Քանդակածավալի կենդանի տրոփյունը
Արա Շիրազի անունն ու վաստակը արդեն չորս տասնամյակից ավելի ընկալվում է որպես հայ արձանագործության նվաճումՙ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, ազգային ֆենոմենի յուրացումներով, նյութի հաղթահարման աննման հմտությամբ, դասական եւ արդիական սկզբունքների օրգանական համադրումներով, մեր դրամատիկ եւ հակասական ժամանակների գեղարվեստական արտացոլումներով: Քանդակագործի սլացիկության իդեալը, անկախ թեմայից եւ ժանրային տեսակից, կենդանի տրոփող ծավալն էՙ ստատիկ եւ դինամիկ համադրումներով եւ հակադրություններով, ներքին լարվածության էներգետիկ դաշտով, մարդակենտրոն ուղղվածությամբ: Գրականագիտական եզրաբանությամբ արտահայտված ֆանտաստիկ ռեալիզմից մինչեւ վերացականության սահմանները քանդակագործը ծավալվում է անսովոր թեթեւությամբ, սակայն հիմքում, էության մեջ մարդու եւ բնության ներկայությունն է, նյութը շնչավորող եւ ոգեղենի սահմաններին ձգտող նպատակամիտումը:
Քանդակագործի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին ներկայացվող թվով յոթ աշխատանքները վերջին տարիներին ստեղծված ընտրանին է, որոնք լավագույնս ներկայացնում են արվեստագետի եւ մարդու ոգորումներն ու արարումներըՙ բարձր արտահայտչականությամբ եւ զուգահեռներով հարուստ բովանդակությամբ:
Պարույր Սեւակ բանաստեղծի եւ մարդու կերպարը տարիներ շարունակ կարծես հետապնդում է քանդակագործինՙ նրա ներքին տվայտանքներով ու ճշմարիտ խռովքով: Տարբեր տարիներին ստեղծված բանաստեղծի հրաշալի դիմաքանդակներն ու համանուն դպրոցին կից հուշարձանը կարծես թե պիտի բավարարեր արվեստագետի ներքին պահանջները, սակայն նոր, ընդհանրական կերպար ստեղծելու ցանկությունը նրան հանգեցնում է մի նոր հորինվածքային տարբերակիՙ «Զանգակատուն անլռելի» (2007 թ.) անվանումով: Բանաստեղծը, մարդը, նրա ողբերգական ճակատագիրը ամբողջանում են հավերժական զանգի, տարափոխիկ մակույկի խորհրդանշաններովՙ ներկան եւ ապագան կանխագուշակող իմաստային նշանաձեւերով: Ի միջիայլոց, Երեւանի քաղաքապետարանի ղեկավարության ցանկության դեպքում մոնումենտալ արձանի այս նախակերպարը կարող էր զարդարել մայրաքաղաքի որեւէ գողտրիկ անկյուն կամ պուրակ:
Երկնքի կապույտին հասնող հայոց լեռների բնույթն ու կառուցվածքը քանդակագործի կողմից դիտվել է ոչ միայն իբրեւ բնապատկեր, այլ նաեւ խորը բովանդակությամբ ձեւակառուցվածք, արխիտեկտոնիկա: Սակայն Մասիսներին նա անդրադարձել է մի շարք անգամներՙ նրանց ներառելով հորինվածքային դաշտում (խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանի բարձրաքանդակը Երգչախմբային ընկերության մուտքի պատին): Ազատ, պայմանականորեն կերպավորված Մասիսը, ինչպես նաեւ սուրբ լեռան գագաթին կիսավեր եկեղեցու «տեսիլքը» եզրափակվում են հեռուներին ձգտող արագիլով, որոնց ամբողջությունը ցնցող եղերերգի է վերածվումՙ որպես Կոմիտասյան «Անտունի» («Հեռացող կռունկ», 2006 թ.):
Դերենիկ Դեմիրճյանի հանրահայտ «Հայր» գրվածքի լեռներին սովոր ազատատենչ Արծիվը, որը խորհրդանշում է մեր ժողովրդի անկոտրում ուժը, քանդակագործի մեկնությամբ դաժան հողմերի է ենթարկվել, սակայն իր հոյակերտ, խրոխտ, բարձր երկնքին միտված նկարագիրը հայ ոգու խոյանքն է վերամարմնավորում:
Փոքր ձեւերի մեջ իմաստային բազմանշանակ խորքեր թափանցելու քանդակագործի ակնառու տաղանդի վկայությունն է «Պարանը, Ես, Գափոն եւ Նա - Աստված» (2005 թ.), մինիմալ միջոցներով արված հորինվածքը, իսկ Աստծո Որդու խաչյալ կերպարը ընդհանրացնող «Նիզակ, երեք մեխ, պարան» (2006 թ.) արտաքինից պարզ, բայց ներքուստ ցնցող, ողբերգական նկարագիր ունեցող այլաբանական կերտվածքը ոչ միայն գեղարվեստական գյուտ է, այլ մարդու դաժան ճակատագրի նշան-գաղափար:
Քանդակագործի ոճաձեւային սկզբունքների մեջ քիչ չեն վերացական կառուցվածքների եւ իրական կերպարների համադրումները, պայմանով, որ ընտրված թեման դառնա ավելի ակնառու, բովանդակությամբ հարստացած, միտք-զգացմունքների բարձր ռեգիստրներ հնչեցնելու նպատակադրումով: Այսպիսին է վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Սիփան Շիրազին (2700 թ.) նվիրված եղբոր հրաշալի աշխատանքը, միանգամայն անսովոր իր կառուցվածքով, սակայն ազդեցիկ եւ հարուստ ներքին բովանդակությամբ:
Ծանրակշիռ է մոնումենտալ քանդակագործության ասպարեզում Արա Շիրազի վաստակը (հուշարձաններ, մահարձաններ, հուշատախտակ-պատկերաքանդակներ), ուր առաջին հերթին նախապատվությունը տրվում է կերպարի հոգեկերտվածքի ճշմարտացիությանը, ոճի ամբողջականությանը, պարզ դիտողի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ: Այստեղ կեղծ եւ պաթետիկ ձեւախեղումները տեղ չունեն, քանզի ժողովրդի հավաքական ընկալումը առաջնային է դառնում քանդակագործի համար: Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Զորավար Անդրանիկի, Մհեր Մկրտչյանի եւ այլ հուշարձանները, Վիլյամ Սարոյանի, Հովհաննես Շիրազի եւ Սերգեյ Փարաջանովի մահարձանները կրելով խիստ անհատականության կնիք, այս սկզբունքի շրջանակներում են: Վկան 2005-ին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում տեղադրված Հովհաննես Շիրազի հոյակերտ մոնումենտալ արձանըՙ ստեղծված երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ:
Ժայռեղեն բեկորին ձուլված բանաստեղծի դինամիկ եւ ոգեշունչ կերպարը դիտողին է հանձնում իր գիրքը, ավանդելով նրան գրի հանդեպ երկյուղալի սեր, հավատ եւ նվիրում: Դեռ մեր հիշողության մեջ է վաղամեռիկ վարչապետի հուզումնալից ելույթըՙ իր խոսքի ջերմությամբ, հայրենի մշակույթի հանդեպ ունեցած անսահման սիրով:
Արա Շիրազի այս տպավորիչ քանդակաշարը արվեստի նվաճում լինելուց զատ մեր ժողովրդի անկոտրում ոգու սլացիկ վերամարմնավորումներն են, ժամանակի գեղարվեստական նորաշունչ վկայագրերը:
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ