«Ինչո՞ւ է նախկին նախագահը վերադարձել քաղաքականություն», այս հարցին ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ «այն բոլոր արժեքները, որի համար մենք պայքարում էինք 90-ական թվականներին, այսօր աղավաղված են եւ երկիրը գնում է սխալ ճանապարհով: Ես նկատի ունեմ եւ աշխարհաքաղաքական իրավիճակը, որը չի լավացել, իսկ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական մեկուսացումը այս 10 տարիների ընթացքում միայն խորացել է»: Խոսելով ղարաբաղյան հարցի մասին, ՀՀ նախագահի թեկնածուն նշում է, որ «ստատուս քվոն իր համար ուժերի հարաբերակցությունն է: Ներկայումս իրավիճակը այն չէ, ինչ 10 տարի առաջ: Այժմ Ադրբեջանը, շնորհիվ նավթադոլարների զարգանում է, որը բնականաբար ե՛ւ քաղաքական հետեւանքներ ունի, ե՛ւ զինված ուժերի ուժեղացում»: Չնայած Տեր-Պետրոսյանը համոզմունք է հայտնում, որ առայժմ Ադրբեջանի զինված ուժերը չեն կարող լուծել այդ խնդիրը, սակայն պնդում է, որ «Ադրբեջանի ապագա զարգացումը եւ Հայաստանի հետ մնալը փաստ են»: Հարցազրույցի վերջում նախագահի թեկնածուն նշում է, որ «եթե իշխանությունները հայտարարեն ընտրությունների իրենց արդյունքները, մենք կօգտագործենք օրինական բոլոր միջոցները դրանք բողոքարկելու համար: Դրանք կլինեն մշտական ցույցեր, երթեր, դատական գործեր, ճնշումներ միջազգային դիտորդների նկատմամբ: Անօրինական գործողություններ մեր կողմից չեն լինի»: