Ռուսական, վրացական, թե՞ «բնական» հետք
Բրիտանական ոստիկանությունը երեկ հայտարարել է, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը վրացի օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու մահվան պատճառները «բնական են», այսինքն, ինչպես եւ հաղորդվել էր, սրտի կաթվածից: Քննության նախնական արդյունքներով եւ դիահերձումից հետո եզրակացություններով «դեռեւս հնարավոր չէ ենթադրել, թե մահվան պատճառն այլ է, բացի բնականից»: Բայց որեւէ հաստատուն եզրակացություն չի կարող լինել, քանի դեռ թունաբանական հետազոտություն չի կատարվել, որի արդյունքները հայտնի կլինեն մի քանի օրից:
Անգլիական Սարրեյ կոմսությունում գտնվող իր տանը մահացած 52-ամյա գործարարի մասին տեղեկությանը անմիջապես հետեւեց հայտարարությունը, թե դիակի վրա որեւէ ռադիացիոն հետք չի հայտնաբերվել: Այս ուսումնասիրությունն էլ ավելի շուտ անցկացվել է Ալեքսանդր Լիտվինենկոյի լոնդոնյան պատահարի տպավորությամբ:
Ամեն դեպքում, այս մահվան առնչությամբ միանշանակ որեւէ կարծիք դեռեւս չի արտահայտվել: Եվ այն ժամանակ, երբ վրացական իշխանությունները ցավակցություն են հայտնում հայտնի գործարարիՙ հունվարի 5-ի վրացական արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Բադրի Պատարկացիշվիլու հարազատներին, վրացական ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցիչները միանշանակ հայտարարում են մահվան կասկածելիության, ավելին, սպանության վարկածի հավանականության մասին:
Խնդիրն այն է, որ Պատարկացիշվիլին վրացական իրականության վերջին ամիսներին ոչ միայն նախագահի թեկնածու էր, որ քվեարկության արդյունքում 7,1 տոկոսով գրավեց երրորդ տեղը, այլեւ, ընդհանուր առմամբ, հիմնական ֆինանսական աղբյուրն էր դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի սկզբից սկսված ընդդիմադիր բացահայտ հակադրության ընթացքում:
Հետաքրքրական է, որ մահվան օրը Բադրի Պատարկացիշվիլին հանդիպել էր ազդեցիկ երկու բրիտանացիների եւ իր վաղեմի ընկեր Բորիս Բերեզովսկու հետ: Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր դատախազ լորդ Գոլդսմիթի հետ չորս ժամ տեւած հանդիպմանը, ըստ «Թայմսի», Պատարկացիշվիլին քննարկել է վրացական իշխանությունների հետ իր խնդիրները:
Հիշեցնենք, որ վրացի գործարարի շատ ընկերությունների աշխատանքը դադարեցված է Վրաստանում, ունեցվածքի որոշ մասը գտնվում է կալանքի տակ, իսկ հենց ինքը` Պատարկացիշվիլին հայտարարված է միջազգային հետախուզման մեջ` մեղադրվելով «պետական հեղաշրջում կազմակերպելու» համար:
Ինչ վերաբերում է Բերեզովսկուն, ապա նա ավելի ուշ միացել է լորդ Գոլդսմիթին եւ Պատարկացիշվիլուն, որից հետո հավաքված խումբը, էլի մի քանի անձանց հետ, դեռեւս տարբեր հարցեր է քննարկել եւս երկու ժամ: Այնուհետեւ նույն Բերեզովսկու աշխատանքային գրասենյակ այցելությունից եւ արդեն տանը ընթրելուց հետո Պատարկացիշվիլին կորցրել է գիտակցությունը: Առանց գիտակցության վերականգնման Պատարկացիշվիլին մահացել է` բժիշկների ներկայությամբ:
Բնականաբար, այս ամենում ռուսական «հետքի» մասին դժվար թե չխոսվեր, քանի որ պատմությունը կապված է վրացի գործարարի հետ, որի առնչությամբ մեկ անգամ չէ, որ վրացական իշխանությունները տարաբնույթ մեղադրանքներ են հնչեցրել: Մասնավորապես, Ռուսաստանում շատերն էին մատնանշում Պատարկացիշվիլու եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հակադրությունը: Ամեն դեպքում, Պատարկացիշվիլու անվտանգության հարցերով խորհրդական, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, որ հայտնի է նաեւ Լիտվինենկոյի գործի առնչությամբ, հայտարարել է, թե վաղուց էր խորհուրդ տալիս լուրջ վերաբերվել անվտանգության ապահովմանը, հատկապես նկատի ունենալով Սաակաշվիլու հետ տարաձայնությունները:
Ինքըՙ Պատարկացիշվիլին քանիցս հայտարարում էր, թե իր քաղաքական հակառակորդները ցանկանում են սպանել իրեն: «Ես 120 թիկնապահ ունեմ, բայց եւ գիտեմ, որ դա բավարար չէ», դեռեւս դեկտեմբեր ամսին Թբիլիսիում հայտարարել էր Պատարկացիշվիլին եւ ավելացրել. «Ենթադրում եմ, որ ինձ ուզում են սպանել»: Իսկ մի քանի շաբաթ առաջ, ըստ «Գարդիանի», Պատարկացիշվիլին հաստատապես նշել է, թե ծրագրվում է իր սպանությունը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ