«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2008-02-12 | #27, 2008-02-13 | #28, 2008-02-14


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՆՈՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իր նախորդ ահազանգին իրավապահներն օպերատիվ արձագանքել են

ԱԺ պատգամավոր, ՕԵԿ Գյումրու մարզային կառույցի եւ Արթուր Բաղդասարյանի տեղական նախընտրական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մարգարյանը դեռ հունվարի 31-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրել էր մամուլի ասուլիս` ահազանգելով տեղի գործարարների նկատմամբ Գյումրու հարկային տեսչության կողմից կիրառվող նախընտրական պարտադրանքի մասին, որպես փաստարկ ներկայացնելով տպագիր մի ձեւաթղթի պատճենը: Փետրվարի 12-ին նույնպիսի առիթով հրավիրած ասուլիսում պատգամավորը նախ շնորհակալություն հայտնեց ներկա լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնց հրապարակումներին, մասնավորապես «Ազգի» հրապարակմանը, իր հավաստմամբ, օպերատիվ արձագանքել են իրավապահ մարմինները, եւ դա իր դրական ազդեցությունն ունեցել է:

Այս անգամ, ինչպես նշեց Հովհ. Մարգարյանը, իրեն հայտնի է դարձել, որ արդեն տեւական ժամանակ նման պարտադրանք է կիրառվում «Շիրակջրմուղկոյուղու» Գյումրու մասնաճյուղի հարյուրավոր աշխատակիցների նկատմամբ: Նրանց պարտադրում են ամսի 19-ի առավոտյան գալ ձեռնարկություն, բերել ցուցակներ իրենց ընտանիքներով, հարազատներով, եւ տրամադրվող մեքենաներով գնալ քվեարկության, քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Կոլեկտիվից եղել են մարդիկ, ովքեր հրաժարվել են այս հարկադրանքին ենթարկվելուց: Հ. Մարգարյանը ներկայացրեց երկու աշխատակիցների աշխատանքից ազատման հրամանները, որը, ըստ նաեւ եղած վկայությունների, պարտադրանքից հրաժարվելու արդյունք է: Պատգամավորը իրավապահներին կոչ արեց այս անգամ եւս ստուգել նույն ամսաթվով այդ եւ ուրիշ աշխատողների աշխատանքից ազատման հիմնավորվածությունը, ինչը թույլ կտա պարզել իսկությունը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4