Մեկ տարեկան հիմնադրամի որոշումը
«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հնարավոր զարգացումները 2008-ի նախագահական ընտրություններից հետո» կարեւոր թեման երեկ Թեքեյան կենտրոն քննարկման էր բերել մի շարք քաղաքագետների, հոգեբանների, հասարակագետների, իրավագետների եւ այլ մասնագետների, որոնց զեկույցներն առավելաբար նպատակ ունեին ընդգծելու իրենց նախընտրած թեկնածուի առավելությունները, քան իրականում շոշափելու քաղաքական այսօրվա կանգառի համար շատ արդիական` հետընտրական զարգացումների թեման: Հանդիպում-քննարկմանը ներգրավված էր բուհական համակարգի ընտրանին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, դասախոսներ, գիտնականներ, երիտասարդ դասախոսներ:
Հանդիպումը նախաձեռնել էր շուրջ մեկ տարի գործող «Ազգային գիտակցություն» հիմնադրամը, որի ներկայացուցիչների կարծիքովՙ իրենց շուրջը համախմբված մասնագետների մեկնաբանություններն ու տեսակետները կարող են հույժ կարեւոր նախագահական ընտրություններում կողմնորոշող լինեն: Հանդիպման հենց սկզբում ԵՊՀ դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը հրապարակեց հիմնադրամի հայտարարությունը առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
Հիմք ընդունելով իրենց իսկ անցկացրած քննարկումներն ու հետազոտությունները` հիմնադրամի անդամները համոզված են, որ առաջիկա 5 տարիներին ներքաղաքական կայուն առաջընթացի ապահովման լիարժեք երաշխավորը կարող է լինել միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, որին էլ սատարելու պատրաստակամություն հայտնեցին:
Ընտրություններում երկու ֆավորիտներ համարվող Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալու դեպքում քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանն իր հնարավոր տեսակետները հայտնեց: «Եթե անմիջականորեն անդրադառնանք Սերժ Սարգսյանին, ապա նրա հաղթանակի դեպքում, ինձ թվում է, տեղի կունենա ներկայումս իրականացվող քաղաքականության շարունակականություն ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության հարցերում, եւ կարելի է խոսել թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային եւ թե՛ մեր ներքին կայունության մասին: Հակառակ ֆավորիտի հաղթանակի դեպքում, ինձ թվում է, տեղի կունենան լուրջ տեղաշարժեր` ե՛ւ ներքին քաղաքականության մեջ, ե՛ւ արտաքին քաղաքականության գծում», ասաց Գարիկ Քեռյանը` հավելելով սակայն, որ դժվարանում է նշելՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալու պարագայում փոփոխությունները դրակա՞ն, թե՞ բացասական կլինեն:
Պատասխանելով «Ազգի» հարցին, թե հետընտրական կտրուկ կամ բախումնային զարգացումների հնարավոր տարբերակ կա՞, քաղաքական գիտությունների դոկտորը նշեց. «Գունավոր հեղափոխությունների սցենարը կամ այլ հեղափոխություններ նախագծողն ու իրականացնողն ԱՄՆ-ն է: Ներկայումս նկատվում է, որ վերջին 2-3 տարում ամերիկյան իշխանություններն այդ գործընթացից կարծես թե հրաժարվել են, որովհետեւ այն երկրները, որտեղ տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ, սկսվեց քաղաքական անկայունության ժամանակաշրջան, իսկ ԱՄՆ քաղաքականության մեջ այսօր զգացվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը: Կարող եմ պնդել, որ ներկայումս ԱՄՆ-ն Հայաստանում եւ այլ երկրներում գունավոր հեղափոխություններ չի ծրագրում, իսկ այլ ուժային կենտրոններ ուրիշ երկրներից ոչ եղել են հեղափոխություններ նախագծող, ոչ էլ իրականացնող»:
Նախագահական ընտրությունների լեգիտիմացման մասին խոսեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր Արթուր Մկրտչյանը` նշելով, որ ընտրված նախագահի լեգիտիմացման համար ավելի մեծ ներուժ ունի ընտրությունների երկրորդ փուլը, որը ձեռնտու է բոլոր թեկնածուներին, այդ թվումՙ Սերժ Սարգսյանին, ում շահերին եւս չի վնասում երկրորդ փուլը, քանի որ, ըստ բոլոր հնարավոր սցենարների, թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ փուլում հաղթելու ներուժ ունի ՀՀԿ-ական թեկնածուն: Զեկուցողի կարծիքով, երկրորդ փուլը ձեռնտու է բոլոր թեկնածուներին, բայց ձեռնտու չէ հասարակությանը, քանի որ ընտրությունների համար առաջացած ծախսերն ի վերջո հասարակությունն է կրելու:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ