Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը հաղորդագրություն է տարածել, որ հունվարի երկրորդ կեսին անցկացրել է հայկական ԶԼՄ-ների վստահելիության աստիճանի փորձագիտական հարցախույզ, որի ժամանակ հարցման են ենթարկվել ակտիվ գործունեություն ծավալող 25 կուսակցությունների, 45 հասարակական կազմակերպությունների, տեղեկատվական աղբյուրներից պարբերաբար օգտվող 30 ձեռնարկատիրական կազմակերպությունների մոտ 100 ղեկավարներ: Վերջիններս հարցաթերթիկում լրատվամիջոցների վստահելիության աստիճանը գնահատել են 5 բալանոց համակարգով: Ըստ հարցախույզի, վստահելիության առումով հայկական ԶԼՄ-ների առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի. «Ազատություն» ռադիոկայան, որը ստացել է 500 հնարավոր միավորից 173,1-ը, «Երկիր մեդիա», որին հարցվողների տված միավորների հանրագումարը կազմել է 153: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ «Նոյյան տապան» գործակալությունը (146 միավոր), «Շանթ» հեռուստաընկերությունը (143,5), «Առավոտը» (138), «Ա1+» կայքը (121,5), «Արմինֆո» գործակալությունը (119), «Ազգը» (117), «Առկա» լրատվական գործակալությունը (112), «Արմենիա նաու» ինտերնետային թերթը (112) եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունը (110,5):