«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2008-02-09 | #26, 2008-02-12 | #27, 2008-02-13


ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ ԳԱԼԻՍ Է

Փետրվարի 19-ի հայաստանյան նախագահական ընտրությունները հատուկ ինտրիգ չեն խոստանում: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին հաղթած Հանրապետական կուսակցության ղեկավար, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանը համարվում է բացարձակ ֆավորիտ: Այդուհանդերձ, չես ասի, թե Հայաստանի երկինքն անամպ է: Իրավիճակը փչացրել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը երկար ժամանակ նստել էր ստվերում եւ թվում էր, թե վերջնականապես էր լքել քաղաքական դաշտը:

Տեր-Պետրոսյանի «նոր հայտնությունը» զարմացրեց հայաստանյան քաղաքական դասին: Զարմացրեց թեկուզ այն պատճառով, որ անհասկանալի էր, թե ի՞նչ փաստարկներ նա կարող է ներկայացնել ընտրողին, եւ ի՞նչ կերպ պետք է սեփական գովքն անի: Սոցիալ-տնտեսական ոլորտի հաջողություններո՞վ... չէ՞ որ բոլորը հիշում են վերջինիս նախագահության շրջանի խորը ճգնաժամը, տնտեսության փլուզումը, սոցիալական ենթակառուցվածքների գրեթե ամբողջական ոչնչացումը, բնակարանների «բուրժույկա» վառարանները, աղքատությունը, լկտի կոռուպցիան իշխանության ողջ համակարգում, Ղարաբաղի արյունն ու արցունքը:

Սեփական պարտությունն, ըստ ամենայնի, գիտակցում է նաեւ Տեր-Պետրոսյանը, որը հիշեցնում է ոչ թե սեփական ձեռքբերումները, այլ կենտրոնացած է իշխանության քննադատության վրա: Եվ որը, դատելով ամեն ինչից, փորձում է Հայաստանում իրականացնել նարնջագույն սցենարի հայկական տարբերակ այն շրջանակների փողերով, որոնց ժամանակին կերակրել է Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Համենայն դեպս, վերջինիս կազմակերպած հանրահավաքներում մշտապես հնչում են պայքարի եւ հեղափոխության կոչեր: Իսկ Սահմանադրական դատարանում Տեր-Պետրոսյանը պահանջել է երկու շաբաթով հետաձգել ընտրություններն ու թեպետ նրա հայցը մերժվել է, դա վստահաբար, կարող է դառնալ առիթՙ ընտրությունների արդյունքները չընդունելու համար եւ դիմելու «Ամբոխի տարերքին»: Ինչպես ասում էր հեղափոխության հանճար Լենինըՙ «Կարեւորըՙ մտնել պայքարի մեջ, իսկ հետո արդեն կերեւա»:

Նման սցենարը Տեր-Պետրոսյանի քաղաքական վերածնունդի միակ տարբերակն է, քանզի նորմալ ընտրությունները, եթե հավատանք սոցիոլոգիական հարցումներին, նրան հաղթանակի որեւէ հույս չեն տալիս: Առավելագույնը, ինչին նա կարող է հավակնելՙ դա այլ թեկնածուներից խլված մի քանի տոկոսն է: Հայաստանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը եւ հստակ հասկանում են, որ Տեր-Պետրոսյանին, բացի ապակայունություն հրահրելուց, այլ բան չի մնում: 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբի հայաստանյան քաղաքական պատմությունը հուշում է, որ լեւոնականները չեն խորշում պայքարի որեւէ տեսակի օգտագործումիցՙ սադրանքից մինչեւ բացահայտ ահաբեկչություն: Սա է պատճառը, որ ուժայինների մասնակցությամբ վերջերս կայացած խորհրդակցության ընթացքում պետության ղեկավար Ռ. Քոչարյանը վերջիններիս աչալրջության կոչ արեց:

Բնականաբար, Քոչարյանը չէր ցանկանա իր ղեկավարման մանդատն ավարտել անցանկալի բարդություններով, այլՙ Սերժ Սարգսյանին կուզի նախագահական աթոռը փոխանցել վաստակած կայունությամբ եւ շարունակական զարգացման դրական հեռանկարներով: Հեղափոխական սցենարը դուր չի գա նաեւ Մոսկվային, որը քանիցս հայտարարել է գունավոր ցնցումների անընդունելիության մասին: Ի դեպ, Ռուսաստանը վաղուց արդեն չի թաքցնում իր քաղաքական համակրանքը. Մոսկվայում հավատում ենՙ ինչպես վերջերս Երեւանում ասաց ՌԴ վարչապետ Զուբկովըՙ «Սերժ Սարգսյանի մոտ ամեն ինչ կստացվի»:

ՎԱԴԻՄ ԿԻՊԵԼՈՎ, Ըկծ գործակալություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4