ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 81-րդ տեղը: Չնայած դրան, հավաքականի վարկանիշը 3-ով նվազել է: Ի դեպ, ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Ռոտերդամում ընկերական մրցախաղում ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից կրկին ամենաբարձր վարկանիշն ունեն իսպանացիները, որոնք պահպանել են դիրքերը 4-րդ հորիզոնականում: Հաջորդը Թուրքիայի հավաքականն է, որը 2 տեղով նահանջել ու զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: 6 տեղով առաջադիմել է Բելգիայի ընտրանին, որն այժմ 43-րդ հորիզոնականում է: Բոսնիացիները 8 տեղով նահանջել են եւ զբաղեցնում են 59-րդ հորիզոնականը: Իսկ Էստոնիայի հավաքականը մեկ տեղով նահանջել է եւ գրավում է 125-րդ տեղը:
Ընդհանրապես, դասակարգման ցուցակում փոփոխություններն այնքան էլ զգալի չեն: Բացառություն են կազմում Աֆրիկայի ներկայացուցիչները, որոնց ցուցանիշների վրա զգալի ազդեցություն են ունեցել վերջերս ավարտված մայրցամաքի առաջնության արդյունքները: Այսպես, Աֆրիկայի գավաթը 6-րդ անգամ նվաճած Եգիպտոսի ընտրանին 6 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 29-րդ տեղը: Ամենամեծ առաջընթացն ունեցել է բրոնզե մրցանակակիր Գանայի հավաքականը, որը վարկանիշն ավելացրել է 330-ով եւ 29 տեղով բարձրացել է` զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: Իսկ ահա Հաիթիի հավաքականը նահանջել է 27, նիգերիացիները` 26 հորիզոնականով: 20 տեղով նահանջել է Տրինիդադ եւ Տոբագոյի ընտրանին:
Առաջատար տասնյակում ընդամենը մեկ փոփոխություն է կատարվել: Մեկ հորիզոնականով վեր բարձրանալով, հույները շրջանցել են խորվաթներին եւ եզրափակում են լավագույն տասնյակը, որի մնացած ինը հավաքականները պահպանել են դիրքերը: Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. Արգենտինա | 1518 |
2. Բրազիլիա | 1502 |
3. Իտալիա | 1484 |
4. Իսպանիա | 1352 |
5. Գերմանիա | 1281 |
6. Չեխիա | 1244 |
7. Ֆրանսիա | 1223 |
8. Պորտուգալիա | 1191 |
9. Հոլանդիա | 1179 |
10. Հունաստան | 1142 |
22. Ռուսաստան | 890 |
32. Ուկրաինա | 805 |
49. Մոլդովա | 602 |
55. Լիտվա | 575 |
62. Բելառուս | 530 |
68. Ուզբեկստան | 486 |
72. Լատվիա | 424 |
80. Վրաստան | 384 |
81. Հայաստան | 383 |
110. Ղազախստան | 295 |
122. Ադրբեջան | 250 |
125. Էստոնիա | 239 |
135. Թուրքմենստան | 192 |
137. Ղրղըզստան | 180 |
142. Տաջիկստան | 165 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ