Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի սրահում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկները փետրվարի 14-ին կտեղափոխվեն տարածքային ընտրահանձնաժողովներ: Բախչագուլյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ այժմ տպագրվել է 1 միլիոն 500 հազար քվեաթերթիկ: «Մինչ օրս ԿԸՀ-ն ստացել է 23 դիմում-բողոք, որոնք, ընտրական օրենսգրքի կետերին համապատասխան, քննարկվել են ԿԸՀ նիստում: Քննարկման փուլում են 4 դիմումներ, եւ այն դիմումներին է պատասխան տրվում, որոնք ստորագրում են ԿԸՀ առնվազն 5 անդամների: ԿԸՀ ուղարկված դիմում-բողոքները արդեն տեղադրված են ինտերնետ կայքէջում», ասաց Բախչագուլյանը:
Բախչագուլյանը անդրադարձավ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանի դիմում-բողոքին, որտեղ տիկին Բիշարյանը առաջարկում է ԿԸՀ-ին շրջանցել օրենսգիրքը եւ այլ ձեւով կազմել ընտրական ցուցակները` ներառելով անձնագրերի կոդեր. «Դա նշանակում է խախտել օրենսգիրքը: Տիկին Բիշարյանը իր դիմումում կոչ է արել ՀՀ ընտրողներին, ՀՀ քաղաքացիներին եւ նախագահի թեկնածուներինՙ կազմակերպել վերահսկողություն քվեաթերթիկների պատրաստման եւ թողարկման համար: Մի քանի օր առաջ լրագրողներն ականատես եղան քվեաթերթիկների պատրաստման հատային տարբերակին եւ դրանք թափանցիկ էին: Յուրաքանչյուր թեկնածու, դիտորդական կազմակերպություն կարող է հերթափոխ սահմանել` հետեւելու ամբողջ գործընթացին»:
Վերջում Աբրահամ Բախչագուլյանը հայտնեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, IFES կազմակերպության դասախոսների շնորհիվ, ընտրական հանձնաժողովի 15354 անդամների վերապատրաստման դասընթացներն ավարտվել են:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ