«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2008-02-13 | #28, 2008-02-14 | #29, 2008-02-15


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԷՐ

Քարոզարշավի 25-րդ օրը ՀՀԿ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպումները շարունակեց Արարատի մարզում: Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ Սերժ Սերգսյանին դիմավորեցին աղ ու հացով, ավանդական դհոլ-զուռնայով ու մանկական խմբերի շուրջպարով: Թեկնածուն մտավ եկեղեցի, մասնակցեց Սուրբ պատարագին, մոմ վառեց:

Քիչ անց Սերժ Սարգսյանն Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ բարձրացավ հարթակ ու ողջունելով ներկաներին ասաց. «Ես վստահ եմ, որ դուք արդեն ծանոթ եք թեկնածուների ծրագրերին, եւ վստահ եմ, կներեք, որ այդ ծրագրերն ու հանդիպումները ձեզ ձանձրացրել են, որովհետեւ բոլոր թեկնածուները չեն, որ պահում են քաղաքական պայքարի նշաձողը, եւ բոլոր թեկնածուները չեն, որ պատասխանատվություն են զգում իրենց խոսքի իրագործման համար: Ես խնդրում եմ ձեզ, ձանձրանալով հանդերձ որոշ ելույթներից, ծրագրերից, անվստահություն ունենալով որոշ ծրագրերի, մարդկանց հանդեպ, երբեք մի կորցրեք ձեր վստահությունը մեր երկրի ապագայի հանդեպ, որովհետեւ մենք լավ հնարավորություններ ունենք այս ժամանակում մեր երկիրն առաջ տանելու եւ անկախ որեւէ բանից, անելու ենք դա»: Սերժ Սարգսյանը նշեց նաեւ, որ իրեն շատ բանում կարող են «մեղադրել», բայց երբեք իր տված խոստումը չի դրժել:

Հրաժեշտ տալով մարմարաշենցիներին, Սերժ Սարգսյանը շտապեց Փոքր Վեդիի ընտրողների հետ հանդիպմանը: Քիչ անց նա այցելեց Խոր Վիրապ եկեղեցի, մասնակցեց Տեառնընդառաջի առիթով Սուրբ պատարագին ու երիտասարդ զույգերի պսակի արարողությանը: Լուսառատ գյուղի նորապսակ զույգինՙ Գեւորգ Վարդանյանին եւ Նոնա Բաբայանին, Սերժ Սարգսյանը նվիրեց ոսկյա մատանի ու ծաղկեփունջ, մաղթելով նրանց ամենայն բարիք ու երջանկություն:

Եկեղեցու բակում թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպեց ու զրուցեց Եղեգնավան համայնքի ընտրողների հետ եւ շտապեց Տափերակ գյուղ, որտեղ նրան ջերմ ընդունելությամբ դիմավորեցին: Արարատի մարզի ընտրողների հանդիպումն իր վերջնակետն ունեցավ Արտաշատ քաղաքի մշակույթի տան մերձակա հրապարակում:

Արարատի մարզի բնակչությունը համախմբվել ու տոնում էր երկու տոնՙ ՀՀ նախագահի թեկնածուի այցը եւ Տեառնընդառաջը: Սերժ Սարգսյանը բազմահազար ընտրողներին շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու եւ հավատալու համար ու ավելացրեց. «Այս հանդիպումը պատասխանն է այն մարդկանց, ովքեր չեն կարողանում զսպել իրենց չարությունը, ովքեր այս նախընտրական փուլում չարություն են սերմանում, ովքեր ձեռնամուխ են եղել մի գործի, որի շարժառիթը չարությունն է, վրեժխնդրությունը»:

Թեկնածուն նշեց, որ ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարում է գիտակցաբար, ելնելով կոնկրետ թեկնածուի անցած ճանապարհից, նախկին գործունեությունից եւ ոչ թե նախընտրական հանդիպումներից, որը շատ թեկնածուներ չեն հասկանում ու դիմում են սադրանքների ու հաճախ արտահայտվում, որ ընտրողներին զոռով ու ստիպողաբար են բերում իր հանդիպումներին: Նա խնդրեց, որ եթե կան այդպիսի մարդիկ, կարող են գնալ: «Ես հասկանում եմ, որ խորտակվողը փրփուրներից է կախվում, նրանք նախանձում են մեր ակտիվությանը»:

Այնուհետեւ բեմահարթակ բարձրացան 30 զույգ նորապսակներ ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանի ձեռամբ կատարվեց Տեառնընդառաջիՙ նորապսակների օրհնության կարգը, որից հետո Սերժ Սարգսյանը, շնորհավորելով նորապսակներին, նրանց նվիրեց ծաղիկներ, ոսկե շղթա խաչով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4