Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բանանցի» ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Սամվել Մելքոնյանը փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգում», որը Կիպրոսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Նրանք ուկրաինական ակումբի կազմում մասնակցել են Նովոտրոիցկի «Նոստայի» հետ ստուգողական հանդիպմանը: Այդ խաղը 1-0 հաշվով շահել է «Մետալուրգը», ընդ որում Ալեքսանդր Սիտնիկը միակ գոլը խփել է Սամվել Մելքոնյանի փոխանցումով:
«Մետալուրգի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յաշչենկոն նշել է, որ հայ ֆուտբոլիստները լավ են նախապատրաստված: Ըստ նրա, Առաքելյանը կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի եւ հենակետային կիսապաշտպանի գոտում, իսկ Մելքոնյանը հաջողությամբ կարող է կատարել թե հարձակվողի, թե կիսապաշտպանի պարտականությունները: Հայ ֆուտբոլիստների մասին վերջնական որոշում կկայացվի միայն Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքից հետո, որին կմասնակցեն Առաքելյանն ու Մելքոնյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ