ՀՀ նախագահի թեկնածուի մոսկովյան այցը շարունակում է հետաքրքրել բոլորին, քանի որ անցել է գաղտնիության պայմաններում եւ մինչեւ հիմա հայտնի չէ, թե վերջապես ինչ հանդիպումներ են կայացել Ռուսաստանի մայրաքաղաքում: Հաստատ է մի բան, լուրերը, թե առաջին նախագահը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, իրականությանը չեն համապատասխանում: Հայտնի չէ նաեւ, եղե՞լ է արդյոք հանդիպում Ռուսաստանի նախագահի հիմնական թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի հետ, թե ոչ, ամեն դեպքում մոսկովյան մեր աղբյուրները ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում են: Չնայած կան լուրեր, որ այդ հանդիպումը եւս չի կայացել: Հաղորդվում է նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ոմն Լեոնիդ Գոզմանի հետ, որը ՌԱՕ ԵԷՍ-ի նախագահ Անատոլի Չուբայսի օգնականն է: Գոզմանը նաեւ Մոսկվայի հրեական համայնքի ղեկավարներից է եւ զբաղվում է Աջ ուժերի դաշինք կոչվող կազմակերպության ֆինանսավորմամբ: Հաղորդվում է, որ նախապես ՀՀՇ-ական շրջանակների հետ հանդիպման ժամանակ Գոզմանը խոստացել էր աջակցություն ռուսաստանյան որոշ ուժերի կողմից, սակայն, ըստ որոշ լուրերի, այդ աջակցությունը չի կայացել: Այս տեղեկատվությունը եւս պաշտոնապես չի հաստատվել: