«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2008-02-12 | #27, 2008-02-13 | #28, 2008-02-14


«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»

Ասում է Վահան Հովհաննիսյանը

ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նախորդ օրը նա արդեն հանդիպել էր Ջրաշենի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի ընտրողների հետ: Իսկ երեկ նա եղավ Օձունում եւ Ալավերդիում: Օձունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն իր ելույթը սկսեց պատմական էքսկուրսով ու նշեց, որ օձունցիները երբեք բռնության չեն ենթարկվել, իսկ այսօր 4000 ընտրող ունեցող համայնքը վախեցած է: Օձունցին չպետք է մոռանա եւ ենթարկվի ինչ-որ մեկի ճնշումներին: «Այս վիճակին, որ հասել ենք, մի քիչ էլ մենք ենք մեղավոր, ինչ-որ տեղ նաեւ մեր անտարբերության պատճառով է: Ճիշտ է, ճնշումներ լինում են, բայց վախենալ պետք չէ»: Իր ընտրողներին թեկնածուն կոչ արեց չսխալվել ընտրության մեջ. «Երկու ծայրահեղությունների բախումը կարող է վտանգավոր իրավիճակ առաջացնել, քանի որ հին իշխանությունները իրենց դիրքը վերականգնելու համար պատրաստ են այդ բախումներին, իսկ նոր ուժը չունի դիրք պահպանելու, դրա համար էլ ճնշելով, վախեցնելով` փորձում է հաջողության հասնել... Մենք պետք է մեր երկրում տեր կանգնենք մեր ազատությանը, որպեսզի որեւէ այլ մակարդակի չինովնիկ գյուղացուն եւ քաղաքացուն չկարողանա հրահանգներ իջեցնել ում միտինգին գնալ, ումին` չգնալ, ում քվեարկել, ում չքվեարկել», զայրացած ասաց թեկնածուն ու մի քանի պատգամ փոխանցելով, վրդովված շտապեց Ալավերդիի ընտրողների հետ հանդիպման:

Լոռու մարզ այցը ամփոփվեց Ալավերդու Սայաթ-Նովայի անվան հրապարակում, որտեղ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը խոսեց իրեն անհանգստացնող հարցերի շուրջ ու նշեց. «Այսօր գաղափարական մրցակցությունը, գաղափարական բանավեճը, այն, ինչ մենք մեկ ամիս կոչ էինք անում բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին միանալ ու մտնել այդ տեսակի պայքարի մեջ, փոխարինվում է ավելի ու ավելի ժողովրդին գրգռելով, հավելյալ, անհարկի լարումներ ստեղծելով: Մենք տեսնում ենք, թե ինչպես երկու արդեն լուսանցքային ուժեր փոխադարձ մեղադրանքների տարափ են տեղում եւ «սեւ փիարի» գործընթաց վարում, որը մեզ համար ընդունելի չէ: Մի կողմից հին իշխանությունը` ՀՀՇ-ն, ավելի ու ավելի ագրեսիվ դառնալով, ավելի արյունարբու կոչեր անելով, ժողովրդի մեջ ատելության ալիք բարձրացնելով, փորձում է նորից նվաճել կորցրած դիրքերը: Դաշնակցությունը ունի հակառակորդներ, բայց թշնամիներ չունի եւ ոչ մեկին թույլ չի տա թշնամություն սերմանել ժողովրդի մեջ»:

Թեկնածուն նշեց, որ թեեւ երկրի զարգացման մեջ տեսնում է առաջընթաց, սակայն մարզերը տասնյակ տարիներով հետ են մնում Երեւանից: «Ժողովուրդը պետք է երկրի զարգացման մեջ իր, ձեր լեզվով ասած, փայն ունենա եւ այդ փայը ես ձեզ կվերադարձնեմ», ասաց Վահան Հովհաննիսյանը եւ կոչ արեց չխաբվել «պոպուլիստական լաչառությամբ»:

Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ համաձայնագիր էր կնքել 235.000 ընտրող: «Ազգի» հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը ասաց. «Իմ մասին լուրեր են տարածվում, թե իբր այլ թեկնածուի շահերը պաշտպանելու համար եմ սեփական թեկնածությունս առաջադրել, սա նենգ սուտ է: Ես վստահաբար գնում եմ հաղթանակի, եւ ոչ ոք ինձ ոչինչ չի պարտադրել: Ոչ մի կեղտոտ խաղի մեջ ես չկամ»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4