Վերջերս մահացած «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդու ծեծը երեկ դատապարտել է «Ժառանգություն» կուսակցությունը: Բռնարարքն իրականացնողներին քննադատելով` կուսակցությունը տարածած հայտարարությամբ կոչ է անում վերջ տալ այդ խայտառակ գործելաոճին:
«Այդ քստմնելի եղելությունը, հասկանալի է, քաղաքական ենթատեքստ ունի: Ինչպես հայտնի է, Քրիստ Գասպարյանը ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանի որդին է, իսկ նրա եղբայրը Քանաքեռ-Զեյթուն համայնքում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավարն է», ասվում է «Ժառանգության» հայտարարության մեջ: Տեղեկացվում է նաեւ, որ Քրիստ Գասպարյանը Զեյթունի թաղապետարանին կից «Սանմաքրում» ՓԲԸ տնօրենն է:
Նախօրեին մոտ 20 հոգի ներխուժել է «Սանմաքրում» ՓԲԸ տնօրեն Քրիստ Գասպարյանի աշխատասենյակ եւ հարձակվել նրա վրա, վնասվածքներ պատճառել:
Գ. Գ.