«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2008-02-12 | #27, 2008-02-13 | #28, 2008-02-14


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է

Ղարաբաղին առնչվող փաստաթղթերի ժողովածուի շնորհանդես, մրցանակների ու շքանշանների հանձնում եւ ասուլիս

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի ներկայացմամբ սկսեց երեկվա իր ասուլիսը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ժողովածուն հրատարակել է Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը, պրոֆեսոր, միջազգային իրավունքի դոկտոր Յուրի Բարսեղովի խմբագրմամբ եւ մեկնաբանություններով:

Ռուսաստանի հայերի միությանը կից գործող Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի այս հրատարակությունը դեռեւս առաջին հատորն է, եւ ինչպես նշեց ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, որոշակի առումով շարունակությունն է ՌՀմ գործունեության մեջ այնպիսի կարեւոր մի ուղղության, ինչպիսին ղարաբաղյան խնդիրն է, իսկ դրանից առաջ` նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու քայլերն են:

Արա Աբրահամյանը հիշեցրեց Յուրի Բարսեղովի խմբագրմամբ արդեն իսկ հրատարակված եռահատորյակի մասին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության իրավական ու փաստաթղթային դրսեւորումներին, որոնցից շատերն առաջին անգամ հանրամատչելի են դարձել հենց այդ աշխատության մեջ տեղ գտնելու շնորհիվ:

Ըստ Աբրահամյանի, ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի հրապարակված եռահատորյակը արժանի գնահատականի չարժանացավ Հայաստանում: Բայց հույս հայտնեց, որ դրա գնահատականը կտան միջազգային իրավունքի մասնագետներն ու իրավաբանները:

Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի հարցի իրավական կողմին վերաբերող նոր հրատարակությունը, ըստ Աբրահամյանի, պարզ է դարձնում Ղարաբաղի հարցի իրավական լուծման դեպքում հայանպաստ լինելու հանգամանքը:

Ինչպես ցեղասպանության խնդրին նվիրված աշխատությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթերի ժողովածուն կլինի եռահատոր աշխատություն, որի երկու հատորները նվիրված են փաստաթղթերին, իսկ վերջին հատորում տեղ կգտնեն առաջատար մասնագետների մեկնաբանություններն ու եզրակացությունները:

Հետաքրքրական է, որ ժողովածուն ներառում է նաեւ այնպիսի փաստաթղթեր, որոնք ներկայացնում են մեր պատմական սխալները, այնպիսի պահեր, երբ հայ ժողովրդի համար բնավ էլ ոչ դրական որակներ են ի հայտ եկել:

Ասուլիսի ավարտին Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրականությանը, մասնավորապես, ընտրական գործընթացներին: Ըստ այդմ, սփյուռքում ակնկալիքներ կան հայաստանյան իշխանություններից, քանի որ առանց Հայաստանի հայության ինքնության պահպանումն անհնար է: Իսկ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն, ըստ Աբրահամյանի, պետք է հստակ պատկերացնեն, որ հետընտրական շրջան եւս լինելու է:

Կոնգրեսի նախագահի խոսքերով, հայաստանյան մամուլին ծանոթանալիս տպավորություն է ստանում, թե ինչ-որ վատ բան է տեղի ունենալու: Մինչդեռ այդ բացասական տրամադրվածությամբ անորոշությունը, ըստ Աբրահամյանի, օգուտ չի բերում հայ ժողովրդին:

Ինչ վերաբերում է ընտրություններին որեւէ ուժի աջակցելուն, ապա ամենից առաջ Արա Աբրահամյանը շեշտեց, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ մասնակից չէ հայաստանյան ընտրություններին: Ամեն դեպքում, Ռուսաստանում բնակվում են Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց Ռուսաստանի հայերի միությունն առաջարկել է ընտրություններին մասնակցության դեպքում ընտրությունը կատարել այնպես, ինչպես հարմար են գտնում:

Բայց Աբրահամյանի կարծիքով, բոլոր պրոֆեսիոնալ թեկնածուներից ավելի լավ ճանաչում է Սերժ Սարգսյանին, ում հետ աշխատանքային համագործակցությունը եւս խոսում է այս թեկնածուի օգտին: Հատկապես որ Սերժ Սարգսյանը հետեւողական է Ռուսաստանի հանդեպ իր մոտեցումներում: Արա Աբրահամյանը նշեց, որ ամեն դեպքում, ակնկալիքներ կան նոր նախագահից` անկախ անձից: Իսկ ընտրությունների հիմնական խնդիրը մնում է դրանք թափանցիկ, արդար եւ խաղաղ անցկացնելը:

Փաստաթղթերի ժողովածուն` «ծանր զենք» ի լրումն ղարաբաղյան հարցի իրավական զինանոցի

Գիտությունների ազգային ակադեմիայում «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը վարչապետ Սերժ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Հայաստանի եւ ԼՂ կառավարության անդամների մասնակցությամբ, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը սկսեց այն շեշտադրմամբ, որ սփյուռքում ղարաբաղյան հարցը համախմբման մի քանի կարեւորագույն խնդիրներից մեկն է` ի շարս ցեղասպանության ճանաչման գործընթացի եւ հայ ինքնության պահպանման:

Հիմնականում ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս: Փաստաթղթերի հիշյալ ժողովածուն ապացուցում է մշտապես գոյություն ունեցած այն խնդրի իսկությունը, որ Արցախը Ադրբեջանի մաս չի եղել եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջնահանգույցը կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ճանաչումը:

Արա Աբրահամյանն անդրադարձավ նաեւ մեզանում տարածված ղարաբաղցի-հայաստանցի մոտեցման բացասական հետեւանքներին, ինչով հրճվում են ադրբեջանցիներն ու հարեւան Թուրքիան: Մինչդեռ, ըստ Աբրահամյանի, պետք է միավորվել եւ օգտագործել բոլոր հնարավորությունները` լուծելու ղարաբաղյան հարցը:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը փաստաթղթերի ժողովածուն բացառիկ որակեց, քանի որ Յուրի Բարսեղովի խմբագրմամբ փաստաթղթերը դասավորված են այնպիսի հաջորդագրությամբ, ինչը հնարավորություն է տալիս հետեւելու ղարաբաղյան խնդրի ընթացքին: Ըստ ակադեմիայի նախագահի, ժողովածուն լայն հասարակայնության համար է նախատեսված եւ դրանից կարող են օգտվել բոլորը:

ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն իր հերթին նշեց Յուրի Բարսեղովի աշխատությունների նշանակությունը միջազգային իրավունքի եւ դիվանագիտության պատմության, քաղաքագիտության հարցերում: Ըստ Կիրակոսյանի, ժողովածուն իրապես կարելի է համարել ֆունդամենտալ, որն ունի կիրառական նշանակություն առաջին հերթին հենց արտգործնախարարության համար: Շնորհակալություն հայտնելով հրատարակիչներին` ՀՀ ԱԳ փոխնախարարը նշեց, որ միայն հրատարակումը բավարար չէ, այլ կարիք կա նաեւ այդ ժողովածուն թարգմանելու, ինչպես նաեւ այլ երկրներում ներկայացնելու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, ՌՀՄ հրատարակած այս ժողովածուն հայի արժանապատվությունը պահող զենք է, ի թիվս այլ միջոցների, յուրօրինակ զենք, որը պարտավոր են կիրառել սեփական գործունեության մեջ: Պետրոսյանն ընդգծեց նաեւ, որ ներկա դրությամբ մեր տարածաշրջանը բավականին բարդ վիճակում է եւ Լեռնային Ղարաբաղում ուշադիր են, մասնավորապես հայաստանյան ընտրությունների նկատմամբ եւ մտահոգ են, որ դրանք դուրս չգան քաղաքակիրթ ձեւերից:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ընդգծեց ժողովածուի պատմաիրավական մոտեցման կարեւորությունը, առանձնահատուկ կարեւորելով, որ հատկապես լրատվամիջոցներում չլինեն «Հայաստան եւ Արցախ» որակումներ այն դեպքում, երբ ավելի տեղին են «Հայաստանի Հանրապետություն» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումները, քանի որ Արցախը Հայաստան է, բայց, ցավոք, Հայաստանի Հանրապետություն չէ:

ՀՀԿ եւ ՌՀՄ մրցանակները գրողներին ու լրագրողներին... եւ ոչ միայն

Երեկվա միջոցառման եւս մեկ հատված նվիրված էր դեռեւս 2007 թվականին հայտարարված «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխությանը: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Գրողների միության համատեղ մրցույթն էր, որի նախաձեռնողը, ինչպես հայտարարեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, եղել է Արա Աբրահամյանը: Մրցույթի նպատակը ժամանակակից հայ արձակը խթանելն ու գրողին ստեղծագործական նոր լիցք հաղորդելն է:

Անանյանն ընդգծեց մրցույթի մի քանի բնորոշիչներ: Ամենից առաջ դա թեմայի արդիականությունն է, այնպիսի գրական արժեքների ստեղծումը, որոնք ուղղված են 21-րդ դարի նոր սերնդին: Եվս մեկ տարբերիչ որակ էր մրցանակաբաշխության խթանիչ դերը հատկապես արձակի ոլորտում, քանի որ վերջին ժամանակներս հիմնական մրցանակները պոեզիայի ոլորտին են տրվում:

Ըստ Գրողների միության նախագահի, հենց այս խթանիչ ուժի շնորհիվ 7 նոր վեպ է գրվել, որոնք բոլորն էլ արժեքավոր գործեր են: Անանյանն ընդգծեց նաեւ մրցանակաբաշխության ֆինանսական բովանդակությունը: Արա Աբրահամյանը սահմանել է առաջին մրցանակի համար 10000, երկրորդին` 5000, երրորդին` 3000 դոլարի չափով պարգեւներ:

Այսպիսով, ժյուրիի որոշմամբ, առաջին մրցանակին էր արժանացել Գրիգոր Ջանիկյանի «Եռաբլուր» վեպը: Երկրորդ մրցանակը ստացել էր Էդվարդ Միլիտոնյանըՙ «Հայոց արեւակենտրոն կնիքը» վեպի համար, իսկ երրորդ մրցանակով պարգեւատրվեց Ղուկաս Սիրունյանը, Անանյանի խոսքերով, իր այլաբանական վեպի համար:

Մրցանակաբաշխության անցավ նաեւ Հայաստանի ժուռնալիստների միությունը, որը եւս, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ հայտարարել էր «Հայրենիք-սփյուռք, սփյուռք -սփյուռք աշխարհի հետՙ մեր ինքնությամբ» լրագրողական աշխատանքների մրցույթ: Միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի խոսքերով, Արա Աբրահամյանը շարունակում է, երեւի, իրենից անկախ գրել իր կենսագրությունը` ազգանվեր գործունեությամբ: Ու չնայած լրագրողին ավելի շատ քննադատում են, քան պարգեւատրում, Գեւորգյանը ներկայացրեց այս մրցույթի մրցանակակիրներին:

Ըստ այդմ, հատուկ մրցանակին հետմահու արժանացել է Գառնիկ Անանյանը: Առաջին մրցանակը ստացել էր Ջուլիետ Կաժոյանը` «Ծննդավայր» հեռուստաշարքի համար: Երկրորդ մրցանակը քննող հանձնաժողովը բաժին էր հանել Թուրքիայի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանին: Երրորդ մրցանակին արժանացել էին մի քանիսը, մասնավորապես, «Կոտայք» թերթի խմբագիր Խիկար Գեղամյանը, «Նոյեւ կովչեգ» թերթը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը եւ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Հայկարամ Նահապետյանը:

Մրցանակաբաշխությանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդհանրացրեց ասվածն ու հորդորեց նոր նախաձեռնություններով հանդես գալ: Իսկ ԱԺ կրթության, գիտության հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն, իր հերթին ընդգծեց, որ եթե Արա Աբրահամյանը միայն օժանդակեր «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի հրատարակմանը, արդեն իսկ կմնար պատմության մեջ: Հակոբյանն առաջարկեց մրցանակաբաշխության ոլորտներին ավելացնել գիտությունը, երաժշտությունը, կինոն եւ այլն:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն հենց այդ պահին տեղեկացրեց, որ գիտության ոլորտում նմանօրինակ մրցույթի առնչությամբ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահի հետ:

ՌՀՄ «Ոսկե խաչ» շքանշան Սերժ Սարգսյանին եւ «Արծաթե խաչ»` Ռոբերտ Ամիրխանյանին

Ռուսաստանի հայ համայնքի մշակութակրթական եւ հոգեւոր զարգացման ու Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում մատուցած մեծ ծառայությունների համար Արա Աբրահամյանը Ռոբերտ Ամիրխանյանին հանձնեց Ռուսաստանի հայերի միության «Արծաթե խաչ» շքանշանը:

ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Աբրահամյանը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտական, մշակութակրթական եւ հոգեւոր կապերի ամրապնդման եւ զարգացման գործում բացառիկ ավանդի համար Սերժ Սարգսյանին հանձնեց Ռուսաստանի հայերի միության բարձրագույն պարգեւ «Ոսկե խաչ» շքանշանը:

Խոսելով ընտրություններից` հիշատակեց Սերժ Սարգսյանի հետ համագործակցության արդյունավետությունն ու հույս հայտնեց, որ սփյուռքի ներուժն ավելի լավ կօգտագործվի ի բարօրություն Հայաստանի:

Իր խոսքում վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, թե իր համար ամենածանր պահերն իր ներկայությամբ իր անձին ուղղված դրական խոսքեր լսելն են: Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` Սարգսյանն ասաց, որ Արա Աբրահամյանի հետ միասին եւս կարող են օգտագործել սփյուռքի ներուժը` ի շահ հայ ժողովրդի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4