հարցադրում արեց, թե արդյոք Հայաստանին ձեռնտո՞ւ է անդամակցել ՆԱՏՕ-ին:
Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնում հրավիրված ասուլիսում անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերին` Մանուկյանը նշեց, որ մոտ ժամանակներս ՆԱՏՕ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությունը բացասական կողմեր ունի: Մասնավորապես, հնարավոր է Իրանի հետ հարաբերությունների վատացում, նույնը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի հետ հարաբերություններում: ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում չի ավելանա Ադրբեջանից մեր պաշտպանվածությունը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ բարենպաստ հեռանկարի հավանականությանը, ապա այդ առնչությամբ Մանուկյանը հիշեցրեց Կիպրոսի օրինակը, ՆԱՏՕ-ի երկու անդամները` Թուրքիան եւ Կիպրոսը պատերազմեցին: Ամեն դեպքում, ներկա դրությամբ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խնդիր դնելն, ըստ Վազգեն Մանուկյանի, ճիշտ չէ: Իսկ թե ի՞նչ կլինի մի տասը տարի անց, դեռ պարզ չէ:
Հաջորդ հարցադրումը վերաբերում էր Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ ռազմական բարեփոխումների ձեւով համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ լինելու համատեղելիությանը: Վազգեն Մանուկյանի մոտեցմամբ, ոչ հեռավոր ապագայում մեր տարածաշրջանում պետք է ինտեգրացիոն գործընթացներ լինեն, որոնց հիմքում պետք է ընկած լինի որեւէ այլ երկրի զինուժի ներկայության բացառումը այս տարածաշրջանում: Եվ եթե Վրաստանը ամենայն համառությամբ է գնում դեպի ՆԱՏՕ, ապա Ադրբեջանի պարագայում դա ավելի շատ խաղ է, քան իրական ցանկություն:
Եվրոպական սովորական սպառազինության սահմանափակումներն, ըստ Մանուկյանի, կարեւոր են, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը դրվում են նույն հարթության վրա: Եվ եթե այդ սահմանափակումները պահպանվեն, երկու երկրները կունենան նույն քանակությամբ զենք, ինչը հնարավորություն չի տա Ադրբեջանին հարձակվելու Հայաստանի վրա, քանի որ դրա համար տեխնիկական գերազանցություն է անհրաժեշտ:
Ընդհանուր մոտեցման դեպքում, Կովկասի լեռներից մինչեւ Պարսից ծոց ընկած տարածաշրջանն, ըստ Մանուկյանի, անորոշ է եւ չհստակեցված: Եվ եթե վերհիշենք ՆԱՏՕ-ի որոշ ծրագրային դրույթներ, որ հայտնվեցին իր ժամանակին մամուլում, ապա դրանց համաձայն, երրորդ համաշխարհային պատերազմի հավանական սկզբնօջախ կարող է դառնալ հենց այս տարածաշրջանը: Իսկ որոշ գերտերություններ հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ, քանի որ հարկ է ստեղծել անվտանգության համակարգ, ինչը չեն անում տարածաշրջանի պետությունները:
Այստեղ է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերը, մի կողմից լինելով աննպաստ, մյուս կողմիցՙ գերտերությունների մակարդակում, Հայաստանի համար որոշակի դերակատարում են ապահովում: Բայց այս խաղում ուժեղ եւ կազմակերպված Հայաստանը կարող է շահել, իսկ թույլ Հայաստանին նման խաղին մասնակցությունը կարող է վնասել:
Լեռնային Ղարաբաղի հարցին եվրոպական մոտեցման մանուկյանական մեկնաբանությամբ, եվրոպական լավ ապրող ժողովուրդների միություն է, որ ավելի շատ մտահոգ կարող է լինել սահմանների ապահովությամբ, անվտանգությամբ եւ ռազմական գործողություններ չվերսկսելու հեռանկարով, քան թե ո՛ր պետության կազմում կլինի Ղարաբաղը: Մինչդեռ ԱՄՆ-Ռուսաստան կտրվածքով ԼՂ հարցը դերակատարում ունի, քանի որ Սովետմիության փլուզումից հետո առաջացած վակուումը լցնելու փորձ անում են երկու պետություններն էլ: Ընդ որում, ունենալով Լեռնային Ղարաբաղի հարցը` Հայաստանը դառնում է հետաքրքրական խաղացող այն դեպքում, երբ առանց ԼՂ հարցի մենք կլինենք ընդամենը փոքր պետություն, յուրօրինակ ծերանոց այս տարածաշրջանում:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Վազգեն Մանուկյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականության իր մոտեցումը ներկայացրեց: Ըստ այդմ, առանց ընտրախախտումների իշխանության թեկնածուն` Սերժ Սարգսյանը հաղթել չի կարող: Նույն կերպ ընդդիմությունից որեւէ թեկնածու չի կարող հաղթել առաջին փուլում: Իսկ երկրորդ փուլ որեւէ ընդդիմադիր թեկնածուի անցնելու դեպքում պետք է ապահովվի ինչպես ընդդիմության, այնպես էլ ժողովրդի համախմբումը: Ո՞վ կարող է դա անել` Մանուկյանը հարցը թողեց անպատասխան:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Ըստ Մանուկյանի, մեկ ամիս է, ինչ ինը հոգի շատախոսում են, եւ երբ Մանուկյանը հեռուստացույց է դիտում, նախընտրում է համերգ լսել, բայց ոչ նախագահացուներին: