Հավաստիացրեց Ներսես Երիցյանը
Տնտեսական լրագրողների ակումբի երեկվա հյուրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էր: Երկրի նախագահի թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք ակումբում ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրի տնտեսությանն առնչվող մասը: Ներսես Երիցյանը երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին, որն ընկած է կառավարության ծրագրերի հիմքում:
Վերոնշյալ ծրագրերում ռազմավարական բնույթի գերակայություններն են գիտելիքահենք տնտեսության կայացումը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը եւ նրա դերի բարձրացումը, տարածքային համաչափ զարգացումը, մրցունակության բարձրացումը եւ այլն: Ի տարբերություն այլ թեկնածուների, Սերժ Սարգսյանի ծրագիրը հիմնված է իրատեսական ցուցանիշների վրա եւ ունի լավ պատմություն: Իր ասածը հասկանալի դարձնելու համար, նախարարը հետեւյալ համեմատությունն արեց. երբ բանկ են ներկայանում երկու մարդ եւ ծրագիր ներկայացնում, բանկերն ընդունում են այն ծրագիրը, որն ունի պատմություն, իսկ որը չունի, չի էլ քննարկվում: Այսինքն, բանկերը ռիսկային են համարում այդպիսի ծրագրերը, եթե դրանց մեջ չկան նորարարություններ: Այն դիտարկմանը, թե թեկնածուների մեջ կան նաեւ վարկային պատմություններ ունեցող, այսինքնՙ նախկինում երկրի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք, Ներսես Երիցյանը պատասխանեց, որ բանկի հաճախորդները կարող են լինել նաեւ վատ վարկային պատմություն ունեցողներ:
Ըստ նախարարի, Սերժ Սարգսյանի ծրագրում տնտեսական ոլորտի խնդիրներին տրվում են երկարաժամկետ, իրատեսական եւ հավակնոտ լուծումներ: Դրանցում կա կոնկրետություն: Օրինակՙ տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգը, որը ոլորտի ներկայացուցիչների հավանությանն է արժանացել, նրանք պատրաստ են մասնակցելու դրան եւ ներդրումներ կատարելու: Այստեղ ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ճյուղ են համարվում, այլեւ խնդիր է դրվում տեղեկատվական հասարակարգ ստեղծել: Նույն հավակնոտ ծրագրերն են ընդգրկված նաեւ զբոսաշրջության հայեցակարգում, որի մանրամասները նույն օրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրեց կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախատեսվում է ստեղծել հանքարդյունաբերության եւ քիմիական արդյունաբերության կլաստեր, որի նպատակն է այս ոլորտների եւ նրանց հետ նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի համագործակցության օղակ ստեղծել, որ հնարավորինս արդյունավետ արտադրանք թողարկենք եւ ներգրավվենք համաշխարհային տնտեսության մեջ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի վերաբերյալ կարծիք հայտնելու մասին տրված հարցին Ներսես Երիցյանը պատասխանեց, որ ինքը նախընտրում է ոչ թե հետ նայել, այլ առաջ: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ծրագիրն ավելի պահպանողական է եւ իրատեսական, բայց ունի լուրջ հավակնություններ: Միաժամանակ, նախարարի համոզմամբ, ավելիին ենք հասնելու, քան նախատեսված է: Խոսելով նախընտրական ծրագրերի մասին, Ներսես Երիցյանը նկատեց, որ պոպուլիզմը սկսում է գերակշռել եւ շատ հաճախ ներկայացնել վաղուց արդեն իրականացվող ծրագրերը որպես ինչ-որ «նոր եւ չեղած բաներ»:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը նաեւ նշեց, որ ներքին շուկան պաշտպանելու եւ արտահանումը խրախուսելու համար պետք է արտադրողականության բարձրացման քաղաքականություն իրականացվի բարձր մակարդակ ունեցող ընկերությունների նկատմամբ, իսկ ստանդարտները պետք է բարձրացվեն մինչեւ եվրոպական ստանդարտների մակարդակին, որպեսզի անորակ ապրանքներ Հայաստան չմտնեն: Միաժամանակ, արտաքին եւ մասնավորապես ռուսական շուկա ապրանքներ արտահանելու համար պետք է կարողանանք ապահովել մշտական առաջարկ, էներգախնայողություն եւ ծախսերը նվազեցնող տեխնոլոգիաներ: Այդ դեպքում հնարավոր է առնվազն մինչեւ 30 տոկոսով նվազեցնել ծախսերը եւ այդպիսով, օրինակՙ տրանսպորտային ծախսերը ծածկել:
Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշներին անդրադառնալով, նախարարը նշեց, որ դրանք որակական փոփոխություններ են կրելՙ արտահանումը դիվերսիֆիկացվել է, այսինքնՙ նվազեցվել է կախումը մեկ ճյուղից, իսկ ներմուծման մեջ ավելացել է տեխնոլոգիաների ներմուծումը: Ներսես Երիցյանը նաեւ նկատել տվեց, որ ներկայումս ներմուծումը գերազանցում է արտահանմանը 2 անգամ, 1998-ին այդ տարբերությունը 4-4,5 անգամ էր: Համենայն դեպս, նախարարի կանխատեսմամբ, առաջիկա 5 տարում արտահանման ծավալները, իրականացվող քաղաքականության արդյունքում էապես կավելանան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ